Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՏԻՄ արտահերթ ընտրություններ. Արտաշատում յոթ կին է առաջադրվել

Լրացավ  սեպտեմբերի 29-ին կայանալիք արտահերթ ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուների գրանցման ժամկետը։ Հիշեցնենք, որ այդ օրը արտահերթ ընտրություններ են նշանակված վեց համայնքներում, երեքում գյուղապետ են ընտրելու, մյուս երեքում՝ ավագանի։ Կանանց առաջադրվել են միայն ավագանու ընտրություններում, ընդ որում  Արտաշատում  առաջադրված 48 թեկնածուներից 7-ը կանայք են:

 

Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղում առաջադրված չորս թեկնածուներն էլ տղամարդիկ են։ Նրանցից մեկն ինքնաբացարկ է հայտնել, պայքարը կշարունակեն երեքը։ Նրանք բոլորն էլ անկուսակցական են ու ինքնաառաջադրված։

 

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում էլ գրանցված բոլոր երեք թեկնածուները տղամարդիկ են՝ բոլորն էլ անկուսակցական ու ինքնաառաջադրված։

 

Շիրակի Գետափ համայնքում էլ առաջադրված, ապա գրանցված երեք թեկնածուների թվում կանայք չկան։  Այստեղ էլ բոլոր թեկնածուներն անկուսակցական են ու ինքնաառաջադրված։

 

Հիշեցնենք, որ այս երեք համայնքներից որևէ  մեկը մինչ այս ընտրությունները կին ղեկավար չի ունեցել։

 

Ինչ վերաբերում է  ավագանու անդամի համար պայքարող թեկնածուներին, ապա Արարատի մարզկենտրոն Արտաշատի ավագանու կազմում ընդգրկվելու համար պայքարի հայտ է ներկայացրել 48 թեկնածու, որից 7-ը կանայք են։ Նրանք բոլորն էլ գրանցված են,  44-ը՝ ինքնաառաջադրված։ ԲՀԿ-ի կողմից առաջադրված երկու թեկնածու կա, Հանուն սոցիալական արդարություն կուսակցության կողմից՝ մեկ։

 

Հիշեցնենք, որ ավագանին կազմված է 15 անդամից։

 

Գրանցված  կին թեկնածուներն են.

  1. Նելլի Ալոյան-անկուսակցական, ինքնաառաջադրված;
  2. Աննա Գալստյանը-ԲՀԿ անդամ է, առաջադրված է կուսակցության կողմից, ԲՀԿ կանանց խորհրդի անդամ է;
  3. Թինա Մարգարյանը-անկուսակցական է, ինքնաառաջադրված, Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենն է;
  4. Կարինե Միքայելյանը-անկուսակցական է, ինքնաառաջադրված, «Ռոբադա» ՍՊԸ տնօրենն է;
  5. Հերիքնազ Նազարյանը-անկուսակցական է, ինքնաառաջադրված, նախկին ավագանու անդամ;
  6. Արմինե Սարգսյանը-անկուսակցական է, ինքնաառաջադրված, Արտաշատի ավագ դպրոցի ուսուցչուհի է;
  7. Արաքսյա Ստեփանյանը-Հանուն սոցիալական արդարություն կուսակցության անդամ է, առաջադրված է կուսակցության կողմից։

 

Հիշեցնենք, որ նախկին ավագանու կազմում 2 կին կար ՝  Նազարյան Հերիքնազը և Հայրապետյան Ռուզանը։

 

Արարատ մարզի Արևաբույր համայնքում գրանցված 9 թեկնածու կա, բոլորն անկուսակցական են ու ինքնաառաջադրված։  Թեկնածուներից երկուսը կանայք են. Ղազարյան Հազարվարդը Հ. Թադևոսյանի անվան դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի, իսկ Աղունիկ Մարգարյանը «Մասիս» ԲԿ-ում՝ բուժքույր։ Գյուղի ավագանին  5 անդամից է կազմված, դրա  կազմում նախկինում կանայք չեն եղել։

 

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում էլ 17 թեկնածու է առաջադրված եղել, նրանցից չորսը, այդ թվում երկու կանայք հետ են վերցրել հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերը։ Ավագանու ընտրություններում պայքարը շարունակել չեն ցանկացել նույն համայնքի բուժկենտրոնում որպես բուժքույր աշխատող Լեյլի Մարտիրոսյանը, նույն գյուղի դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մանե Աբրահամյանը։ Արդյունքում գրանցված 13 թեկնածուների թվում կանայք չկան։ Նշենք, որ գյուղի նախկին ավագանու յոթ անդամներից մեկը կին էր՝ Աբրահամյան Էմման։

 

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի  սեպտեմբերի 17-ին, կավարտվի 27-ին։ Թեկնածուներն ինքնաբացարկի վերաբերյալ դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 19-ը։

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՏԻՄ 2019. կանայք պայքարելու են միայն ավագանու ընտրություններում

Արտահերթ կարգով վեց գյուղում համայնքապետ ու ավագանի կընտրեն

«Առաջադրվե՛ք, պետք չէ վախենալ չընտրվելուց »…

Դիտումների քանակը` 299

Վերադառնալ վերև