Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Տարեցները` Հայաստանում եւ աշխարհում

Այսօր աշխարհում նշվում է տարեցների օրը: Վերջերս  Global Age Watch Index-ը հրապարակել էր  թոշակառուների համար լավագույն երկրների նոր վարկանշային աղյուսակը: Աղյուսակը կազմելիս մասնագետները հաշվի են առել տարեցների կյանքի որակը բնութագրող  չորս գործոն՝ եկամուտ, առողջություն, կարողություններն ու շրջակա միջավայրը:

 

Հայաստանը աղյուսակում 43-րդ հորիզոնականում է  ցանկում ընդգրկված  96 երկրից Ըստ այդ զեկույցի, 2015-ին տարեցները կազմում են Հայաստանի բնակչության 16.3 տոկոսը, 2030-ին կկազմեն` 23.8 տոկոսը, իսկ 2050-ին` 33.1 տոկոսը:

 

Թուրքիան 75-րդ հորիզոնականում է, Վրաստանը՝ 29-ում: Ռուսաստանը 65-րդ հորիզոնականում է: Աղյուսակը գլխավորում են Շվեյցարիան, Նորվեգիան, Շվեդիան, Գերմանիան, Կանադան, Հոլանդիան: Աղյուսակի վերջին հորիզոնականներում են Տանզանիան, Պակիստանը, Տանզանիան, Աֆղանստանը:

 

Տարեցների օրվա առթիվ Womennet.am-ը փորձեց պարզել, թե ինչ դժգոհություն ունեն տարեցները, բավարարում է նրանց տրամադրվող կենսաթոշակը, որքանո՞վ է Հայաստանը բարենպաստ երկիր տարեցների համար:

 

Հայաստանի տեսարժան վայրեր այցելող արտասահմանցի տարեց զբոսաշրջիկներին հայաստանցի հասակակաիցները նախանձով են նայում: 75-ամյա տիկին Սեդան, որ ապրում է Արարատում, նույնիսկ զարմանում է, որ այդ տարիքում էլ մարդիկ հավես, հնարավորություն ու հետաքրքրություններ ունեն` ինքնաթիռ նստելու, երկրերկիր շրջելու համար:

 

«Ես մտածում եմ, կյանքն ավարտված է: Ուրախանում եմ իմ թոռնիկներով, երեխաներով, բայց որ գնամ երկիր ման գալու, դա արդեն անհավատալի բան է»,-Womennet.am-ի հետ զրույցում ասաց գյուղաբնակ կենսաթոշակառուն:

 

Նա 39 հազար դրամ թոշակ է ստանում, երիտասարդությունն անցել է սովխոզի այգիներում: Հիմա չի էլ հաշվել, թե մենակ ապրելու դեպքում ինչ կարող էր անել 39 հազար դրամով:

 

Երևանաբնակ  63-ամյա Անահիտը, ով մասնագիտությամբ քիմիկ է, WomenNet.am-ի հետ զրույցում պատմեց, որ երկար տարիներ աշխատել է ռազմական կարևոր նշանակության երևանյան գործարաններից մեկում: Նա թոշակի է անցել 58 տարեկանում: «Առողջությունս եմ վտանգել, իսկ պետությունն այսօր   դրա դիմաց ինձ վճարում է 41 հազար 600 դրամի չափով թոշակ: Պետությունը փաստորեն այդքան է գնահատում  իմ աշխատանքը, սակայն դա արդարացի չէ, ինչո՞ւ պետք է ես՝ բարձրակարգ մասնագետ լինելով այդքան թոշակ ստանամ: Այսօր առողջական խնդիրների պատճառով չեմ կարողանում նույնիսկ տանից դուրս գալ: Այդքան գումարով ինչպես հնարավոր է ապրել, մինիմալ ծախսերի դեպքում էլ գումարը նույնիսկ չի բավականացնի: Փառք Աստծո, երեխաներ ունեմ, որոնք միշտ իմ կողքին են, ցանկացած խնդրի դեպքում ինձ օգնում են, բայց ինչո՞ւ պետք է ես այսօր չստանամ այնքան թոշակ, որպեսզի գոնե բժշկական հարցերն իմ թոշակով լուծեմ»,-սրտնեղեց տիկին Անահիտը:

