Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Տատս, աղքատությունը, սովն ու պատերազմը

 

-Տատ, կպատմե՞ս էն պատմությունը, որ ուտելու բան չկար, ստից ամանները լվում էիք, բակի սեղանին շարում, որ հարևանները չիմանային` սոված եք մնացել:

 

-էնքան բան եմ տեսել, դա ի՞նչ էր, մեծ մասն էդ վիճակում էր, պատերազմ էր, անցավ-գնաց:

 

Տատս, աղքատությունը, չարչարանքն ու այլ դժվարություններ երկար տարիներ իրար հետ համերաշխ ու անբաժան ապրել են: Նայում եմ մոտ 80-ամյա տատիկիս դեմքին: Տանջանք, չարչարանք, զրկանք. ամեն անգամ էս բառերն եմ դաջված տեսնում նրա աչքերում, ճակատի, այտերի, ձեռքերի կնճիռներին:

 

Գեղարքունիքի գյուղերից մեկում` Երանոսում ծնված աղջնակին շուտ ամուսնացնում են, իսկ մինչ այդ հայրը գնացել էր պատերազմ/երկրորդ աշխարհամարտ/ չէր եկել, հողի ու մնացած ծանր գործը մոր հետ կիսում էին երեխաները` հանդ գնալ, խոտ քաղել, կապել, բերել, տեղավորել…

 

-Գյուղում մեծ մասն այդպես էին անում, որ իրենց գոյությունը պահին-պահպանեին: Սպասում էինք, մտածում էինք` մի օր պապաս կգա, լավ կլինի…

 

Լավ օր տատս այդպես էլ չի տեսնում, կյանքում գոնե մի օր իրեն կին չի զգացել, արդուզարդ, հարդարանք, նման բաներ երբեք չի ունեցել, չի շպարվել…

 

Արդեն Արարատի մարզի գյուղերից մեկում բնակություն հաստատած, երիտասարդ տարիքում բազմազավակ դարձած տատուս վրա նորից բազմանդամ ընտանիքի հոգսն է ծանրանում: Ամուսնու` պապիկիս, ում չեմ տեսել, սիրտը հիվանդ էր, մեծ մասամբ հիվանդանոցներում էր: Վեց երեխա պահելը, թեկուզ սովետի ժամանակ, հեշտ չէր:

 

-Տղամարդկանց հետ էի աշխատում: Այգեթաղ էի անում, այգեբաց, փոր անում: Տղամարդկանց գործը ծանր էր, իրենց շատ էին փող տալիս: Ես էլ ասում էի, հիմնական աշխատողը ես եմ…Տղամարդկանց հավասար աշխատում էի, բրիգադիրը միշտ գովում էր, ոչ մի սանտիմետր հետ չէի ընկնում…

 

Պապս մահացել է իմ ծնվելուց մի քանի օր առաջ` այդպես էլ չտեսնելով առաջնեկ որդու առաջնեկին: Վեց երեխաներից երկուսն էին ամուսնացած, մնացած չորսի ուսման, ամուսնության ու հետագա այլ ծախսերն ու մնացած հոգսը մոր հետ կիսում է որդին` հայրս: Հիմա` արդեն երկու տարի, տատս մայրիկիս հետ է կիսում բազմանդամ ընտանիքի հոգսը:  Հայրս չկա…

 

Ղարաբաղյան պատերազմի օրերին, երբ փոքր էի ու շատ բան չէի հասկանում ռեֆորմից, փոխվող փողերից, կտրոնից, հիշում եմ միայն, որ հաց ճարելը դժվար էր, տրանսպորտը կամ չկար կամ շատ թանկ էր: Միակ հասանելի տարբերակը «էլեկտրիչկան» էր, որի մեր գյուղին ամենամոտ կանգառը կողքի գյուղում էր` մի քանի կիլոմետր հեռու: Օր ու մեջ հայրս տատիկիս ճանապարհում էր Երևան: Այստեղ հորաքրոջս տղան ինչ-ինչ դժվարություններ հաղթահարելով կարողանում էր մի քանի հաց ավել ձեռք գցել: Սեդա տատիկս ծանր  կապոցները վերցնում էր, հետ վերադառնում գյուղ, հայրս դիմավորում էր: Հինգ երեխա հացի էին սպասում, մի քանիսն ուտում էինք, մի քանի հատը վաճառում, որպեսզի կարողանայինք Երևան հասնելու ճանապարհածախսն ու հաջորդ անգամ հաց առնելու գումարը հոգալ… Ես էլ էի օգնում: Դասից հետո հացը գյուղամիջում կանգնած ես էի վաճառում, կոպեկները տաս-տասնհինգ-քսան անգամ հաշվում, հանկարծ այնպես չստացվի հացի ու տատիկի էլեկտրիչկայի տոմսի փողից պակասի:

 

Տատիս աչքերից այսօր էլ արցունքը չի պակասում: Միայնակ մնալիս ավելի հաճախ է արտասվում: Կորցրած ամուսնուն մոռացել է, որդու կորուստն է սգում: Երկու պատերազմ` իր բոլոր հետևանքներով, սով, աղքատություն, զրկանքներ տեսած կինն այսօր բախտն ու դրա մեղավորիներին չի անիծում, չարությամբ չի լցվում, ուրախանում է թոռներով, 17 թոռներից 5-ն արդեն երեխա ունեն, մեկը շուտով կունենա, մյուսն էլ պատրաստվում է ամուսնանալ, մի թոռը զինվոր է, ամեն նրա տուն գալուց մանկան պես ուրախանում է, կողքերը ման գալիս, անելիքը չիմանալով…

 

Հաճախ մի երազանքի մասին է  բարձրաձայնում, հնարավորինս շուտ գնա զրկանքներով լի այս աշխարհից, հանգստանալ է ուզում, ամեն ինչ տեսել է…

Հ. Կարապետյան

Լուսանկարը՝ Ումիդա Ախմեդովայի

Դիտումների քանակը` 2242

Վերադառնալ վերև