Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Տարեցների խնամք. ինչ ռիսկեր է պարունակում խնամատար ընտանիքի գաղափարը

Այս տարվա օգոստոսին ՀՀ Կառավարությունը ներկայացրել էր «Խնամատար ընտանիքի կողմից տարեցին՝ նրա տանը խնամքի ծառայություններ մատուցելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այս նախագծով նախատեսվում է, որ տարեցներին կարող են խնամել միայն այն ընտանիքները, որոնք չունեն սեփականություն և պարտադիր պետք է բնակվեն տարեցի տանը: Ըստ հիմնավորման՝ օգուտը կլինի երկկողմանի՝ խնամատար չունեցող տարեցը կունենա խնամատար, իսկ բնակարան չունեցող ընտանիքը՝ բնակության վայր: Այս ամենը դեռ քննարկման փուլում է, և այդ համատեքստում հետաքրքիր է թե ինչպես է ընկալվում խնամատար ընտանիքի  գաղափարը հանրության շրջանում: 

 

 

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ի կողմից 2018 թվականին  անցկացված «Տարեցների խնամքը խնամատար  ընտանիքներում իրականացնելու պահանջարկի ու հնարավորության մասին  ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ   հասարակությունը  կարևորում է տարեցների խնամքը և այդ նպատակով ճիշտ է համարում, որպեսզի նախատեսվեն լրացուցիչ մի շարք ծառայություններ նրանց համար: Մասնավորապես, ստեղծվեն ցերեկային կենտրոններ, ներդրվեն անվճար բժշկական ծառայություններ, տնային խնամք և տնային սպասարկում իրականացվի,  բարձրանան թոշակները, ինչպես նաև ներդրվեն խնամատար ծառայություններ երկրում:

 

 

Միևնույն ժամանակ հարցվածների զգալի մասը (64%) չէր համաձայնի դառնալ խնամատար ընտանիք ծեր մարդու համար, իսկ նման ցանկություն են հայտնել հարցվածների միայն 14%-ը: Ընդ որում, չցանկացողների ճնշող մեծամասնությունը բնակվում է Երևանում՝ 74%: Առհասարակ, հարցվածների հիմնական մասը՝ 89%-ը գտնում է, որ ծերերի մասին գլխավորապես պետք է հոգ տանեն զավակները, 69%-ը նշում է, որ պետությունը, 17%-ը՝ իր համայնքը:

 

 

Իսկ ահա իրենք՝ տարեցները, գտնում են, որ մեր հասարակությունում տարեց մարդկանց անհրաժեշտ են՝ անվճար բժշկական ծառայություններ (31%-ը), տնային խնամքի և տնային սպասարկման ծառայություններ (20%-ը), թոշակի բարձրացում (12%-ը), լրացուցիչ գումար (11%-ը), ինչպես նաև ժամանցի կազմակերպում, ցերեկային կենտրոններ, ուշադրություն, ջերմ և հոգատար վերաբերմունք և այլն:

 

 

WomenNet.am-ը զրուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության բաժնի պետ Արմինե Մխիթարյանի հետ պարզելու, թե ինչ ռիսկեր է պարունակում  տարեցների համար խնամատար ընտանիքի ներդրման գաղափարը: Մյուս կողմից որքանո՞վ է մեր պետությունը պատրաստ ապահովել խոցելի խումբ համարվող տարեցների արժանապատիվ ծերությունը:

 

 

Որքանո՞վ է հայ հասարակության համար ընդունելի տարեցի համար խնամատար ընտանիք  լինելու գաղափարը և արդյոք տարեցների  շրջանում կա՞ այդ պահանջարկը:

 

-Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության 13-14%- ը պատրաստ է  այդ մոդելի ներդրմանը  և պատրաստ է խնամատար լինել տարեցի համար: Տարեցների շրջանում  ցանկացողների  տոկոսն ավելի ցածր է, քանի որ այստեղ շատ լուրջ դերակատարում ունի այն, թե ո՞ր մոդելը կընտրվի՝ երբ ընտանիքն է վերցնում իր տանը խնամում տարեցին, թե հենց տարեցի տանն է ապրելու խնամատար ընտանիքը: Պետությունը, կարծես, հակված է հետևյալ մոդելին՝ բնակարան չունեցող երիտասարդ ընտանիքը խնամի տարեցին իր տանը այն պայմանով, որ հետո բնակարանը կմնա իրենց:

 

Իսկ Ձեր  կարծիքով ո՞ր մոդելը Հայաստանում կաշխատի:

 

Հիմա մի քանի մոդելների շուրջ են քննարկումներն ընթանում. Կա փոքր տների ներդրման մոդել, որը շուրջօրյա խնամք կապահովի, բայց անհամեմատ շատ ավելի  լավ պայմաններով, քան այսօր գործող տուն-ինտերնատներում՝  ծերանոցներում: Հաջորդը տնային խնամքի ուժեղացումն է, ինչը տարեցների կողմից ավելի ընդունելի է, որպեսզի նրանք տանը խնամվեն, ոչ թե տեղափոխվեն հաստատություն կամ տանից դուրս գան: Որովհետև տարեցներն իրենց ավելի կոմֆորտ ու ապահովված տանն են զգում: Քննարկվում է նաև ցերեկային կենտրոնների հարցը, որտեղ կապահովվի տարեցների ժամանցը, հասակակիցների հետ շփումը և այլն, այսինքն՝ տարեցն ապրում է իր տանը, բայց ցերեկը ժամանակ է անցկացնում այդ կենտրոններում:

