Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՏԻՄ-2017. Պարտված կին գյուղապետը վերահաշվարկի դիմում է ներկայացրել

golososvanije

Այս տարվա առաջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին փետրվարի 12-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի 10 համայնքներում: Նշված համայնքներից 7-ում տեղի են ունենցան համայնքի ղեկավարի ընտրություններ, 3 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի 13 թեկնածուներից 2-ը և ավագանու անդամի 21 թեկնածուներից 2-ն իգական սեռի ներկայացուցիչներ էին:

 

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար կանայք պայքարում էին Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում և Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում: Երկու համայնքներում էլ կանայք, ըստ նախնական տվյալների, հաջողության չեն հասել:

 

Ախուրիկի գործող գյուղապետը, ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը, ով համայնքը ղեկավարում է 2009 թվականից,  մի քանի ձայնի տարբերությամբ պարտվել է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում հրապարակված նախնական տվյալների համաձայն, Վ. Գասպարյանի օգտին քվեարկել է 262 ընտրող: Նրա միակ մրցակիցը՝ անկուսակցական Հովհաննես Պողոսյանը ստացել է 277 ձայն:

 

Վ. Գասպարյանը WomenNet.am-ին ասաց՝ իր համար զարմանալի են նման արդյունքները, կասկածներ ունի, որ խախտումներ են եղել, «կարուսել է աշխատել»:

 

«Ինձ համար նման արդյունքը շատ զարմանալի է, նման բան չէր կարող լինել: Այսօր ես վերահաշվարկի դիմում եմ ներկայացրել»,-ասաց նա: Նշենք, որ Ախուրիկում քվեարկությանը մասնակցել է 567 ընտրող, անվավեր է ճանաչվել 28 քվեաթերթիկ:

 

 

Ի դեպ, Վարդիթեր Գասպարյանը Շիրակի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակի 4-րդ տեղում է լինելու:

 

 

Նուռնուսում Աստղիկ Մկրտչյանը գործող համայնքապետին պարտվել է քվեների զգալի տարբերությամբ: Կին թեկնածուին օգտին քվեարկել է 97 ընտրող, Մնացական Գևորգյանի օգտին՝ 277 ընտրող:

 

Ավագանու կին երկու թեկնածուներն էլ պայքարում էին Դարանակ գյուղում: Նրանցից մեկն է ստացել բավարար թվով ձայներ:  Գյուղի դպրոցում որպես պահակ աշխատող, ՀՀԿ-ական  Մայրամ Մանուկյանը ստացել է 26 ձայն: Ամենաշատը հենց նրա օգտին են քվեարկել: Անահիտ Մանուկյանը ստացել է 11 ձայն: Նա չի ընդգրկվի երեք անդամից բաղկացած ավագանու կազմում: Այստեղ քվեարկությանը մասնակցել է78 ընտրող, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2055

Վերադառնալ վերև