Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Վ.Այվազյան. «Մայրս ասում էր` կանանց շառից հեռու պետք է մնալ, հիմա հենց այդ պահն է»…

Պատգամավոր Վարդան Այվազյանի կարծիքով, եթե կինը քաղաքականություն մտնելով առաջնորդվում է բոքսի կանոններով, ապա պետք է նաև պատրաստ լինի պատասխան հարվածներ ստանալու:  Խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանի մասին էր, ով  վերջերս հանդես էր  եկել սենսացիոն հայտարարությամբ՝ մեղադրելով բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին, որ նա  իրենից «հանք է գողացել»  և իրեն գումար է պարտք: Սիլվա Համբարձումյանը խոստացել է առավել մանրամասն  ներկայացնել հանրությանը իր մեղադրանքի  էությունը: Մինչ այդ, խնդրի առնչությամբ WomenNet.am –ը  զրուցեց Վարդան Այվազյանի հետ:

 

«Հանքավայրի անունը թող տա և տարեթիվը: Մնացածը հետո ես իրեն կասեմ: Ես չեմ ուզում անդրադառնամ էդ թեմային: Մայրս ասում էր` կանանց շառից հեռու պետք է մնալ: Հիմա հենց այդ պահն է», ասաց  է Վարդան Այվազյանը` հավելելով, որ  Համբարձումյանին ծանոթացել է նախարար դառնալուց հետո:

 

Հիշեցնենք, որ երբ նախորդ տարի Սիլվա Համբարձումյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իրենից գողացել է ավելի քան հարյուր միլիոն դոլար արժողությամբ սարքավորումներ, խնդիրն ավարտվեց աննախադեպ սկանդալով՝ «Մարիոթ»  հյուրանոցում Սուրեն Խաչատրյանն ապտակել էր գործարար տիկնոջը: Միջադեպն արժանացել էր մամուլի և հասարակության քննադատությանը և ի վերջո  ավարտվեց մարզպետի զղջմամբ, թեպետ սպասվում էր, որ նա այդ արարքի համար կարող է զրկվի պաշտոնից: Վարդան Այվազյանը հավաստիացնում է, որ «Մարիոթ- 2»  հաստատ չի լինի. «Նախ հարց է, թե ում կողմից ապտակ կլինի, իմ կողմից նման բան հաստատ չի լինի»:

 

Դեռևս անցյալ տարվանից լուրեր  էին շրջանառվում, որ Սիլվա Համբարձումյանը մտադիր է իր թեկնածությունը արաջադրել որպես մեծամասնական պատգամավոր, ընդ որում Սյունիքում : Վարդան Այվազյանը հրաժարվեց  խոսել  Համբարձումյանի պատգամավոր դառնալու  հավանականության մասին՝  հավելելով, որ եթե ժողովուրդը նրան կվստահի, ապա թող լինի:

 

«Իմ պատկերացումներն այլ են, բայց դա հաշիվ չէ, ընտրություն կատարողը հասարակությունն է», ասում է Այվազյանը` ներկայցնելով  իր  պատկերացումները .  «Ես ավանդապաշտ մարդ եմ ու պահպանողական մոտեցումներ ունեմ. կինը նախ մայր է, նաև  հեզություն, զսպվածություն, չափերի մեջ պետք է լինի, ու էդ ամենով հանդերձ կինը հրաշք է: Բայց եթե կինն առաջին այդ չորս հատկանիշները չունի, էլ ինչ կին»…

 

Ըստ Այվազյանի, կանանց և տղամարդկանց հավասարության մասին ենք խոսում, բայց  հասարակությունն ու մամուլը  նրանց երկակի մոտեցում են ցուցաբերում.

