Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Տավուշի անտառների բարիքը՝ կանանց շահույթի միջոց

Այրում ժամանեցինք  բրիտանական Բիգ Լոթըրի հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Անտառային  պտուղներ-շուկաներ  կանանց համար» ծրագրին տեղում ծանոթանալու համար: Ծրագիրը կոչված  է բարելավելու  Հայաստանի  գյուղական  բնակավայրերի աղքատ  բնակիչների և  նրանց  ընտանիքների կենսակերպը՝ անտառային  պաշարները  ներառող  արժեշղթաների ձևավորման և  կատարելագործման, ինչպես նաև կանանց տնտեսական  հնարավորություններ ընձեռելու միջոցով :  Նախագիծը   իրականացնում է  Օքսֆամի կողմից  հիմնված «Լճկաձոր» գյուղատնտեսական  սպառողական  կոոպերատիվը…

 

Ուշագրավ այս նախաձեռնության մանրամասները   WomenNet-ի  հետ զրույցում պատմեց  Օքսֆամ-ի հայաստանյան  գրասենյակի Գյուղական  համայնքների տնտեսական  զարգացման տարածաշրջանային ծրագրի ղեկավար  Հրաչյա Զաքոյանը: Նրա  խոսքով  ծրագիրն  իրականացվում է Հայաստանում և Վրաստանում՝  յուրաքանչյուր երկրից  ընդգրկելով  հինգական  համայնք: Հայաստանից  ծրագրում  ներառվել են Տավուշի  մարզի Այրում, Լճկաձոր, Արճիս, Հաղթանակ և Պտղավան  համայնքերը, որոնք անցյալ տարի համայնքների խոշորացման  հայեցակարգով  միավորվել են  Այրում  կենտրոնով: Սակայն  վերոնշյալ  համայնքերից առավել ակտիվություն են դրսևորել Լճկաձոր, Արճիս  և Այրում համայնքների կանայք, ովքեր  Տավուշի անտառներից  հավաքած բնամթերքի՝ մասուրի, ընկույզի,  հոնի, ալոճի,  մոշու ու  բազմատեսակ  խոտաբույսերի մշակման ու  վաճառքի արդյունքում բավականին լավ շահույթ են ստանում եւ դրա  շնորհիվ սոցիալական հազար ու մի խնդիր  լուծում:

 

Թեև Վրաստանին սահմանակից Այրում քաղաքի կայարանը  շփման  և առևտրի  հնարավորություն է տալիս,այնուհանդերձ կես  կամ  մեկ  կիլոգրամ  որակյալ և էկոլոգիապես  մաքուր հատապտուղների վաճառքով հնարավոր չէ ակնկալել առավել  շահույթ, ուստի.

 

-Այս  ծրագրով փորձում ենք կանոնակարգել, ստեղծել ավելի կայուն,  պայմանագրային  հարաբերություններ շուկաjի դերակատարների հետ, հստակեցնելու  համար բնամթերքի գինը,  քանակությունը,  վճարման  պայմաններն ու ժամկետները, որոնք էլ կնպաստեն  առավել հստակ  գործունեության  իրականացմանը: Բարեբախտաբար դա  մեզ հաջողվում է, – ասում է Հրաչյա Զաքոյանը: Նրա փոխանցմամբ շուկայում օրգանական արտադրանքի սերտիֆիկատ ունեցողների հետ ձեռք  բերած պայմանավորվածության  համաձայն Օքսֆամի  շահառուները նույնպես դարձան օրգանական արտադրության չափանիշներին համապատասխանող  հումքի մատակարարներ:

 

 Հրաչյա Զաքոյանի միջոցով  ծանոթացանք նաեւ «Լճկաձոր» կոոպերատիվի առաջատար, առավելագույն քանակությամբ  մասուր  հավաքած կանանց հետ,   նրանք են Հանիսյան Սուսաննան, ով  հավաքել է 272 կգ մասուր,Ներսիսյան Լարիսան՝ 236 կգ, Աբովյան Ժենյան՝ 164 կգ, Ներսիսյան Անահիտը՝ 145 կգ:

 

«Լճկաձոր» կոոպերատիվի առաջատար կանայք

 

