Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ստրկություն. երբ գլխավոր «հերոսները» կանայք են

Աշխարհում 45.8 մլն մարդ ապրում է ստրկության պայմաններում:

Սուսանն   աֆրոամերիկուհի է: Ապրում և «աշխատում» էր Սիդնեյում: Նա իր ողջ օրն անցկացնում էր «գործատուի» տունը մաքրելով, լվացք անելով, երեխաներին խնամելով: Վախենալով, որ աֆրոամերիկացի կնոջը կարող են տեսնել, տանտիրուհին ամեն շաբաթ նրան փակում էր տանը: Սուսանը (հերոսուհու անունը փոխված է) երբեք չէր մտածում, որ կարող է հայտնվել ստրկության մեջ:

 

«Ես կարող եմ ասել, որ դա սարսափելի էր: Ես փակված էի մնում տանը, երբ նրանք գնում էին: Սկզբում ես մտածեցի, միգուցե սխալվել են ու փակել են դուռը: Սակայն ոչ մի սխալ բան չկար, նրանք պարբերաբար փակում էին դուռն ինձ վրա»,-ավստրալիացի լրագրողին պատմել է կինը:

 

Նրան Աֆրիկայից Սիդնեյ է բերել ավստրալիացի գործատուն: Այստեղ հասնելուն պես նրա վերաբերմունքը կտրուկ փոխվել է: «Նա իր երեխաներին սովորեցնում էր, որ ես ոչ մի բան եմ: Նրանք վաղ առավոտյան բացում էին իմ դուռն ու կանչում. «Վեր կաց»»: Կինն աշխատել է օրական 18 ժամ, քնել ճաշասենյակի սեղանի տակ, երեք շնիկների կողքին: Նրան օրվա մեջ  ուտելու համար տալիս էին միայն բրինձ, իսկ անձնագիրը վերցրել էին ձեռքից: Կնոջ խոսքով, ինքն ընդհանրապես չգիտեր, թե որ քաղաքում, ինչ հասցեում է ապրում: Մի անգամ նա կարողացել է փախչել հարևանի տուն, նրան օգնել են, ոստիկանություն կանչել:

Ըստ վերջերս հրապարակած «Ստրկության գլոբալ ինդեքս» զեկույցի զեկույցի,  աշխարհում 45.8 մլն մարդ ապրում է ստրկության պայմաններում: Հեղինակները՝ ավստրալիացի  իրավապաշտպանները,  հետազոտություն են իրականացրել 25 երկրներում, որպես ստրկություն դիտարկելով հարկադիր աշխատանքը, մարդկային թրաֆիքինգը, պարտքի դիմաց գերությունը, երեխաների շահագործումը, հարկադիր ամուսնությունը: Ստրկության պայմաններում ապրող մարդկանց 60 տոկոսը բնակվում են հինգ երկրներում՝ Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ուզբեկստան:

 

 

«Ստրկությունը թույլատրվում է, քանի որ մենք չենք մտածում, որ նման բան կարող է պատահել: Օրինակ, երբ մենք հագուստի խանութ ենք գնում, երբեք չենք հարցնում, ինչպե՞ս է արտադրվում կտորը, կարվում հագուստը: Համոզվա՞ծ եք, որ այդ շղթայում չկա հարկադիր աշխատանք: Սրանք հարցեր են, որ մենք երբեք չենք տալիս: Մենք պարտվել ենք անտարբերությանը»,-նշում են զեկույցի հեղինակները:

 

 

Հնդկուհի Ջեսիկան  պատմում է,  12 տարեկանում արդեն բամբակ էր մանում Հնդկաստանի հարավային մասում գտնվող ֆաբրիկաներից մեկում, որից հետո արևմտյան բրենդային ու նորաձև հագուստ էին ստանում: Հիմա նա պայքարում է ոչ միայն առողջական խնդիրների լուծման, այլև տարիներով խոստացած ու չվճարված գումարները ստանալու համար:  Ջեսիկայի պատմությունը շատ նման է 300 հազար երիտասարդ կանանց պատմությանը, ում աշխատացրել են Հնդկաստանի հարավային մասում գտնվող՝ Թամիլ Նադու նահանգում: Նրանց անընդհատ խոստանում էին վճարել, փոխարենն անընդհատ շահագործում էին: Այստեղ հիմնական աշխատողները աղքատ ընտանիքների երիտասարդ աղջիկներն են, որոնց խոստանում են աշխատանքի դիմաց օժիտով ապահովել: Ջեսիկան պատմել է, որ եթե ցանկանում էր միանվագ գումար ստանալ, ապա պետք է քներ վերակացուհի հետ:

 

 

«Գյուղերում ապրող աղքատ ընտանիքների ծնողներն ուրախությամբ համաձայնվում են, որպեսզի իրենց դուստերն աշխատի նման պայմաններում: Նրանք կարծում են՝ որ աղջիկներն այնտեղ պաշտպանված կլինեն, մինչդեռ կարող են նաև սեռական շահագործման ենթարկվել»,-  նշում են իրավապաշտպանները:

 

 

«Ստրկության գլոբալ ինդեքս» զեկույցի   համաձայն՝ ամանակակից ստրուկների քանակով առաջատարը Հնդկաստանն է, որտեղ 18,38 մլն մարդ շահագործման է ենթարկվում: Հնդկաստանին հաջորդում է Չինաստանը` 3,39 մլն մարդ, այնուհետև Պակիստանը` 2,13 մլն մարդ, Բանգլադեշը` 1,53 մլն մարդ, Ուզբեկստանը` 1,23 մլն:

 

 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ժամանակակից ստրուկների ընդհանուր թվով մեր երկիրը զբաղեցնում է 119-րդ հորիզոնականը` մոտավորապես 14.100 ցուցանիշով, ինչը կազմում է բնակչության 0.47 տոկոսը: Հայտնի է, որ նախորդ տարվա զեկույցում մեր երկրում արձանագրվել էր 10.500 ժամանակակից ստրուկ: Մինչդեռ հարևան Ռուսաստանը 1.048.500 մարդ ցուցանիշով զբաղեցնում է 7-րդ, Իրանը (495.300 մարդ)` 13-րդ, Թուրքիան (480.300 մարդ)` 14-րդ, Ադրբեջանը (45.000 մարդ)` 80-րդ, Վրաստանը (20.900 մարդ)` 105-րդ հորիզոնականը:

 

Նշենք, որ ժամանակակից ստրկության ձևերից են մարդկանց վաճառքը, աշխատանքային շահագործումը, օրինակ` մարմնավաճառությունը, մարդկային օրգանների վաճառքը, ինչպես նաև ցանկացած տեսակի փոխհարաբերությունները, որոնք խախտում են  մարդկանց համընդհանուր ազատության և հավասարության վերաբերյալ հիմնարար սկզբունքները:

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ովքեր են ենթարկվում աշխատանքային եւ սեռական թրաֆիքինգի Հայաստանում. զեկույց

 

 

 

Դիտումների քանակը` 2081

Վերադառնալ վերև