Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Տղան պարտադիր ա, աղջիկը՝ անհրաժեշտություն». հետազոտություն

Հայաստանում շատերը դեռևս այն կարծիքին են, որ ապագա երեխայի սեռը կնոջից է կախված, և եթե ընտանիքում միայն աղջիկներ են ծնվում, դրա համար կինն է «մեղավոր»:  Հայ հասարակության մեջ տարածված այս  ու նման շատ  միֆերին ու կարծրատիպերին  է անդրադառնում  «Ինչպե՞ս տղա ունենալ. արու զավակի նախընտրության մշակութային պրակտիկաները Հայաստանում» հետազոտությունը, որն անցկացվել է  Վորլդ Վիժն Հայաստանի՝ «Հոգածություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակում:  

Ասում են՝ «թամբալ ես», «չբաշարեցիր մի տղա ունենալ»

Ներկայացնելով հետազոտությունը, հետազոտող  Ռուզաննա Ծատուրյանը նշեց, որ  այն հոգեբանորեն բավականին ծանր էր անցկացնել, արդյունքում  իր մոտ  նույնիսկ  ցանկություն էր առաջացել  շնորհակալություն հայտնել  իր ամուսնուն, ամուսնու և իր ծնողներին, հարևաններին, բարեկամներին, ովքեր , փաստորեն, իրեն հնարավորություն են տվել, որ իր աղջիկը ծնվեր: Մինչդեռ, ըստ նրա,  շատ ընտանիքների դեպքում հենց   հասարակության վերաբերմունքի  բեռը, շրջապատի ճնշումը, չասված բառերը չծնված աղջիկների թվի մեծացման պատճառ են դառնում:   

 

«Ինչպե՞ս տղա ունենալ» հետազոտությունն իրականացվել է Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում: Հարցազրույցները կազմակերպվել են  տղամարդկանց և կանանց խմբերում:

 

Խառը խմբերում հարցազրույցների ընթացքի դիտարկումները ցույց  են տվել, որ տղամարդիկ ավելի միանշանակ և կտրուկ էին տղա երեխայի ընտրության հիմնավորումներում, ընդգծված անտարբերությամբ էին մասնակցում աղջիկ երեխայի մասին քննարկումներին: Մինչդեռ կանայք ավելի տրամադրված էին քննարկումներին և նաև հետազոտողի իգական սեռով պայմանավորված՝ հարցի շուրջ իրենց պրակտիկայով կիսվելուն:

Ռուզաննա Ծատւրյանի խոսքով,  իրենց  հետազոտությունն ինչ-որ իմաստով ճանապարհային քարտեզ է, որում նշված են  այն բոլոր «կանգառները», որոնցով կինն ու իր ընտանիքն անցնում են տղա երեխա ունենալու ընթացքում: «Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ այս «կանգառներից» մեծ մասում կինը միայնակ է»,- ասաց նա:

 

Ըստ Ռ.Ծատուրյանի՝  հետազոտության ամենամեծ զարմանքը, որ ապրել է, այն էր, որ այսօր դեռևս Հայաստանում երեխայի սեռը պայմանավորող հիմնական դերակատարը համարվում է կինը: Մինչդեռ գիտությանը դեռևս անցյալ դարի 50-ական թվականներից է հայտնի, թե ինչպես է բեղմնավորումն ընթանում և ինչպես է ստացվում այս կամ այն սեռի երեխան: «Սակայն մեզ մոտ որդիների մասին երազող տղամարդիկ իրենց կանանց են մեղադրում արական սեռի երեխա չունենալու համար: Ասում են՝ «թամբալ ես», «մորդ  ես քաշել», «չբաշարեցիր մի տղա ունենալ»: Ավելին՝ կանանցից շատերն իրենք էլ են մտածում, որ իրենց տնօրինության ներքո է ամուսնուն որդի «պարգևելը»: Իսկ եթե դուստր են ունենում, նման կանայք իրենց մեղավոր են զգում՝ նրանց թվում է, թե իրենք չեն արել իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի տղա ունենան»,- ասում է հետազոտության հեղինակը:

 

«Դե իմացանք աղջիկ է, գնացինք հանեցինք»

 

Հարցման ընթացքում նաև պարզվել է, որ տղա ունենալու երազանքը ստիպում է ապագա մայրերին, նրանց սկեսուրներին ու մայրերին, բարեկամ-հարազատներին, իրենց կարծիքով,  «հավաստի» ու «փորձված» մեթոդներ փնտրել:  Որքան էլ զարմանալի է, մարդիկ շարունակում են ուխտագնացությունների գնալ, մասնավորապես, քարքարոտ ճանապարհներով մատուռներ գնալ՝ երբեմն ոտաբոբիկ հաղթահարելով բարձրունքը: Հավատում են գուշակություններին, այդ թվում՝  սուրճի բաժակով: Տղա երեխայի սպասումներում մեծ կարևորություն է տրվում նաև երազների մեկնությանը:

 

«Կան մարդիկ, որոնք հայտնի են տղա երեխա ունեցողների շրջանում, ովքեր  հաշվում են, թե որ օրվա սաղմնավորված պտուղը տղա կլինի: Նրանց մոտ նախապես հերթագրվում են ու ամիսներ շարունակ կանայք, իրենց ընտանիքները վճարում են նրանց՝ բաղձալի լուրը լսելու համար: Սակայն դրանով ամեն ինչ չի ավարտվում. դեռ պետք է սպասել՝ արդյոք այդ հաշվարկները ճիշտ են, թե ոչ, ինչը  ընտանիքի և կնոջ համար ամենադրամատիկ «կանգառներից» մեկն է»,- ասում է Ռ.Ծատուրյանը՝ ներկայացնելով ուսումնասիրության բացահայտումները:

