Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Տիկին պաշտպանության նախարար և ֆրաու գլխավոր հրամանատար

Տարեցտարի կանայք շատանում են ոչ միայն աշխարհի բանակներում, այլև   պաշտպանության նախարարի պաշտոններում: ։ Չհաշված, որ պետությունների շատ ղեկավարներ օժտված են գլխավոր հրամանատարի իրավասություններով։ Այսպես, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, որը դասվում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց շարքը, պատերազմի շրջանում ստանում է բունդեսվերի հրամանատար լինելու իրավունքը։

 

 

Կիմ Քեմփբելը 90-ականների այն հազվագյուտ կանանցից է, ով զբաղեցնում էր Կանադայի պաշտպանության նախարարի, իսկ ավելի ուշ՝ Կանադայի վարչապետի պաշտոնը։ «Երբ առաջին անգամ եկա ՆԱՏՕ, այնտեղ էին հավաքվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու Վարշավայի պայմանագրի նախկին երկրների պաշտպանության նախարարները։  Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ հանդիպման ժամանակ նա խիստ ընդգծված բարեկիրթ էր, սակայն ավարտից հետո ես շրջվեցի ու նկատեցի նրա հայացքը, որ կարծես ասում էր. «Աստված իմ, սա ի՜նչ բան էր», – հիշում է  Քեմփբելը ։

 

 

Այսօր կարելի է թվարկել   մեկ  տասնյակից ավել  երկրկներ, որտեղ կանայք գլխավորում կամ գլխավորել են պաշտպանական գերատեսչությունը՝ Ֆրանսիա, Ճապոնիա, Չեխիա, Լատվիա, Լիտվա, Էկվադոր, Արգենտինա, Չիլի, Ուրուգվայ,. Իսպանիա…

 

2002-ին Ֆրանսիայում առաջին անգամ պաշտպանության նախարար դարձավ  փայլուն կրթություն ունեցող Միշել Ալյո Մարին:  Նա  իրավաբան է, բանասեր, տնտեսագետ եւ քաղաքական գիտությունների դոկտոր:  2007-ին  Նիկոլա Սարկոզիի հաղթանակից հետո նա  նշանակվեց ներքին գործերի նախարար, այնուհետեւ արդարադատության նախարար, 2010-ին դարձավ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար:  Անցյալ տարվա փետրվարին նա ստիպված էր հրաժարական տալ Թունիսի նախկին վարչակազմի հետ իր կապերի պատճառով, բայց դժվար թե նրա քաղաքական կարիերան կարելի է ավարտված համարել:

 

Առավել  զարմացրեց  Իսպանիան, երբ 37-ամյա Կարմե Չակոնը դարձավ աշխարհում առաջին պաշտպանության նախարարը, որը պաշտոնավարելիս երեխա ունեցավ։ 2010 թ. ապրիլին նրան Իսպանիայի ռազմական գերատեսչության ղեկավար նշանակելը աշխույժ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Ու ոչ միայն այն պատճառով, որ լինելով հղիության վերջին ամիսներում, պաշտպանության նախարարն ընդունում է շքերթներ, տեսչական այցելություններ կատարում Աֆղանստան, Լիբանան ու նախկին Հարավսլավիա, որտեղ տեղակայված են իսպանացի խաղաղարարները։  Ի վերջո, հղի կանայք, ովքեր շարունակում էին բուռն քաղաքական գործունեություն ծավալել, արդեն հազվադեպ չեն նաև  Հայաստանում, օրինակ՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

 

 

Հետաքրքիր էր  մեկ այլ հանգամանք, այն է,  որ պաշտպանության նախարար դարձավ համոզմունքներով պացիֆիստուհի մի կին։  Հարկ է նաև   հաշվի առնել, որ դա  տեղի ունեցավ մի երկրում, որտեղ Եվրոպայի ամենապահպանողական բանակներից մեկը դեռ 1981-ին փորձեց ֆաշիստական խռովություն բարձրացնել։

 

 

 

Մինչև   պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը Չակոնը՝ նա ծնունդով Կատալոնիայից է, որտեղ էլ ստացել է իրավաբանական կրթություն,  եղել է պատգամավոր, բնակարանային շինարարության նախարար։  Սկզբում զայրացած իսպանացի պահպանողականները ի վերջո համակերպվեցին վարչապետ Ռոդրիգես Սապատերոյի հեղափոխական նշանակմանը, որի կաբինետում 17 նախարարներից 9-ը կանայք էին։  Իսկ բանակն ու գեներալական կազմը իրենց դժգոհությունը  չցուցադրեցին։

 

 

Փոխարենը մամուլը ոչ մի կերպ չէր հանդարտվում. «Պատկերացնո՞ւմ եք. ռազմական զորավարժություններ են, նախարարը պետք է մասնակցի, իսկ նրա երեխայի կերակրելու ժամն է»։ Իսկ Կարմե Չակոնը, ի պատասխան մեղադրանքների, որ թեժ կետեր իր գործուղումներով նա ռիսկի է ենթարկում երեխայի կյանքը, պատասխանում է. «Կարող եք դա համարել որպես խտրականության դեմ պայքարի խորհրդանշան, որին Իսպանիայի աշխատանքի վայրում բազում հղի կանայք են ենթարկվում»։  Բացի այդ, Չակոնի խոսքով՝ այցելությունների մասին որոշումն ինքն ընդունել էր բժշկի հետ խորհրդակցելուց հետո, որն ուղեկցում է նրան այցերի ընթացքում։ Ի դեպ, ծննդաբերությունը վաղաժամ էր, սակայն փոքրիկը, որին կոչեցին Միգել, լույս աշխարհ եկավ առողջ՝ գրեթե 3 կգ քաշով։

 

 

Չակոնին քաղաքական գործունեությամբ ճանաչող մարդկանց վկայությամբ՝ նրա ամենաբնորոշ  գիծը «աննկարագրելի  ինքնակարգապահությունն է»։ Այս գիծն օգնեց  նախարարին շփվել սպաների ու գեներալների հետ և   ղեկավարել նրանց։

 

 

Որոշ փորձագետներ Կարմե Չակոնին համարում էին երկրի վարչապետի ամենահավանական հաջորդը, սակայն  նա պարտվեց անցյալ տարվա նոյեմբերին անցկացված արտահերթ ընտրություններում: Այժմ, ըստ լրատվական վերջին  հաղորդագրությունների, նա մտադիր է ամեն ինչ նորից սկսել և   պայքարի մեջ է մտել  Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության նախագահի պաշտոնի համար:

 

 

Դիտումների քանակը` 3944

Վերադառնալ վերև