 

-Եվ ո՞րն է ամենաօպտիմալը, որ բոլորին  էլ կգոհացնի:

 

-Ինձ թվում է, եթե ներդրվի փոքր տների գաղափարը և դրանում մասնակցի նաև բիզնեսը, ապա լավ կլինի: Մենք նման օրինակներ տեսնում ենք արտերկրում, որտեղ գործում են այդ պանսիոնները՝ շենքային նորմալ պայմաններով, միմյանց հետ շփվելու հնարավորությամբ և համալիր ծառայություններով: Բացի այդ, կարծում եմ, որ տնային խնամքն էլ բավականին պահանջված ծառայություն է, որ մարդիկ հենց իրենց տանը ստանան այդ ծառայությունները, ոչ թե հաստատություններում: Բայց այս ամենում, իհարկե, ամենակարևորն այն է,  որ առողջապահական ծառայությունները լինեն մատչելի տարեցների համար:

 

Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք տարեցների  կյանքը Հայաստանում. մենք տարիներ շարունակ խոսում ենք այն մասին, որ թոշակները ցածր են, առողջապահությունը հասանելի չէ, կյանքը 50-60-ից հետո կանգ է առնում և այլն:

 

-Այսօր էլ, երբ տարեցների հետ խոսում ենք, հիմնական պահանջը թոշակի բարձրացումն է՝ մարդիկ գումար են ուզում և մատչելի առողջապահական ծառայություններ: Դա է, որ տարեցներին հետաքրքրում է առաջին հերթին: Բացի այդ, առողջարանային բուժում ու հանգիստ են ուզում, ազատ ժամանակի խնդիր ունեն, թե ինչպես կազմակերպեն իրենց ազատ ժամանցը, ընդհուպ մինչև ավելի մատչելի պայմաններով վարկեր տարեցների համար՝ այո, նման ցանկություն ևս հայտնում են: Կարևոր խնդիրը, ըստ իս, այն է, որ մենք վերջապես ունենանք ծերաբուժություն: Այդ ուղղությամբ արդեն որոշ քայլեր արվում են, մի քանի տարի է, ինչ ծերաբույժի դասաժամերի ավելացում կա, բայց դեռ մասնագիտացում չկա՝ ժամանակ է պետք, որ Հայաստանում վերջապես ունենանք ծերաբույժներ:

 

Հայաստանը, ինչպես հայտնի է, ծերացող երկիր է, բնակչության 13 տոկոսը 60 տարեկանից բարձր է, իսկ սա շատ լուրջ թիվ է, և ծերաբուժություն ուղղակի պարտավոր ենք ունենալ:  Որովհետև, եթե այսպես շարունակվի, ապա մենք կունենանք ոչ թե ծերացող, այլ ծերացած հասարակություն:

 

Այս բոլոր քննարկվող մոդելներում կարևոր դերակատարում պետք է ունենա սոցիալական աշխատողը: Մենք մշտապես լսում ենք այն մասին, որ Հայաստանում կա ներդրված սոցիալական աշխատողի ինստիտուտ, բայց որքանո՞վ է այն իրականում օգնում հենց նույն տարեցներին իրենց առօրյա հոգսերում:

 

-Իրականում Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների մոտ դա շատ ավելի լավ է ստացվում, քան պետության մոտ՝ նույն «Առաքելություն Հայաստան», «Կարիտաս» ՀԿ-ները ունեն տարիների փորձ, իրենց սոցիալական աշխատողները շատ լավ աշխատում են: Ինչ վերաբերում է պետական սոցիալական աջակցության ծառայություններին, ապա… չեմ կարող նշել, որ հատուկ տարեցների նկատմամբ վերաբերմունք կա: Պետությունն ավելի շատ ընտանիքի հետ է աշխատում՝ երեխա, տարեց շատ չի տարբերակում ու հիմնականում անապահով ընտանիքների հետ գործ ունի: Մինչդեռ հատուկ տարեցներով չեն զբաղվում, և պետական քաղաքականություն հատուկ այդ ուղղությամբ միանշանակ պետք է լինի:

 

Ի վերջո,  նույն խնամատար ընտանիքի ներդրումը շատ ռիսկեր է իր մեջ պարունակում՝ ինչպե՞ս է խնամատար ընտանիքը վերաբերվելու տարեցին, ինչպե՞ս է դա վերահսկվելու:  Հասկանալի է, որ այս ու մի շարք այլ հարցերում պետք է կարևոր դերակատարում ունենան այդ նույն սոցիալական աշխատողները, հենց նա պետք է վերահսկի, թե արդյոք այդ ընտանիքում տարեցին բռնության չեն ենթարկում, որքանո՞վ են հոգում նրա կարիքները, արդյոք այդ մարդը իրեն ապահով է զգում այդ ընտանիքում ու հատկապես, եթե բնակարանի հարց կա: Հարցերը շատ են: Այստեղ է, որ սոցիալական աշխատողի ինստիտուտի  հզորացման կարևորությունն է առաջ գալիս, առավել ևս,  եթե պետությունն ուզում է գնալ տարեցների խնամքի ապաինստիտուցիոնալիզացման   ճանապարհով:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 293

Վերադառնալ վերև