68-ամյա Հանիսյան Սուսաննան 1976 թվականից ապրում է Այրում քաղաքում ու հեռվում փռված անտառների բերք ու բարիքից վաղուց է  օգտվում: Նա  տնտեսությունը վարելուց  բացի բնակավայրի հարս ու աղջիկների  հետ տարիներ շարունակ «սանրել» է անտառը,  ծանոթ է ամեն քար ու թփին: Թեև այսօր հարսների ու թոռների տեր է, բայց չցանկացավ  բավարարվել միայն տնամերձի մշակմամբ, ու քանի «ոտք ու ձեռքով է», որոշեց ընդգրկվել Այրում քաղաքում բացված  «Լճկաձոր» գյուղատնտեսական  սպառողական կոոպերատիվում:

 

 

-Անտառից  հիմնականում  հավաքում եմ հոն,  մոշ ու նաև սիբեխ, իսկ սեփական  տնամերձից ելակ ու ազնվամորի: Կոոպերատիվի ծրագրով  անտառային  պաշարներից  անհրաժեշտ էր  հավաքել  միայն որակյալ մասուր: Ինձ  չեմ  գովում,  բայց շատ արագ եմ  հավաքում, սովորել եմ արդեն: Անցյալ  տարի  հավաքել և հանձնել եմ  260 կիլոգրամ մասուր, կիլոգրամը 200 դրամով: Մենք  չենք  փաթեթավորում, պոլիէթիլային  տոպրակներով  հանձնում ենք, տեղում  կշռում  ու վճարում են: Գոհ եմ  իմ  վաստակից, աշխատել սիրում եմ,  միայն առողջությունս  տեղը լինի: Անտառ, գնալիս դեղերը գրպանումս են  լինում, մի խոսքով, պատրաստված  գնում եմ- ասում է տիկին Սուսաննան:  Բացի մասուրից տիկին Սուսաննան հավաքում է նաև  բանջար,  առողջ ու հյութեղ  բանջարի տեղերը լավ գիտի,  բերում, մաքրում, լվանում է  ու տոպրակների մեջ դրած վաճառում: Ունի  մշտական  պատվիրատուներ: Ճիշտ է, տղաները  բազմիցս արգելել են  գնալ անտառ, սակայն ինչպես  տիկին Սուսաննան է ասում՝ «գդալ-գդալ  բերած  ջրով դույլը  լցվում է» :

 

 

Աբովյան Ժենյան նույնպես կոոպերատիվի առաջավոր կանանցից է: Ապրում է Այրում քաղաքում: Հինգ  հոգուց  բաղկացած ընտանիքում աշխատող ձեռքը  ինքն ու  քարի արտադրամասում աշխատող  տղան են: Թոշակ է ստանում, երբեմն էլ այս ու այն  հարևանի  հողամասում գործ է անում, սեզոնին էլ անտառից  հավաքած մասուրը,  հատապտուղն ու սունկը վաճառում է,  սակայն լիարժեք ապրելու համար տղայի  վաստակածի հետ գումարը դարձյալ  չի  բավարարում:

 

 -Մասուրի որակյալն ու խոշորն ենք  հավաքում, որ տոպրակը շուտ  լցվի ու քաշն էլ ավել  լինի: Եթե  խոշորը չի լինում,  մեկ-մեկ էլ մանրն ենք  հավաքում,  բա  ի՞նչ անենք: Առողջության ու եղանակի  հետ կապված ամեն  օր անտառ  չեմ  գնում: Էն, որ  գումարը  ժամանակին  տեղը-տեղին  վճարում են, այդ  դա  շահագրգռում է  մեզ,- ասում է Ժենյան: Տիկնին Ժենյայի  պատվիրատուները  նույնպես  շատ են, մոտակա  շուկայում նրան սպասող  գնորդները կեսօրից արդեն  հերթ են  կանգնում: Ասել-խոսելով  գործն առաջ է  գնում,  գնի  հարցում էլ հարմարվում են, առողջ   ու մաքուր մթերքից ինչու պիտի հրաժարվեն: Վաճառքից մնացած  մթերքը որպեսի չփչանա տիկին Ժենյան  հարսների օգնությամբ հյութ  է  պատրաստում, «երկար ձմեռ է,  տան անկյունում պիտի մի  բան  մնա՞, թ՞ե չէ »,- ասում է նա:

 
Լարիսա Ներսիսյանը 1970 թվականից ապրում է Այրումին  հարակից Արճիս  համայնքում, ընտանիքում վեց հոգի են՝ ինքը, ամուսինը, տղան, հարսն ու երկու թոռները: Իր պատմելով, վեց  հոգանոց  ընտանիքի մեծահասակներից  ոչ ոք  չի աշխատում, սակայն  ապրում են  նորմալ: Գաղտնիքը տան տիկնոջ կողմից տնտեսության գրագետ վարման,  զսպվածության, խնայողության  և  ճարպկության մեջ է:

