Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Վարդագույն քաղաքն ու մայրիկների մտահոգությունները-2

Վերջին երկու շաբաթվա ընթացքում հասցրել եմ լինել մի քանի սրճարանների խոհանոցներում: Ոչ, սանէպեդկայանի աշխատակից չեմ (չնայած աչքի տակով մաքրությունն էլ էի տնտղում), ուղղակի կերակրող մայր, ով «համարձակվել է» մի քանի ամսական երեխայի հետ տանից դուրս գալ, այգի կամ սրճարան գնալ:

 

 

Երևանյան որևէ այգում հարմարեցված տաղավար կամ դրա նման մի բան չկա, որտեղ կերակրող մայրերը կարողանան իրենց բալիկների հետ առանձնանալ: Երեխայի լացից ելք ու ճար չունեցող մայրիկները կամ պետք է անցող-դարձողի աչքի առաջ երեխային կերակրեն կամ էլ թողնեն, որ երեխան սրտապատառ լինի: Հայ կանայք, որպես կանոն, ընտրում են երկորդ տարբերակը, իսկ դրանից առաջ՝  փոքր երեխայի հետ ուղղակի տեղ չգնալը:

 

Իմ բախտն ինչ-որ տեղ բերել է, այգի գնում ենք մեքենայով, հենց զգում եմ անհանգիստ շարժումներ է անում երեխան, արագ վազում եմ դեպի մեքենան: Մի քանի անգամ օբյեկտին մոտ կայանելու հնարավորություն չեղավ, ստիպված սրճարանների աշխատակիցներին դիմեցի, որոնք ոչ այնքան գոհունակությամբ շտապեցին օգնել:

 

 

 

 

 

Քույրս Սոչիում է ապրում, պատմում է, որ իրենց համար սովորական բան է քաղաքի ամենամեծ առևտրային կենտրոնների նախասրահներում տեսնել  բացեիբաց, հպարտ կեցվածքով, առանց ամոթի որևէ նշույլի երեխային կերակրող կանանց:  Մի տեսակ նախանձեցի:  Հիշեցի, անցած ամառ ավտոբուսով Արմավիրից Երևան էի գալիս: Մի երեխա լացում էր, լացում ու չէր հանգստանում: Մոր կողքի կանայք մորը համոզում էին. «Աղջի դե տուր, երեխեն մեղք է»: Մայրն էլ՝ չէ, որ չէ, տղամարդիկ կան: Հետո գործին խառնվեցին տղամարդիկ՝ կնոջը հորդորելով երեխային կերակրել, խոստացան, որ իրենք կրջվեն: Երեխան էլ չէր հանդարտվում, կարմրել էր, քրտնել, աղեկտուր լացը կտրել չէր հաջողվում…  Համաձայնվեք,   շատ տիպիկ դրվագ  է մեր  կանանց համար:

 

 

Ֆեյսբուքյան «Հայ ծնողների անկյուն» խմբում, որտեղ մի քանի հազար հայ (մեծ մասը հայաստանցի) հայրիկներ ու մայրիկներ են ընդգրկված, օրերս մի առաջարկ հնչեց, ըստ որի երևանյան այգիներում եւ առհասարակ հասարակական վայրերում   տարածքների  կամ գոնե հարմարանքներ լինեն, որ մայրերը  անհրաժեշտության դեպքում կարողանան իրենց նորածին փոքրիկներին փոխել կամ կերակրել:  Որոշեցին ստորոգրություններ հավաքել ու դիմել Երևանի քաղաքապետին՝ ուշադրություն գրավելով այն հանգամանքին, որ  մեր հասարակական տրանսպորտը   հարմարեցված  չէ մանկասայլակով երթևեկելու համար, որ առևտրի մեծ կենտրոններում ու նույնիսկ ամենաշքեղ սուպերմարկետներում չկան զուգարաններ, էլ չենք ասում  մոր ու մանկան  համար նախատեսված տարածքներ կամ գոնե հարմարանքներ:

 

 

Նշենք, որ այդ առաջարկը անմիջականորեն առնչվում է  մեր կառավարության կողմից որդեգրած վեց ամիս միայն մայրական կաթով կերակրելու քաղաքականությանը:  Ավելին,  Ազգային ժողովում  երրորդ ընթերցմանը սպասող  «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի նախագծի հոդված 10-ով  արմրագրված է«Կրծքով  կերակրում իրականացնող կինն իրավունք ունի` ունենալու համապատասխան պայմաններ աշխատավայրերում, քրեակատարողական, բժշկական կազմակերպություներում և այլ հասարակական վայրերում կրծքով  կերակրում իրականացնելու համար…» :  Այնպես որ քաղաքապետարանը պետք  է որ ականջաալուր լինի …

 

 

Մեկ այլ ԱՄՆ-ում ապրող ընկերուհիս պատմեց, որ փոքրիկի հետ  սրճարան կամ ռեստորան մտնելիս ՝ անմիջապես առաջարկում են բարձր աթոռ երեխայի համար, նաեւ թուղթ եւ գունավոր մատիտներ, որ երեխան գոնե որոշ ժամանակ զբաղվի: Մեզանում փոքրիկը ամբողջ ընթացքում մոր գրկին է նստում… Գուցե ոմանց դա մանրուք է թվում, բայց իրականում դա ոչ միայն անուշադրություն է հաճախորդի նկատմամբ, այլ առհասարակ անտարբերություն  մայրերի կարիքների  հանդեպ…

 

 

Ֆեյսբուքյան մայրիկների մեծ մասը թերահավատ գտնվեց քաղապետարան դիմելու առաջարկի  հանդեպ, պատճառաբանելով,  որ նույնիսկ մանուկների ժամանցի համար նախատեսված օբյեկտներում այսօր մոր ու մանկան սենյակներ առանձնացված չեն: Ասում են, օբյեկտները մասնավոր են, ու քանի դեռ չկա օրենքի պարտադրանք, կարող են նրանք առաջնորդվել բարի կամքով ու բիզնես շահերով…

 

 

Ի դեպ, շահերի մասին: Իրականում  աշխարհի տարբեր  ռեստորաններում եւ սրճարաններում փոքրիկ երեխաների  համար  նախատեսված հատուկ բարձր աթոռները, փոքրիկների համար առանձին  ճաշացանկը  եւ առհասարակ երեխաներով հաճախորդներին  գրավելու միտված այլ հարմարությունները ՝ միայն բարի կամքի արդյունք չեն, դրանք մրցունակ լինելու եւ հավելյալ շահույթ ստանալու շատ կոնկրետ  նպատակ  ունեն:  Այնպես, որ  մեր մասնավոր սեկտորի  ներկայացուցիչներին էլ արժե մտածել այդ ուղղությամբ…  Մայրիկների շնորհակալությունը , հավատացած եմ, չի ուշանա, այդ թվում  հաՃախորդների  աճի  տեսքով…

 

 

Հասմիկ Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Վարդագույն քաղաքն ու մայրիկների մտահոգությունները

 

Խորհրդարանական լսումներ` կրծքով կերակրող մայրերին խրախուսելու վերաբերյալ

 

«Մինչև 6 ամսեկան հարկավոր է երեխային բացառապես կրծքով կերակրել»

 

Դիտումների քանակը` 1713

Վերադառնալ վերև