Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սրբուհի Գրիգորյան. «Դպրոցն իր սուրբ առաքելությունն ունի, ընտրությունների հետ պետք է գործ չունենա»

WomenNet.am-ի զրուցակիցն է  Սյունիքի մարզի թիվ 12 ընտրատարածքում  «Ելք » դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Սրբուհի Գրիգորյանը: Երկարամյա լրագրողը քաղաքանության մեջ է 2012-ից, երբ   Սիսան համայնքի ավագանու անդամ ընտրվեց,  անցյալ տարվա ՏԻՄ ընտրություններում մասնակցել էր  որպես համայնքի ղեկավարի թեկնածու:

 

Ո՞րն էր Ձեզ համար քաղաքականություն մտնելու շարժառիթը:

-Կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ կանանց  վերաբերմունքը   քաղաքականության  նկատմամբ  մի  քիչ փոխվել է ։ Դրան նպաստել են Սյունիքում գործող կանանց ռեսուրս կենտրոններն ու այն կանայք, ովքեր կարծրատիպեր կոտրելու առաջամարտիկներ են։ Կանայք հասկացան, որ ուզեն, թե չուզեն  բոլոր ոլորտներում քաղաքականություն կա. առողջապահության քաղաքականություն, կրթության քաղաքականություն։ Եվ ընտրություններին մասնակցելն ընդամենը  այդ  քաղաքականությունների տրամաբանական  շարունակությունն է:  Ես քաղաքականության մեջ մտա 2012- ին, երբ ընտրվեցի Սիսիանի համայնքի ավագանու անդամ։ Չորս տարիների ընթացքում էլ հասկացա, որ հենց սա է իմ ոլորտը։  2016-ին դարձա «Լուսավոր Հայատան» կուսակցության անդամ եւ  ձեռնոց նետեցի՝ առաջադրվելով  համայնքի ղեկավարի  թեկնածու:  Ու  թեպետ չընտրվեցի քաղաքապետի պաշտոնում , սակայն , կարծում եմ, միանշանակ փոխեցի ընտրողների այն  վերաբերմունքը, որ միայն տղամարդը  կարող է լինել  համայնքի  ղեկավար:  Պատգամավոր դառնալու մասին երբևէ չէի մտածել։ Բայց մեր ԱԺ նիստերը նայում եք…Մենք ԱԺ պատգամավորներ ենք ունեցել, որոնց ժողովուրդն անվանում է «արձան»…Անցած ԱԺ ընտրություններին սիսիանցիների ճնշող մասը պայքարում էր Թաթուլ Հակոբյանի համար։ Ես էլ էի կարծում, որ Հակոբյանն ամենաարժանի թեկնածուն էր։ Մտածում էի, որ մենք վերջապես աշխատող պատգամավոր կունենանք, բայց…Թաթուլը չարդարացրեց  մեր ակնկալիքները,  ու մենք ՝ սիսիանցիներս,  նորից կոտրած տաշտակի առջև մնացինք։ Ինձ առաջադրել է «ԵԼՔ»  դաշինքը։ Չգիտեմ,  ինչ որոշում կկայացնի ընտրողը, բայց ես վստահ եմ, որ կլինեմ աշխատող ու սկզբունքային պատգամավոր , բարձր պատասխանատվությամբ եմ վերաբերելու բոլոր նախագծերի քննարմնանը, բոլոր օրենքներին…

 

Կան արդյո՞ք խնդիրներ, որոնք խոշորացույցի տակ եք առել, և ընտրվելու դեպքում փորձելու եք լուծում տալ

-Ամենակարևորը մեր երկրում արդարադատության խնդիրն է։ Պիտի օրենքը բոլորիս համար ամենաբարձր կետում գտնվի։ Հավատացեք, որ շատ խնդիրներ միանգամից կլուծվեն. կոռուպցիա, լիազորությունների, դիրքի չարաշահում և այլն։ Երկրորդը,  կարծում եմ, որ պետք է ապաքաղաքականացվեն կրթական ու առողջապահական հաստատությունները։ Դուք տեսաք, թե քարոզարշավի օրերին ինչով են զբաղված դպրոցների և մանկապարտեզների տնօրենները։ Միթե՞  դա ընդունելի  է։ Դպրոցն իր սուրբ առաքելությունն ունի ու վերջ,  ընտրությունների հետ պետք է գործ չունենա։ Երրորդը,  մենաշնորհների հարցն է։ Ցանկացած ոլորտում մենաշնորհը բացառում է մրցակցություն՝ իր ստվերային  հետևանքներով, ինչ ուզեմ-կանեմով։ Շատ խնդիրներ կան։

Խորհրդարանում կանանց իրավունքների պաշտպանության հարցը որքանո՞վ է Ձեզ համար կարևոր:

– Խորհրդարան գնում եմ ոչ միայն կանանց շահերի մասին մտածելով։ Այդ հարցում, անշուշտ, բացթողումներ կան ու անդրադարձերի կարիք կա։ Բայց կանայք պետք է առաջին հերթին իրենք ցանկանան  ակտիվանալ  ու պաշտպանել իրենց իրավունքները։ Որոշեն, թե ի՞նչ է իրենց պակասում և համագործակցեն իրենց պատգամավորների հետ։ Որպես օրենսդիր մարմին՝ ԱԺ-ն շատ ավելի արդյունավետ կաշխատի, եթե ճիշտ ընտրություն կատարենք ապրիլի 2-ին։ «ԵԼՔ»-ից կարող են համագործակցություն և օբյեկտիվ աշխատանք ակնկալել ոչ միայն կանայք, բոլորը։