 

«Երբ հանկարծ տղամարդիկ ձեռք են բարձրացնում կնոջ վրա, դուք քննադատում եք, համաձայն եմ,  ես էլ եմ քննադատում, երբ կնոջ վրա ձեռք են բարձրացնում: Իսկ եթե կինը բոքսի մեջ է մտնում, սկսում բռունցքով խաղալ, ոչինչ չեք ասում: Բայց, երբ տղամարդն այդ կնոջը նույն ձևով է պատասխան տալիս, ասում եք  «վայ հարվածեց»:  Բայց ախր էդ կինը բռնցքամարտի ռինգում ի՞նչ գործ ունի, չեք ասում բա, էդ կինն ինչո՞ւ է պերչատքով, ինչո՞ւ է ուզում նոկաուտներ անել: Եթե կինը բոքսի պերչատկեքով է մտնում քաղաքականության մեջ կամ էլ նախընտրում է ֆուտբոլ խաղալ, ապա պետք է պատրաստ լինի, որ ոտքին կհարվածեն, նոկաուտ էլ կանեն, սպորտի կանոներն են, դու խփում ես` քեզ հարվածում են: Եթե կինը բոքսի կանոններով է առաջ շարժվում, տղամարդն էլ պետք է բոքսի կանոններով պատասխանի»:

 

Անդրադառնալով իրենց կուսակցական ցուցակում  կանանց ներգրավվածությանը, Վարդան Այվազյանը նշում է թե  կցանկանար, որ կանանց թիվը խորհրդարանում շատանար:

 

«Կանանց աշխատանքը շատ բարձր եմ գնահատում: Ես շատ լավ եմ վերաբերվում կին պատգամավորներին, նրանք շատ արդյունավետ են աշխատում: Նրանց ներկայությունը դրական է: Ում ուզում եք ասեմ, ցանկացած կին պատգամավոր՝ Հերմինե Նաղդալյան, Լարիսա Ալավերդյան, Լիլիթ Գալստյան, մեր խորհրդարանի բոլոր կանայք էլ շատ լավ են աշխատում, շատ արդյունավետ: Իրենց աշխատանքային գործունեության ընթացքում նրանք միշտ պատրաստված են, տեղյակ բոլոր օրենքներից, նախքան քվեարկելը օրենքը կարդում են, ուսումնասիրում: Այն ինչ տղամարդկանց շատ դժվարությամբ է հաջողվում ստանալ, կանանց շատ հեշտ է տրվում»…

 

Զրուցեց  Հասմիկ  Հարությունյանը

P.S.

Ի դեպ, գործարար Սիլվա Համբարձումյանը վերջերս հայտարարել էր, որ արդեն կողմնորոշվել է իր քաղաքական հայացքներում և շուտով  կհայտնի, թե որ կուսակցության շարքերն է համալրելու: Դրա հետ մեկտեղ շեշտել է,որ նպատակ չունի մտնել համամասնական ցուցակ և առաջադրվելու մեծամասնականով՝ իր հայրենի Սյունիքում, որպեսզի ապացուցի մարզպետ Սուրեն Խաչատրյանին իր կարողությունները.

 

«Ասել էի չէ, ես կառաջադրեմ իմ թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով ու միայն այն դեպքում, եթե իր թեկնածությունն առաջադրի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը(կամ թեկուզ իր մտերիմներից մեկը ), իսկ եթե ինքը չդնի, ես էլ չեմ դնի», – հայտարարել է նա:

 

Նա նաև  նշել է, որ իրեն այդքան էլ չի գայթակղում օրենսդիրի աշխատանքը, քանի որ այնտեղ, իր խոսքով,  աշխատանք չկա:

 

«Ես իմ արժանիքները որպես գործաարար ավելին եմ գնահատում, քան որպես օրենսդիրի աշխատող: Կուզենայի հաջորդ գումարմանը լինեի ԱԺ-ում և օրեսդրական փոփոխությունների առաջարկ անել՝ աշխատատեղերի ստեղծման և ներդրողների համար նպաստավոր միջավայրի ստեղծման համար: Իսկ եթե դա ինձ չհաջողվի, ես ուղղղակի վայր կդնեմ մանդատս ու դուրս կգամ պառլամենտից: Ես մեկ ուրիշի նման չեմ գնա 12 տարի նստեմ էնտեղ ու ոչինչ չանեմ, միայն ընտրություններից առաջ էստեղ-էնտեղ երևամ, խոսեմ», – ասել է Սիլվա Համբարձումյանը , խոստանալով, որ իր վերջնական որոշման մասին հանրությունը կտեղեկանա ԿԸՀ դիմում ներկայացնելու նախօրերին:

 

Դիտումների քանակը` 4692

Վերադառնալ վերև