 

-Եթե տան կինը շռայլող եղավ, այդ  տունը տուն  չի  դառնա,-համոզված է Լարիսան:

Ամուսինն ու տղան արտագնա աշխատանքի  չեն  մեկնում,   գարնան սկզբից  նրանց կարելի է  տեսել հողամասում կամ անասնագոմում: Տեսադաշտում  մշտապես ժրաջան Լարիսան է անասնագոմից  հավաբուն, ու մինչ հարսը « նախաճաշի սեղան  կգցի», Լարիսան ձեռքերն է  լվանում: Նախաճաշից  հետո ամուսնու հետ  սեփական ավտոմեքենայով  գնում է  անտառ՝ մասուր,  մոշ, սինձ  հավաքելու: Այնուհետև տեսակավորելուց,  կոոպերատիվի բաժինը հանձնելուց  հետո Լարիսան  զբաղվում է մոշի ու սնձի առևտրով:

 

-Սնձի պատվիրատուները  շատ են, քանի որ այն  շատ  օգտակար և առողջարար է,-պատմում է  Լարիսան,- Օր է  լինում  շատ ենք  հավաքում, օր էլ  լինում է, որ դժգոհ եմ  իմ հավաքածից, արյան  ճնշում ունեմ,  հիվանդ եմ,  երկար ժամանակ  չեմ  կարողանում  կռացած  հավաքել: Մի Ֆորդ ու մի Ժիգուլի ունենք, դրանք  իմ  խնայողություններով ենք  գնել, եթե  շռայլող  լինեի,  այսօր հավանաբար տանիք էլ  չունենայի  գլխիս:

 

Լարիսան կոոպերատիվում  ընդգրկվել է  տարիներ առաջ: Միայն  անցյալ տարի  նա  հավաքել  և  կոոպերատիվին  հանձնել է 238 կիլոգրամ  մասուր,  ամուսնու հետ միասին  օրվա  հավաքած մոշն ու  հոնը 10-15 հազար  դրամով  վաճառում է շուկայում: «Եթե  դժվարություններին  նայես,  ձեռքերդ  ծալած պիտի նստես, անընսհատ  մտածում եմ, թե  էլ  ինչո՞վ  կարող եմ  զբաղվել,  գումար  վաստակել»:

29- ամյա Անահիտ Ներսիսյանը  նույնպես  Արճիս  համայնքից է: Անհաջող ամուսնության  արդյունքում երկու երեխաների  հետ ապրում է հոր տանը, ծնողների և կրտսեր եղբոր ընտանիքի  հետ: 11 հոգուց  բաղկացած ընտանիքին կերակրելն այնքան  դյուրին չէ, ուստի Անահիտը չի զլանում   իր բաժին մասնակցությունն ունենալ այդ  գործում: Անահիտն ավարտել է Երևանի Մ.Խորենացու ավան համալսարանի իրավաբանական  բաժինը, սակայն  երեխաների պատճառով  ուսումը կիսատ է  մնացել: «Լճկաձոր»   կոոպերատիվում աշխատում է  մոր հետ, մշտապես  մասնակցում է  մասուրի  հավաքմանը, անցյալ  տարվա  ցուցանիշը  գոհացնող է՝ 145 կիլոգրամ  մասուր: Դրանից  բացի անտառից  հավաքած հոնը, մոշն, բանջարն ու սինձը վաճառում է Այրում  կայարանի  մերձակա  շուկայում: Ասում է,  ավտոմեքենա  ունեալու դեպքում կկարողանար Վրաստանից վաճառքի  նպատակով  ապրանք  կամ  մթերք բերել: Իսկ  ուրիշին  չի  կարող ամեն  անգամ դիմել:

 

-Ցանկանում եմ մասնակցել Երևանում  կազմակերպվող  գյուղատնտեսական  ցուցահանդեսներին, երազում եմ ունենալ  իմ սեփական  տունը,  զբաղվել երեխաներիս  դաստիարակությամբ, ավարտել  կիսատ թողած ուսումս,-պատմում է Անահիտը:

 

 

Մասուրի  հավաքման  դժվարին  գործն ավելի դյուրին ու արդյունավետ է   դարձնում Օքսֆամի    կողմից  տրամադրված արտահագուստը, որից Անահիտը  շատ  գոհ է: «Երանի թե  նման  կազմակերպություններ շատ լինեն, շատ մեծ  օգնություն են տրամադրում համայնքներին: Իրենց անսպառ  հնարավորություն ու հաջողություն եմ  մաղթում»,-մեր զրույցի  վերջում ասաց Անահիտը:

