Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՏԻՄ ընտրություններ 2018. հաղթանակ է տոնել 11 կին թեկնածու

Մարտի 11-ին տեղի ունեցած ավագանու անդամի ընտրություններում կանայք պայքարում էին 10 համայնքներում՝ Տավուշի մարզի Ազատամուտ, Լոռու մարզի Դարպաս, Արարատի մարզի Դարբնիկ, Եղեգնավան, Զորակ, Հայանիստ, Նիզամի, Սայաթ Նովա, Սիս, Սիփանիկ գյուղերում: 

 

 

Նշենք, որ մարտի 1-ին՝  ինքնաբացարկ հայտնելու ժամկետի ավարտից հետո,  ԿԸՀ-ն  հայտնել էր, որ ընդհանուր առմամբ ավագանու անդամի 138 թեկնածուներից 15-ը կանայք են:  Ընտրությունների  արդյունքում հաղթանակ է տարել 11 կին թեկնածու: Նրանք ավագանու կազմում ընդգրկվելու համար բավարար թվով ձայներ են ստացել 7 գյուղերում՝ Ազատամուտ, Եղեգնավան, Զորակ, Հայանիստ, Սիս, Սիփանիկ, Դարպաս, հաջողության չեն հասել Նիզամի, Սայաթ Նովա, Դարբնիկ համայնքներում: 

 

 

Այսպես, Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու անդամի արտահերթ ընտրություններում գրանցված 10 թեկնածուներից 2-ը կանայք էին: Անհատ ձեռնարկատեր Աշխեն Դավթյանը ստացել է 154 ձայն,  ՀՀԿ կողմից առաջադրված Լուսինե Մատինյանը՝ 84 ձայն:  Նրանք երկուսն էլ ընտրվել են:

 

 

Լոռու մարզի Դարպաս գյուղում գրանցված 9 թեկնածու, որոնցից երկուսը կանայք են: Նրանցից Լյուբա Աբրահամյանի օգտին,  ով գործող ավագանու միակ կին անդամն է, քվեարկել է  52 համագյուղացի: ՀՅԴ կողմից առաջադրված Լիլիթ Հակոբյանը ստացել է 27 ձայն:  Կանանցիվ միայն Լ. Աբրահամյանն է ընդգրկվել նորընտիր ավագանու կազմում:

 

 

 Արարատի մարզի Դարբնիկ գյուղում ավագանու միակ կին թեկնածուն՝ Գոհարիկ Պետրոսյանը առավել քիչ ձայներ ստացած երեք թեկնածուների թվում է: Նրա օգտին քվեարկել է 15 մարդ: Հիշեցնենք, որ  գյուղի գործող ավագանու հինգ անդամների թվում կին չկա: Ընտրություններից հետո էլ ավագանու կազմում իգական սեռի ներկայացուցիչներ չեն լինի:

 

 

Եղեգնավանում ավագանու թեկնածու կանայք բավականին լավ արդյունքներ են գրանցել:  Հիշեցնենք, որ այստեղ  գրանցված ութ թեկնածուներից երեքն էին կանայք, որոնք գործող ավագանու անդամներն են:

 

Անկուսակցական Ադելա Աբրահամյանը, դպրոցի ուսմասվարն է, ստացել է 132 ձայն,

ՀՀԿ-ական Զոյա Ամիրյանը, ով անհատ ձեռնարկատեր է,  ստացել է 75 ձայն

Անկուսակցական Ժաննա Կագրամանյանը, ով շտապօգնության ծառայությունում բուժքույր է աշխատում, 132 ձայն:

Գործող ավագանու 7 անդամից երեքը կանայք են, այդ թիվը փոփոխության չի ենթարկվել:

 

Զորակում գրանցված 9 թեկնածուներից առավեկ մեծ թվով ձայներ ստացել է միակ կին թեկնածուն՝ ՀՀԿ-ական Սուսաննա Կարապետյանը: Նա աշխատում է գյուղի ամբուլատորիայում: Նրա օգտին քվեարկել է 267 համագյուղացի, մյուս թեկնածուների ստացած քվեները տատանվում են 11-70-ի միջև: Նշենք, որ գործող ավագանու յոթ անդամների թվում կին չկա: Նորընտիր ավագանու կազմում մի կին կլինի:

 

 

Հայանիստում գրանցված 8 թեկնածուներից միայն մեկն էր կին: ՀՀԿ կողմից առաջադրված Իրինա Հարությունյանը ստացել է 76 ձայն, և կընդգրկվի ավագանու կազմում:  Նորընտիր ավագանու կազմում մեկ կին կլինի, մինչդեռ գործող ավագանու 7 անդամներից երեքն են կանայք:

 

 

Նիզամիում  կին թեկնածուն՝ ՀՀԿ կողմից առաջադրված Լաուրա Քոչարյանը ամենաքիչ ձայներն է ստացել, նրա օգտին քվեարկել է 23 մարդ: Մյուս թեկնածուների ստացած քվեները տատանվում են 39-81-ի սահմաններում: Այս համայնքում նորընտիր ավագանին էլ բացառապես տղամարդկանցից է կազմված լինելու:

 

 

Սայաթ Նովա գյուղում ավագանու անդամի 13 թեկնածու կար, որից մեկն էր կին:  Ինքնաառաջդրված Գայանե Հակոբյանի օգտին քվեարկել է 32 ընտրող, նա չի ընտրվել:  Գործող ավագանու կազմում կանայք չկան:
 

 

Սիսում  ութ թեկնածուներից երկուսն էին կանայք, երկուսն էլ ընտրվել են: Նրանցից Աննա Բեգունցի օգտին քվեարկել է 74 ընտրող, իսկ  Աննա Առուշանյանի օգտին՝ 99 ընտրող: Տղամարդ թեկնածուներից միայն մեկն է, որ քվեների քանակով առաջ է անցել կանանցից, մյուսները զգալիորեն հետ են մնում՝ 20-41-ի սահմաններում:  Նշենք, որ գործող ավագանու վեց անդամներից երկուսը կանայք են: Նորընտիր ավագանիում էլ երկու կին կլինի:
 

 

Սիփանիկում գործող ավագանու միակ կին անդամը՝ Նելիկո Մկրտչյանը վերընտրվել է: Գրանցված 8 թեկնածուներից միակ կնոջ օգտին քվեարկել է  22 մարդ: Նա գործող ավագանու չորս անդամներից միակ կինն է:

 

 

Հիշեցնենք, որ մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:  20 համայնքներից 4-ում կայացել  են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի և 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 համայնքներում համայնքապետի պաշտոնի համար առաջադրված 31 թեկնածուների թվում որևէ կին չկար:

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 555

Վերադառնալ վերև