Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՏԻՄ ընտրություններ. Ո՞ւ ր են կանայք

Այս տարի մոտ երկու տասնյակ համայնքերում տեղի ունեցած և ունենալիք ՏԻՄ ընտրություններում  կանանց մասնակցությունը  չնչին է. այդ համայնքներից միայն երկուսում մեկական կին թեկնածու է առաջադրվել:

 

Անցած կիրակի Արարատ քաղաքում ու Նշավան համայնքում համայնքապետի ընտրություններ էին: Առաջադրված ու գրանցված թեկնածուների թվում երկու հայամքում էլ կանանց անուններ չկային:

 

Արարատում երեք տղամարդ էր պայքարում քաղաքապետ դառնալու համար, եզրափակիչ դուրս եկան երկուսը` ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանն ու ՀՀԿ կողմից առաջադրված անկուսակցական Հայկ Հայկյանը: Վերջինս էլ մոտ 300 ձայնի առավելությամբ դարձավ քաղաքապետ: Նշավանում էլ երկու տղամարդկանց պայքարում ՀՀԿ-ական թեկնածուն` Պապ Հակոբյանը հաղթեց:

 

Առաջիկա կիրակի էլ ՏԻՄ ընտրությունների են պատրաստվում Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Տավուշ մարզերի  մի քանի համայնքներ:

 

Արագածոտնի Թթուջուր համայնքում երեք թեկնածուների թվում կին չկա, Ջրամբարում երկու թեկնածու կա. մեկը կին`անկուսակցական Նազելի Մկրտչյան, ով գյուղապետարանում աշխատում է  որպես համակարգչային օպերատոր: Նրան որևէ կուսակցություն չի սատարում: Միակ մրցակիցն ինքնառաջադրված, անկուսակցական գյուղապետ Գարիկ Գևորգյանն է:

 

Նույն մարզի Ձորագլուխ համայնքում երկու թեկնածուների թվում կին չկա:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, Գեղարքունիքի Ծովինար և Զորագյուղ գյուղերում գրանցված միակ թեկնածուները տղամարդիկ են, երկուսն էլ գործող  գյուղապետեր, մեկն` անկուսակցական, մեկը` ՀՀԿ-ական: Վիճակը նույնն է նաև Լոռու մարզի Մրգահովիտ գյուղում` գրանցված միակ թեկնածուն ՀՀԿ-ական գործող գյուղապետն է:

 

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում  նույնպես կին թեկնածու չկա՝ երեք գրանցված թեկնածու կա, երեքն էլ ՀՀԿ-ական են, սական որևէ մեկը կուսակցության կողմից առաջադրված չէ:

 

Այս տարվա ընթացքում հաջորդ ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-ին:  Արագածոտնի Սուսեր համայնքում գրանցված երկու թեկնածուներն էլ տղամարդիկ են: Արարատի մարզի Այգավան համայնքում առաջադրված 5 թեկնածու կա, սակայն ոչ մի կին:

 

Այնթապում համայնքի ղեկավար դառնալու համար պայքրի մեջ են մտել գործող գյուղապետն ու նրա վարորդը, երկուսն էլ` տղամարդ:

 

Արարատի Դարակեր, Լանջառ, Ջրահովիտ, ինչպես նաև Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Շիրակի Ձիթհանքով, Ջաջուռավան, Սյունիքի Ճակատեն համայնքերում թեկնածուների թվում ոչ մի կին չկա:

 

Այս տարվա վերջին ՏԻՄ ընտրություններն Արարատի մարզի Ավշար գյուղում են: Թեկնածուների առաջադրման համար փաստաթղթերի ընդունումը կմեկնարկի նոյեմբերի 20-ից: Եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ բոլոր թեկնածուները հնարավոր է` կին լինեն, ապա մեծ հաշվով առկա միտումներում ոչինչ չի փոխվի:

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 3536

Վերադառնալ վերև