Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Վերահսկիչ պալատ. «Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավում» ծրագիրը թերի է իրականացվել

Վերջերս  ՀՀ Վերահսկիչ պալատը ներկայացրել է 2015 թվականի հաշվետվությունը, որը բազմաթիվ խախտումներ ու չարաշահումներ է ի հայտ բերում մի շարք ոլորտներում: Մասնավորապես, անդրադառնալով սոցիալական ոլորտին Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ տեղ են գտել չարաշահումներ որոշ դրամաշնորհային ծրագրերի իրականացման կոնտեքստում, դրանցից մեկը՝ «Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը, որն իրականացվել է  12 ամսվա ընթացքում   2012-2013  թ.թ. :

 

Նշվում է, որ ծրագիրն իրականացրել է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, որն  այդ նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից ստացել է 24.311.0 հազ. դոլար :

 

Ծրագրի ակնկալվող արդյունքներն են.

•           ՀՀ տարածքում ընտանեկան բռնության ենթարկված կանանց տրամադրվող գույքագրված ծառայություններ:

•           Ընտանեկան բռնության ենթարկված կանանց պաշտպանության ու տրամադրվող ծառայությունների բարելավման և հզորացման նպատակով մշակված առաջարկությունների փաթեթ:

•           Ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար մշակված իրավական նորմեր և ուղղորդման կարգ:

 

Արձանագրվել են մի շարք խախտումներ և թերություններ, մասնավորապես.

 

•           Ծրագրի շրջանակներում գնումներն իրականացվել են «Գնումների մասին»  ՀՀ օրենքի պահանջների խախտումներով:

•           Ծրագրի շրջանակներում հարցազրուցավարների, փորձագետների կողմից մատուցված ծառայությունների կատարման փաստը հիմնավորող փաստաթղթերը թերի են և մասնակի (պարզ չէ, թե յուրաքանչյուր անձ տվյալ ամսում քանի խորացված, փորձագիտական հարցազրույցներ է անցկացրել և քանի ֆոկուս խմբի է մասնակցել):

•           Ծրագրի  վերջնական  հաշվետվության ուսումնասիրությունից պարզվեց, որ   հաշվետվությունում բացակայում է ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար մշակված  իրավական նորմերը, այնինչ  11 ֆոկուս խմբի և 30 փորձագիտական հարցազրույցների  փոխարեն կատարվել է 44 ֆոկուս խումբ և 108 փորձագիտական հարցազրույց, որի հետևանքով 658.0 հազ. դրամի փոխարեն փաստացի ծախսվել է 2,536.0 հազ. դրամ: Արդյունքում  1,878.0 հազ. դրամը ավելի է ծախսվել:

•           Ֆինանսական բնույթի այլ թերացումներ և բացթողումներ՝ ևս:

 

Ըստ այդմ, Վերահսկիչ պալատը եզրակացնում է՝

 

1.         ՊՈԱԿ-ի կողմից գնում իրականացնելիս անտեսվել է «Գնումների մասինե  ՀՀ օրենքը:

2.         Ծրագրի համակարգողի և ծրագրի հաշվապահի կողմից տնօրենին ներկայացված զեկուցագրերում հարցազրուցավարների, փորձագետների կողմից մատուցված ծառայություների կատարման հիմնավորումը թերի է՝ մասնավորապես չի երևում, թե յուրաքանչյուր անձ տվյալ ամսում քանի խորացված, փորձագիտական հարցազրույցներ են անցկացրել և քանի ֆոկուս խմբերի են մասնակցել:

3.         Հարցազրուցավարները որոշ մարզեր գնալիս չեն օգտվել «Յանց սերվիսե ՍՊԸ-ի ծառայություններից, տվյալ մարզեր գնացել են պատահական տաքսիներով: Արդյունքում «Յանց սերվիս» ՍՊԸ-ին վճարած 1,919.5 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետբյուջե:

 

Բովանդակային հաշվետվությունում բացակայում են ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար մշակված իրավական նորմերը:

 

Վերահսկողության արդյունքների կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Վերահսկիչ պալատին է ներկայացրել պաշտոնական գրություններ արձանագրված խախտումների վերացման, շտկման և վերադարձման ենթակա գումարների, ինչպես նաև հետագայում հնարավոր խախտումները բացառելուն ուղղված առաջարկությունների մասով տարվող աշխատանքների մասին: Նշվում է, որ ստուգումներն իրականացվել են 2015թ.-ի սեպտեմբերի 22-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ը:

 

 Պատրաստեց՝ Լիա Խոջոյանը

 

Դիտումների քանակը` 842

Վերադառնալ վերև