Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ապագան մերն է». Արմինեի պատմությունը

 

enpard1-600x400Արմինե Մուրադյանը բնակվում է Լոռու մարզի Գարգառ գյուղում, որն ունի շուրջ 1000 բնակիչ: Ընտանիքում վեցն են. Արմինեն ապրում է ամուսնու, երկու որդիների, հարսի և թոռնիկի հետ: Կրտսեր որդին ներկայումս ծառայում է հայկական բանակում: 

 

«Մեր համայնքում մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և  բերքամշակմամբ: Գյուղի բնակիչների մի մասն աշխատում է գյուղապետարանում, դպրոցում և հարևան գյուղի զորամասում»,- ասում է Արմինեն: Համայնքում խոտհունձն ու հակեր պատրաստելը սովորաբար համարվում է տղամարդկանց աշխատանք, իսկ անասնապահությամբ և այգեգործությամբ հավասար կերպով զբաղվում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, հաճախ՝  նաև երիտասարդները: Չնայած  համայնքում առկա նման գենդերային ընկալումներին, Արմինեն, գյուղից մի քանի կին ֆերմերների հետ միասին, ձևավորել է բարձրարժեք բանջարեղենի արտադրության կոոպերատիվ, որը կոչում են «Ապագան մերն է»: Կանայք  փորձում են աճեցնել այնպիսի մշակաբույսեր, որոնք տարածված չեն տեղական շուկայում:

 

Ամեն ինչ սկսվեց հինգ տարի առաջ, երբ Արմինեի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ, գյուղի մի քանի կանայք որոշեցին աճեցնել ոչ ավանդական բանջարեղեն՝ ծնեբեկ, ռուկոլա, բրոկկոլի, որոնք բարձր գին և մեծ պահանջարկ ունեն Հայաստանի շուկայում: Սկիզբն այնքան էլ հեշտ չէր, բայց հետագա փորձը ցույց տվեց, որ ջանքերն ապարդյուն չեին եղել: Կանայք ինքնազբաղվածության հնարավորություն և եկամուտի լրացուցիչ փոքր աղբյուր ստեղծեցին իրենց համար, աստիճանաբար գրավեցին տարբեր ՀԿ-ների և իրենց փորձով հետաքրքրվող այլ ֆերմերների ուշադրությունը:

 

Արմինեն նշում է, որ իրենց համար ամենամեծ մարտահրավերներից մեկը եղել է ջերմոց ձեռք բերելը, որտեղ մշակաբույսերի սածիլները նախապես աճեցնելու հնարավորություն կունենային, որից հետո դրանք կտեղափոխեին բաց դաշտ` ընդլայնված մշակություն կազմակերպելու համար:  Ջերմոցի առկայությունը խիստ կարևոր էր նրանց համար` հաշվի առնելով Լոռվա մարզի անձրևոտ և համեմատաբար ցուրտ կլիման:

 

2015 թվականին Արմինեի խումբը դիմել է Հայաստանում Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի(ENPARD) «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչի բաց մրցույթին և դժվար մրցութային փուլն անցնելուց հետո, ի վերջո, ներգրավվել են ծրագրում որպես շահառուներ: Ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԶԾ (UNDP) և ՄԱԱԶԿ (UNIDO) Հայաստանյան գրասենյակների կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից, ներկայումս երկրում իրականացվող լայնածավալ գյուղատնտեսական  ծրագրերից մեկն է: Արմինեն և իր գործընկեր ֆերմերները կոոպերատիվի հիմնադրման, գործարար հմտությունների զարգացման վերաբերյալ դասընթացներ են անցել և մասնագետների աջակցությամբ մշակել են  իրենց բիզնես ծրագիրը:  «Նման ծրագրերը ընդլայնում են կանանց դերը ընտանիքում և հասարակությունում` նրանց դարձնելով ավելի ուժեղ և ինքնավստահ»,- նշում է Արմինեն: Ծրագրի աջակցությամբ 2016 թ. հունիսին կին ֆերմերներն արդեն իսկ բրոկկոլիի սերմեր էին ցանում  իրենց սեփական թունելային ջերմոցում, որն ապահովված է կաթիլային ոռոգման համակարգով: Հարյուրավոր պլաստիկ տարաներում աճող սածիլները հետագայում տեղափոխվեցին և վերատնկվեցին  մոտակա դաշտում, որպեսզի բույյսերն աճեն և  բերք տան:

 

Ամառվա վերջին Արմինեն արդեն ուրախությամբ լավ բերք է հավաքում, բայց նա համբերատար է և չի արագացնում իրադարձությունների ընթացքը. «Երբ մենք շուկա ունենանք, պետք է կարողանանք գնորդների համար ապահովել բրոկկոլիի բավարար քանակն ու համապատասխան պահանջները»: Չնայած Արմինեի ընտանիքի երիտասարդ ներկայացուցիչները չեն զբաղվում գյուղատնտեսությամբ, նրա ամուսինը մեծ աջակցություն է ցուցաբերում բերքահավաքի և բերքի վաճառքի հարցում:

 

Դանդաղ, բայց հաստատուն քայլերով, Արմինեն և իր թիմը պատրաստվում են զուգահեռաբար մշակել այլ արտադրանքներ իրենց բիզնեսի համար, օրինակ, բրոկկոլիից արտադրել մանկական կեր կամ աճեցնել այլ մշակաբույսեր:

 

Այս նախաձեռնող, իրենց ուժերի վրա վստահ և աշխատասեր կանայք ունեն հաջողության հասնելու համար բոլոր նախադրյալները, քանի որ համբերատարությամբ և նվիրվածությամբ հետևել են, որպեսզի իրենց աշխատանքի «սածիլներն» աճեն:

 

 

Աղբյուրը՝ UNDP in Armenia

Դիտումների քանակը` 2231

Վերադառնալ վերև