 

Հատապտուղ հավաքելու  նորամուծությունները

Մասուրի հավաքման  դժվարագույն աշխատանքը թեթևացնելու և անվտանգության նկատառումներից  ելնելով կոոպերատիվը  կանանց տրամադրել է արտահագուստ՝ գլխարկ և  կոշիկներ, իսկ  հատապտուղների հավաքման  համար հատուկ  գործիք՝ բերրի փիքըր, որը  հաջողությամբ  կիրառվում է Սկանդինավյան  երկրներում, այն նպաստում է աշխատանքի արտադրողականության  բարձրացմանը:

 

-Շուկայում մասուրի պահանջարկը մեծ է, և որպեսզի կանայք մեկ  օրում  հավաքեն  ոչ թե 20 կլիոգրամ մասուր, այլ ավելին, հասկացանք, որ միայն  այդ  սարքի  կիրառմամբ  կարելի է  հասնել ցանկալի արդյունքի: Հայաստանում տարբեր  գործիքների  խանութներում  փնտրեցինք նմանատիպ սարք, զանգեցինք այս ու այն  կողմ, պարզվեց Ռուսաստանում այն  շատ թանկ արժե, մենք  տեղում  գտանք  համապատասխան  մասնագետների, ովքեր կարողացան  ստեղծել այնպիսի չափերի  ու  հարմարավետ սարքեր,  ինչպիսին ուզում էինք: Այսօր արդեն  կանայք օգտագործում են այդ  սարքերը և արդյունքը բավական գոհացնող է ,- պատմեց Հ. Զաքոյանը, հավելելով, որ իրենք առաջարկել են  մասուր  հավաքելու  մեկ այլ,  պարզագույն  տարբերակ՝ երկու ծայրերից  կտրած  և թևին  հագցրած պլաստմասսայի շշի կիրառումն  օգնում է  առանց ձեքերը  վնասելու հավաքել ցանկացած քանակության  մասուր:

 

Սառնարանային տնտեսությունից դեպի գործարան

 

Զրուցեցինք նաեւ «Լճկաձոր» գյուղատնտեսական սպառողական  կոոպերատիվի  տնօրեն Ռուսլան Անտոնյանի հետ , ով  պատմեց, որ  Օքսֆամի ի աջակցությամբ 2011 թվականին Այրումում  հիմնադրված իրենց կոոպերատիվը ունի սառնարանային  տնտեսություն,  պահեստ և մթերման  կետ, էլեկտրական  և գազի չորանոցներ ու  նաև  տրանսպորտային  միջոց: 190 խորանարդ  մետր սառնարանային տնտեսություն, որտեղ իրականացվում է պաշարների պահպանություն,  հիմնվել  և   կոոպերատիվի  շագահործման  է  հանձնվել Օքսֆամի և Հազարամյակի  մարտահրավերներ  հիմնադրամ-Հայաստանի  « Ջրից  դեպի  շուկա»  ծրագրի համատեղ  ջանքերով: Ամտոնյանը պատմեց նաեւ «Այրում Ֆրութս» մրգի և հատապտուղների վերամշակման գործարանի մասին:  Համայնքային այս բացառիկ ձեռնարկությունը կառավարվում է «Լճկաձոր» կոոպերատիվի ու նրա հինադրած «Միրգ ՍՊԸ »-ի կողմից :

 

– «Այրում Ֆրութս»-ին` յուրօրինակ բիզնես մոդել է , որի սեփականատերերը ու կառավարիչները կոոպերատիվի անդամ ֆերմերներն են:  Ընկերության տեսականին ներառում է կոմպոտներ, մուրաբաներ և ջեմեր` պատրաստված շրջակա համայնքներում բնականին մոտ եղանակով աճեցվող կամ հարակից անտառներից հավաքված թարմ մրգերից և հատապտուղներից։ Գործարանը  որը տնօրինվում և կառավարվում է համայնքային կոոպերատիվի կողմից, սոցիալական ձեռնարկության օրինակ է:  Այն նպատակ ունի համայնքի սոցիալական խնդիրները լուծելու: Ձեռնարկությունում  հիմնականում կանայք են աշխատում,ուստի կարելի է ասել, որ կոոպերատիվը կանանց  համար զբաղվածության  խնդիր է  լուծում, դրանով իսկ մեղմելով  շատ ու շատ ընտանիքների սոցիալակնա վիճակը», – ասաց Ռ. Անտոնյանը:

 

 

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 1513

Վերադառնալ վերև