Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Վարդիթեր Գասպարյան. «Եթե մարդիկ զգան, որ մի փոքր նվիրում ունես, անկաշառ ես ` կվստահեն»

 

 

«Ունեմ ընտանիք եւ աշխատանք, հարգված եմ, սիրված, շատերն գուցե նախաձով ասում են` տեսեք ո՞ւմ հետ է նստում, վեր կենում, բարձր պաշտոն է զբաղեցնում, բայց եթե անկեղծ լինենք, ես էլ մեկ-մեկ բարի նախանձով եմ  այն կանանց  նայում, ովքեր կարող են առավոտյան շուտ չզարթնել, հանգիստ սուրճ խմել  եւ չմտածել, որ ինչ-որ տեղից ուշանում ես: Իմ տան հոգսը միշտ ինձ վրա է եղել. հիմա երբ համայնք եմ ղեկավարում, դա արդեն առավել մեծ հոգս է, ծանր աշխատանք: Շատ դժվար է ղեկավարել 1300 հոգու, նրանց համար որոշումներ կայացնել»,- ասում է Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի ղեկավար Վարդիթեր Գասպարյանի, ում ղեկավարած գյուղն այսօր լավագույններից է: Տիկին Գասպարյանը երկար տարիներ աշխատել է  ղեկավար պաշտոններում, Գյումրու Կաթի գործարանում,  այնուհետեւ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչությունում: Ախուրիկի գյուղապետն է 2009թ-ից:  Այս տարվա մայիսի  26-ին կայացած ընտրություններում նա նորից  վերընտրվեց իր պաշտոնում:

 

«Ինձ գյուղ տարավ արյան կանչը: Մեր գյուղը շատ խնդիրներ ուներ, դրանք ինձ ծանոթ էին: Ես վստահ էի, որ ցանկության դեպքում յուրաքանչյուր հարց էլ կլուծվի: Երբ ես ստանձեցի գյուղապետի պաշտոնը, Ախուրիկը մարզ 119 համայնքի շարքում վերջին հորիզոնականներն էր զբաղեցնում, այսօր գյուղը լավագույններից մեկն է: Մեր գյուղում կատակով ասում էին, որ Ախուրիկի բրենդն ավերակներն են: Հենց մտնում ես գյուղ` ավերակներ ես տեսնում, քանդված շենքեր ու անանցանելի ճանապարհներ: Գյուղը դպրոց չուներ` երկրաշարժի ժամանակ էր փլվել:

 

 

Այսօր մենք ունենք հիանալի ճանապարհներ, անցկացրել են գիշերային լուսավորություն: Երկրաշարժից հետո գյուղում մի մեծ թաղամաս էր ձեւավորվել` 58 թաղամասը, որը խմելու ջրի ջրագիծ չուներ: Դիմեցինք հայկական  «Կարիտաս» կազմակերպությանն ու համատեղ կարողացանք խմելու ջրի ջրագիծը քաշել: Ժամանակին Ախուրիկը հրաշալի դպրոց ուներ եւ շրջակա ութ գյուղերի երեխաները գալիս էին մեր դպրոցում սովորելու, սակայն երկրաշարժից հետո եռահարկ շենքն ավերվեց եւ  կառավարության ու գյուղապետերանի համատեղ ջանքերով այսօր գյուղը շքեղ դպրոց ունի: Դասագրքերը գյուղապետերանն անվճար է տրամադրում: Այսօր գյուղը 150 աշակերտ ունի: Այս տարիների ընթացքում շատ բան է արվել` մեծ, փոքր, բոլորն էլ ուղղված նրան, որ  մարդկանց  կյանքը բարելավվի»,- ասում է տիկին Գասպարյանը` խոստովանելով, որ առավոտից իրիկուն բազմաթիվ դռներ է թակել, որ հասնի ինչ-որ արդյունքի:

 

Հիշում է, որ երբ ընտրվեց գյուղապետի պաշտոնում,  նրան ապշեցրեց  այն փաստը, որ շուրջ 20 տարի հարկ չէր հավաքվել:

«Գյուղապետարանը ոչ մի լումա չուներ: Սկզբնական շրջանում, նպաստ կամ թոշակ տալու օրերին կանգնում էի փոստի շենքի դիմաց ու մարդկանց  հասկացնում, որ իրենց գյուղը, իրենց տունը հարկով է կառուցվելու: Եկեք միասին աշխատենք ու միասին կառուցենք մեր գյուղը, ասում էի նրանց: Հավատացին  ու գումարը հավաքագրվեց: Հիմա արդեն փոստ չեմ գնում»,- ասում է Ախուրիկի գյուղապետը` հավելելով, որ ամեն ինչ անում է, որ գյուղացու մեջ հույսը չմեռնի, իրեն գնահատված զգա:

 

Ասոում է  գյուղապետը պետք է ապրի իր գյուղի խնդիրներով, այդ  դեպքում հաջողությունն ապահովված է:

 

«Եթե մարդիկ  զգան, որ մի փոքր նվիրում ունես, անկաշառ ես, հավատացեք` կվստահեն: Ես  մասնակցում եմ գյուղի բոլոր հարսանիքներին, առաջ, երբ գյուղապետ չէի ու ինձ հրավիրում էին, կարող էի մեկին մերժել, մյուսին` ոչ: Հիմա չեմ կարող որեւէ մեկին մերժել,  վստահ եմ, ինձ հրավիրում են, ոչ թե նրա համար, որ գյուղապետ եմ ու փորձում են սիրաշահել, չէ, գիտեն` ինձ մոտ նման բաները չեն անցնում, այլ որովհետեւ սիրում են ինձ, հարգում ու գնահատում»:

Թեպետ կատարվել է հսկայական աշխատանք, սակայն,  նրա խոսքով,  ապագա անելիքներն էլ քիչ չեն:  Գյուղը մանկապարտեզի կարիք է զգում, մշակույթի փոքր դահլիճի ու ծերերի համար սենյակի կառուցումը նույնպես օրակարգային են:

«Մեր գյուղի տեխնիկան կես դարի պատմություն ունի: Կառավարության օժանդակությամբ տրակտոր գնեցինք: Հիմա գումար ենք հավաքում մնացած գյուղգործիքները գնելու ուղղությամբ: Մյուս տարի դրանք էլ կունենանք ու գյուղացու կյանքը կթեթեւանա»:

 

Ընտրություններին անդրադառնալով  նշում է, որ մեկ ընտրաշրջան աշխատելը շատ քիչ է, հետեւաբար ծրագրերն իրականություն դարձնելու համար  է երկրորդ անգամ առաջադրվել:

«Այս տարիների ընթացքում ինձ համար առաջին պլանում գյուղն էր, հետո` ընտանիքը: Երբ երեկոյան հավաքվում ենք տանը` ես, ամուսինս, որդիս, զրույցների ընթացքում հասկանում եմ, որ շատ բան եմ բաց թողել, որ ընտանիքից մի քիչ հեռվացել եմ: Եթե մի տեղը շահում է, մյուսը` հաստատ կտուժի:  Ես հիմնականում տղայիս հետ եմ կիսվում եւ նրան պատմում իմ անցած օրն ու իրենից բազմաթիվ խորհուրդներ ստանում», – ասում է տիկին Գասպարյանը` ընդգծելով, որ ընտանիքի աջակցությունը հզոր գործոն  է:

 

 

Հասմիկ Հարությունյան

Ախուրիկ- Երեւան

Դիտումների քանակը` 3027

Վերադառնալ վերև