 

Նա միայն իր մասին չէ, որ մտածում է: Հասակակից ընկերուհին միայնակ  է ապրում. «Հազիվ է կարողանում ծայրը ծայրին հասցնել: Զավակներ չունի, միայնակ թոշակառու է: Հատկապես դժվար է ձմռան ամիսներին, երբ բարձր վախից ընդամենը մի քանի ժամ է բնակարանը ջեռուցում»:

 

Հայաստանցի տարեցների մեծ մասի համար անհասանելի են իրենց այդքան անհրաժեշտ բժշկական ծառայությունները, պահանջվող դեղամիջոցները շատերը ձեռք են բերում մեծ դժվարությամբ: Հանուն արդարության նշենք, որ դրանցից մի քանիսը անվճար կերպով տրամադրում է պետությունը:

 

Սոցապ պետական ծառայության տրամադրած տվյալների համաձայն, վերջին մի քանի տարիների ընթացքում ամեն տարի  կենսաթոշակի չաթն ավելանում է: Դրան զուգահեռ տարեցտարի ավելանում է կենսաթոշակառուների թիվը:

 

«Վերջին 5 տարիների ընթացքում չնայած կենսաթոշակառուների թվի աճին, արդյունավետ աշխատանքի շնորհիվ աճել է աշխատանքային կենսաթոշակի միջին չափը»,-նշում են ծառայությունից:

 

Օրինակ 2011-ին, հանրապտությունում կենսաթոշակառուների թիվը եղել է 509 312, աշխատանքային կենսաթոշակի միջին չափը` 28701 դրամ: 2015-ին կենսաթոշակառուների թիվը հասել  է 527614-ի, իսկ կենսաթոշակի միջին չափը` 40593 դրամի:

 

Վերջերս ամերիկյան հեղինակավոր «CFA Institute» կազմակերպությունը անդրադարձել է կենսաթոշակային ապահովության խնդրին՝ հարցման միջոցով փորձելով պարզել, թե ո՞վ է պատասխանատու կենսաթոշակային տարիքի անձանց բարեկեցության ապահովման համար: 814 հարցվածների ճնշող մեծամասնությունը՝82%-ը կարծիք է հայտնել, որ բարեկեցիկ ծերության համար պատասխանատու են անհատ աշխատողները, ովքեր սեփական կուտակումների միջոցով պետք է պատասխանատու լինեն և արդյունավետ կառավարեն սեփական կուտակումները: 11%-ը նշել է, որ բարեկեցիկ կենսաթոշակային ապահովման հարցում պատասխանատու են գործատուները և միայն 7%-ն է այդ գործառույթը վերապահում պետությանը:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը՝ ներկայացնելով Հայաստանի ժողովրդագրական տվյալների վերաբերյալ կանխատեսումները, հայտարարել էր, որ եթե 2015 –ին ունենք մոտ 5,4 աշխատող, որոնք աջակցում են կենսաթոշակային տարիքի մեկ չաշխատողի, ապա 2100-ին լավատեսական կանխատեսմամբ ՝ 2,4 աշխատողը կաջակցի 1 թոշակառուին, իսկ հոռետեսական կանխատեսմամբ 1 աշխատողը՝ 1 թոշակառուին:
«Սա բավականին լուրջ և մտահոգիչ խնդիր է, քանի որ սա բերելու է մի մեծ սոցիալ-տնտեսական բեռ աշխատող բնակչության վրա և չի աշխատելու սերունդների համերաշխության սկզբունքը»,- ասել էր նա:

 

Հ. Կարապետյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Որտե՞ղ են տարեցները լավ ապրում

Հայաստանը ծերացող երկիր է

«Աշխարհում շատ երկրներ կան, որտեղ տարեցներին չեն սիրում այնպես, ինչպես…»/ վիդեո

Միխայիլ Ժվանեցկի. «Մի ողջ սերունդ անհայտացավ , և ոչ ոք չի հարցնում` ուր են նրանք»…

Երկրի բնակչությունը ծերանում է…

Խոսքը ժողովրդագրական ճգնաժամի մասին է …

 

 

Դիտումների քանակը` 1270

Վերադառնալ վերև