Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Վարդուհի Հարությունյան.  «Մենք օգնում ենք երիտասարդ մայրերին գտնել իրենց տեղը աշխատաշուկայում»

WomenNet.am –ի նախորդ   հրապարակումներից մեկը՝   BusyMom կենտրոնի մեկնարկային հանդիպման  մասին , մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդ  մայրերի շրջանում: Նախաձեռնությունն ավելի մանրամասն ներկայացնելու նպատակով  որոշեցինք զրուցել  կենտրոնի համահիմնադիր, մասնագիտությամբ սոցիոլոգ  Վարդուհի Հարությունյանի հետ:

 

Վարդուհու խոսքով,   կենտրոնը  դեռ կայացման փուլում է, բայց նա համոզված, որ կհաջողի , քանի որ  սա նախագիծ է, որը ծնվել է  սեփական փորձի ու կրած դժվարությունների արդյունքում: «Երկու երեխա ունեմ և այնպես ստացվեց, որ առաջնեկիս  ունենալուց հետո լուրջ խնդրի բախվեցի աշխատանք գտնելու հետ կապված: Երկար ժամանակ աշխատանք էի փնտրոմ, որովհետև գիտելիքներս էին հնացել, երեխայի խնամքն էր շատ ժամանակ պահանջում և այլն: Երկար պայքարելուց հետո աշխատանք գտա, իսկ պայքարս էլ կայանում էր նրանում, որ այդ գործընթացին զուգահեռ ես նաև ինձնով էի զբաղվում, թարմացնում գիտելիքներս: Աշխատանքը, որ գտա, առնչվում էր մարդկային ռեսուրսների կառավարմանը և  այն  ավելի հստակ  բացահայտեց խնդիրը, որ առկա է մեր հասարակությունում ՝ մայրանալուց հետո կանանց շատ դժվար է լինում վերադառնալ կամ գտնել իրենց տեղը աշխատաշուկայում»,- ասում է նա:

Վարդուհու  խոսքով, աշխատանքի տեղավորվելուց հետո  իր համար էլ ավելի ակնհայտ դարձավ, որ  հազարավոր կանայք մայրանալուց հետո  բախվում են նույն խնդրին՝ դառնալով անմրցունակ հայաստանյան աշխատաշուկայում: Հետագա տարիներին բազմաթիվ թրեյնինգներ, վերապատրաստումներ  անցկացնելուց հետո  կամաց-կամաց եկել է այն մտքին, որ մայրերին հարկավոր է մի կենտրոն, որտեղ նրանք կստանան պրակտիկ գիտելիքներ, միևնույն ժամանակ չմտածելով նաև այն խնդրի մասին, թե ո՞ւմ մոտ թողնեն երեխային: Իսկ դա, մեր զրուցակցի դիտարկմամբ, առաջնային խնդիր է, որը շատ կանանց  համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում:

BusyMom կենտրոնն առաջարկում է երկուսը մեկում՝ միասնական կոնցեպցիա, այն է.  մինչ մայրիկը մասնակցում է թրեյնինգի, իր բալիկին կողքի սենյակում կխնամեն և կզբաղեցնեն մասնագետները: Մեր դիտարկմանը, որ այդ  ձևաչափը կարծես թե  նորարար մոտեցում  է  երիտասարդ մայրերի  համար հնարավորություններ ստեղծելու տեսակետից,  Վարդուհի Հարությունյանը նշում է, որ իրենք առաջնորդվել են  հենց  օգտակարության սկզբունքով՝ որքանով է գաղափարը  օգտակար լինելու  հասարակությանը.  «Ինձ համար առաջնային կարևորություն ունի օգտակար լինելու հանգամանքը և ոչ թե միայն գումար վաստակելու խնդիրը: Ինքս անցել եմ այն դժվարությունների միջով, որոնցից փորձելու ենք օգնել ազատվել կանանց, իսկ երբ մարդ մի բան անում է սեփական փորձի վրա հիմնվելով, ապա շեշտադրումները հաստատ ճիշտ են դրվում»:

Ասում է,   կենտրոն բացելու նախաձեռնությունը լիովին իրենցն է,  ֆինանսական աջակցություն ոչ մի տեղից չունեն, այդ իսկ պատճառով փորձում են այնպես անել, որպեսզի կենտրոնի  գործունեությունը հնարավորություն տա պահպանել այն: «Դա շատ դժվար է, բայց պետք է փորձենք: Սա զուտ բիզնես չէ, այլ սոցիալական նշանակության կարևոր նախագիծ: Դասընթացները դեռևս անվճար են, հետագայում դրանց համար գումար կգանձվի, բայց այն շատ մատչելի կլինի, ինչում կկարողանան համոզվել բոլորը՝ համեմատելով այլ թրեյնինգ կենտրոնների հետ: Բայց կարևորն այն է, որ մենք երեխայի խնամքի համար գումար  չենք գանձելու, այսինքն գնային տարբերությունն արդեն իսկ ակնհայտ է դառնում, իսկ բացի այդ շահույթը մեզ համար ինքնանպատակ չէ»,- շեշտում է Վարդուհին:

 

«Զբաղված մայրիկներ »-ի առաջին թրեյնինգ-հանդիպումը ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ էր, որին  էլ WomenNet.am-ն անդրադարձել էր: Վարդուհի Հարությունյանի խոսքով, վճարովի դասընթացները՝ մեկօրյա կամ երկարաժամկետ (1-1,5 ամիս), կմեկնարկեն թերևս մայիսից: Մեկօրյա դասընթացները  կլինեն ավելի ուղորդող՝ աշխատաշուկայի պահանջարկի, տանից գումար աշխատելու տարբերակների և նմանատիպ հարցերի շուրջ, իսկ երկարաժամկետ դասընթացները կոնկրետ վերապատրաստման հնարավորություն են ընձեռելու կանանց:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է կենտրոնն աջակցելու բուն աշխատանք գտնելու գործընթացին, և գուցե համագործակցում են զբաղվածության կենտրոնների հետ, ապա մեր զրուցակիցը նշում է, որ նախնական պայմանավորվածություն և համագործակցություն ունեն հայաստանյան մի շարք խոշոր ընկերությունների հետ, որոնք կապը պահելու են կենտրոնի հետ, որպեսզի կարողանան գնահատել կադրային ռեսուրսը: Այսինքն՝ մայրիկները նաև հնարավորություն կունենան աշխատանք գտնել, թեև կենտրոնը ամենևին էլ աշխատանքի տեղավորելու գործառույթ, որպես այդպիսին, առաջնային չի իրականացնում. խնդիրն ավելի գլոբալ ու երկարաժամկետ համատեքստում է դիտարկվում:  

Առաջիկայում կենտրոնում կանցկացվեն հաշվապահության, PR և HR մենեջմենթի դասընթացներ, ինչպես նաև կդասավանդվեն բիզնես անգլերենի ու համակարգչային գիտելիքներ: Իսկ թրեյներները, կենտրոնի համահիմնադրի խոսքով, լավագույններից են լինելու՝ դա իրենց սկզբունքն է կանանց զարգացումը հանձնել պրոֆեսիոնալների և իրենց գործի  գիտակներին:

 

Մանրամասները դասընթացների մասին   «BusyMom» ֆեյսբուքյան էջում:

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 1179

Վերադառնալ վերև