Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Տարեցների թիվն ողջ աշխարհում է աճում/ լրացված

Աշխարհում այսօր 60 տարեկանից  բարձր տարիքի   700 մլն մարդ է  ապրում: ՄԱԿ-ի գնահատականներով 2050-ին այն թիվը կհասնի 2 մլրդ՝ կազմելով  աշխարհի բնակչության ավելի քան  20 տոկոսը:   Հայաստանում  2015թ-ի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության 12.6 տոկոսը կամ շուրջ 323 հազարը կազմում են տարեց մարդիկ եւ այդ թիվը աճի միտում ունի:

 

Ներկայացնելով  Տարեցների միջազգային օրվան նվիրված ասուլիսում այս տվյալները  Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշեց, որ  նախորդ տարիների համեմատ տարեցների թիվը  մեր երկրում ավելացման միտում ունի:

 

«1990թ-ին տարեցները ՀՀ բնակչության կառուցվածքում կազմել են ընդամենը 7.1 տոկոս,  2001թ-ին՝   ՀՀ 3.2 մլն  բնակչության կառուցվածքում կազմել են 11.8 տոկոս, ներկայումս, ինչպես նշեցի, 12,6 տոկոս: Սա նշանակում է,  որ 25 տարվա ընթացքում մեծահասակ բնակչության մասնաբաժինն ավելացել է, այլ կերպ ասած՝ արձանագրվել է ժողովրդագրական ծերացում»,- նշեց Կ.Կուկումջյանը:

 

Պաշտոնյան այս իրավիճակը մի շարք գործոններով պայմանավորեց՝ ծնելիության նվազում, մահացության որոշակի  ավելացում, բնակչության տեղաշարժ՝ արտագաղթ և այլն:  Համեմատության կարգով  նշեց, որ ՀՀ բնակչության 20.5 տոկոսը կազմում են 0-15 տարեկանները, իսկ 16-62 տարեկանները, այսինքն աշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է  66.9 տոկոս:

 

Կ.Կույումջյանը տեղեկացրեց նաև, որ 65 տարեկանից բարձր տարեցների թվաքանակում կանայք ավելի բարձր տոկոս են կազմում՝ 323 հազար տարեցների շուրջ 40 տոկոսն են միայն կազմում տղամարդիկ, 60 տոկոսը կանայք են:
Փոփոխության է ենթարկվել նաև բնակչության կյանքի սպասվող միջին տևողությունը: Այդպես,  2014-ին Հայաստանում բնակչության կյանքի սպասվող միջին տևողությունը կազմել է 75 տարի: Կանանց համար այդ տարիքը կազմում է 77.1, իսկ տղամարդկանց համար՝ 71.8 տարի, այսինքն կանանց և տղամարդկանց միջև կյանքի տևողության  գրեթե 6 տարվա տարբերություն է ակնհայտ.

 

«Հարկ է նշել, որ ծերացման գործընթացն իր ազդեցությունն է ունենում նաև մեր երկրի բնակչության միջին տարիքի ցուցանիշի վրա, որն այսօր կազմում է 37.7 տարի: Տղամարդկանց դեպքում այն ավելի ցածր է՝  34 տարի, իսկ կանանց համար 37.3  տարի»,- նշեց տիկին Կույումջյանը` հավելելով, որ տարեցների թվի ավելացումը խոսում է այն մասին, որ այս տարիքային խմբի անձինք սկսել են ավելի  երկար ապրել, ինչն անշուշտ դրական տեղաշարժ է, բայց հասկանալի է նաև, որ որոշակի որոշումներ են անհրաժեշտ սոցիալական և կենսաթոշակային ոլորտներում՝ նրանց կյանքն ավելի հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու համար:

Լիա Խոջոյան

Ասուլիսի տեսագրությունն  այստեղ. 

 

Հ.Գ.  Այսօր  Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված  Ծերության եւ առողջության  մասին համաշխարհային  զեկույցում  նշված է, որ 60 տարեկանից մեծ երկրագնդի բնակչության թիվը 2050 թվականին կաճի ավելի քան 2 անգամ և կգերազանցի 2 միլիարդը:  Դա նշանակում է , որ պատմության մեջ առաջին անգամ մարդկանց մեծամասնությունը կարող է հույս ունենալ, որ կապրի 60 տարուց ավելի: Այսպիսով տարեց մարդիկ կկազմեն մոլորակի բնակչության 22 տոկոսը, այսօր այդ ցուցանիշը 12 տոկոս է: 


Բացի այդ, ԱՀԿ փորձագետները կանխատեսում են 80 տարեկան մարդկանց քանակի աճը: 2050 թվականին նրանց թիվը այսօրվա 125 միլիոնից կհասնի 434 միլիոնի: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ ավելի երկար կյանքը  դեռեւս չի նշանակում, որ մարդիկ  այն ավելի առողջ են ապրում եւ հենց այս խնդիրն է  լուծումներ պահանջում  ողջ մարդկության մասշտաբով:  

 

Ծանոթացեք  զեկույցին անգլերեն եւ ռուսերեն .

World report on ageing and health

Всемирный доклад о старении и здоровье

 

Դիտումների քանակը` 2413

Վերադառնալ վերև