 

Ի՞նչ եք կարծում, որքանով է արդյունավետ օգտագործվում կանանց ներուժը մեր երկրի զարգացման, առաջխաղացման համար:

-Կինը պետք է լիարժեք հնարավորություն ունենա իրեն դրսևորելու բոլոր ոլորտներում։ Մենք միայն ուսուցիչ, բժիշկ, մանկապարտեզի աշխատակից չպիտի դառնանք։ Տեսեք՝ Գյումրիում ինչ է կատարվում. մենք ինչ փայլուն կին ծանրամարտիկներ ունենք։ Սիսիանում կամ Գորիսում ունե՞նք։ Դուք կարծում եք Սյունիքում ֆիզիկապես ուժեղ կանայք չկա՞ն։ Կարծրատիպերը, կոմպլեքսները կաշկանդում են։ Այդ հարցերում  ԱԺ-ն , կարծես թե,  անելիք չունի, սակայն  խտրականությունը ԱԺ պատգամավորների կին-տղամարդ հարաբեակցության մեջ է։ Տղամարդնն իրեն հետաքրքրող հարցերն է առաջ քաշում, քննարկման առարկա դարձնում։ Եթե մենք ավելի մեծ թվով կանանց վստահենք՝ մյուս խտրականությունների հարցն էլ կլուծվի, տղամարդկանց վերաբերմունքն էլ կանանց նկատմամբ կփոխվի, կանանց վերաբերմունքն էլ կանանց նկատմամբ։ Այնպես որ մեզանից   շատ բան է կախված ու գործել է պետք։

 

Ո՞րն եք համարում Ձեր հաջողության բանաձևը, ի՞նչն է Ձեզ մշտապես առաջ մղում:

-Քաղաքական գործիչը պետք է շատ աշխատի ու հեռու մնա անձնական շահից, եթե դա հնարավոր է։ Մինչ այսօր, ինչպես երևում է, դա հնարավոր չի եղել, բայց դա էլ պետք է անել ու հաջողությունը կլինի մեծ հաշվով հասարակության հաջողությունը, փոքր հաշվով՝ քաղաքական գործչի։ Ինձ ճանաչելով վստահ կարող եմ ասել, որ դա հնարավոր է։

 

Ի՞նչպիսի դժվարություններ եք ունեցել և որոնք են եղել դրանց հաղթահարման ճանապարները:

 

Դժվարություններ կարելի է թվարկել, բայց  գլխավորը՝ պետք է չհուսահատվել ու առաջ շարժվել այս փուլում, երբ կանայք նոր-նոր սկսում են աշխուժություն ցուցաբերել քաղաքականության ոլորտում և լավ աշխատել, համարձակ ու ինքնավստահ լինել։ Քվոտավորումը որպես աջակցման միջոց  նույնպես ժամանակի հարց է։ Այս փուլում կարևոր է։ Բայց առաջին հնգյակները նայեք, միայն մեկ կին կա։ Սա էլ արդար չեմ համարում։ Կարծում եմ, որ բոլոր բնագավառներում   տղամարդիկ և կանայք պետք է հավասար ներկայացված լինեն։ Դա կարող է և զսպման միջոց լինել և մրցակցության, ինչը կհանգեցնի հաջողության։

 

-Իսկ ի՞նչպես եք վերաբերում այն արտահայտությանը, որ քաղաքականությունը կնոջ գործը չէ

-Որևէ ոլորտ որևէ մի սեռի մենաշնորհը չպիտի լինի։ Ամեն ինչ կախված է մարդու ընդունակություններից ու ձգտումներից։ Տնտեսագետներն ասում են, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայելու ուղղությամբ ամենաճիշտ քայլը կատարեց Անգելա Մերկելը, այդուհանդերձ մենք չենք ասում, որ քաղաքականությունը տղամարդու գործը չէ։ Եվ ուրեմն, եկեք միասին աշխատենք և մեր երկրի առջև ծառացած խնդիրները միասին լուծենք։

 

Հատկապես կին ընտրողներին, ի՞նչ ասելիք ունեք ընտրություններից առաջ

 

-«ԵԼՔ» կա, սիրելի’ կանայք։ Պատասխանատվությամբ վերաբերվեք առաջիկա ընտրություններին։ Այս ընտրությունն էապես տարբեր է։ Վերջին հաշվով մենք կառավարության ու նախագահի ընտություն ենք կատարում, ընտրում ենք մեր երկրի գլխավոր գերագույն հրամանատար։ Ընտրում ենք մեր երեխաների առաջիկա տարիների ապագան։ Վերականգնե’ք ձեր հավատը, մի’ ընկճվեք, մի’ հարմարվեք, ձեր քվեարկությամբ պարտադրեք, որ աշխատենք ձեզ համար, մեր երկրի համար։ Դեպի «ԵԼՔ»։ Դեպի իրական փոփոխություն…

 

Զրուցեց Իրինա Յոլյանը

 

Դիտումների քանակը` 388

Վերադառնալ վերև