 

Նրա խոսքով,  մարզերում հետաքրքիր օրինաչափություն կա, որ այն կանայք, ովքեր  սպասում են կամ նախապատվությունը տալիս են տղա երեխային, չեն գրանցվում որպես հղի:  Նրանք սպասում են մինչև 12 շաբաթը լրանա, պտղի սեռը պարզվի՝ նոր որոշում կայացնեն. «Հենց 11-12 շաբաթական շրջանում ուլտրաձայնային հետազոտությամբ պարզում են պտղի սեռը: Եվ եթե պարզեցին, որ տղա է, իսկ այդ ընտանիքը տղա է ուզում, ուրեմն եկել է բաղձալի պահը, արդեն գրանցվում են որպես հղի: Իսկ եթե ոչ՝ դրան հաջորդում է՝ «Դե իմացանք աղջիկ է, գնացինք հանեցինք» դաժան արտահայտությունը»: 
Օրինակ՝ Թալինի գյուղերից մի տղամարդ, որ 4 աղջիկ ունենալուց հետո տղա էր ունեցել, եւ ուլտրաձայնային հետազոտություն անող բժշկի մասին ասել է. «Նա սասունցիների Աստվածն է»: Ըստ հետազոտության հեղինակի՝ Թալինի գյուղերի բնակիչները արմատներով Սասունից են, և ավելի շատ են երազում տղա երեխա ունենալու մասին, դրա համար այդ բժիշկը մեծ հեղինակություն է վայելում.  «աստված է», քանի որ կարողանում է վաղ շրջանում ճշգրտորեն պտղի սեռը բացահայտել:

 

Հետազության ընթացքում Ռ. Ծատուրյանը մի անգամ չէ, որ  նկատել է մարդկանց անտարբերությունն ու սառնասրտությունը աղջիկ երեխաներից ազատվելու երևույթի նկատմամբ: Նրա խոսքերով՝ թե՛ կանայք, և թե՛ տղամարդիկ մշակութայնորեն հիմնավորված են համարում այս երևույթը, և պոպուլիստական բանաձևեր են շրջանառվում համայնքից համայնք՝ «Բա ի՞նչ անեն, եթե մարդ ուզում է տղա ունենալ», «Բերեն չկըրնան պահել, մանկատուն տայի՞ն»: 
 

«2 շիշ պիվա խմեցի, հետո՝ ասպիրին, հետո՝ 10 հատ չկլպած ձու կերա, հետո մամաս ասաց՝ ներսից ինչոր իր դիր, որ վիժում առաջանա»…

 

«Ամենադրամատիկ երևույթը, երբ տարբեր միջոցներով՝ գուշակություններով կամ հաշվարկներով, պարզում են, որ տղա չէ, և ի՞նչ են անել դրանից հետո: Կամ թույլ տալ, որ այդ ևս մեկ «ավելորդ» աղջիկը ծնվի, մինչև կարողանանք այնպես անել, որ տղան ծնվի, կամ որն ավելի տարածված է համայնքներում՝ սոցիալական պայմաններից ելնելով՝ սահմանափակել երեխաների թիվը, բայց այնպես անել, որ մեկ տղա անպայման ունենան: Այս դեպքում աղջիկ պտղից հրաժարվելու մութ ոլորանները շատ չեն քննարկվել: Քանի որ օրենքը արգելում է 12 շաբաթականից հետո հղիության ընդհատումը, մարդիկ չէին կիսվում՝ ոնց են ընդհատել»,- ասում է  հետազոտողը:

 

Միևնույն ժամանակ Ռուզաննա Ծատուրյանը նշում է, որ կանայք հղիության ընդհատման ժողովրդական մեթոդների են դիմում, որպեսզի չհասնեն գինեկոլոգիական ծառայությունների, քանի որ  դրանք վճարովի են, ճանապարհ պիտի անցնեն, կապեր պիտի ունենան և այլն.  «Իսկ գյուղաբնակ կանանց համար, որոնց ամուսիները հիմնականում արտագնա աշխատանքի են, լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: Զանգում են ամուսնուն ու ասում ՝ աղջիկ է, նա էլ ասում է՝ «Մեզ աղջիկ պետք չի, կհանես»: Եվ այս կինը պետք է խնդիրը լուծի և դիմում է տարբեր միջոցների՝ բարձր տեղից է թռնում, դեղեր խմում, ծանր իրեր վերցնում, որպեսզի վիժում առաջանա»: 

 

Ռ. Ծատուրյանը ներկայացնում է նաև գինեկոլոգի պատմածը մի  կնոջ մասին, որը փորձել էր ինքնուրույն վիժեցնել պտղին. «Կինն ասել էր՝ բժիշկ ջան, 2 շիշ պիվա խմեցի, հետո՝ ասպիրին, հետո՝ 10 հատ չկլպած ձու կերա, հետո մամաս ասաց՝ ներսից ինչ-որ իր դիր, որ վիժում առաջանա: Արդյունքում՝ կնոջը արգանդը հեռացրել են»: 

 

Իսկ երբ կինը որոշում է սպասել իրական տղային և հրաժարվել աղջիկ պտղից, այստեղ, ըստ Ռ.Ծատուրյանի, ոչ մեկին հետաքրքիր չէ կնոջ ապրումները, հոգեվիճակը, ինչպես անցավ հղիության ընդհատումը և այլն:  

 

Միաժամանակ, հատկապես միջին տարիքից բարձր մասնակիցները վերարժևորելով իրենց կյանքի պրակտիկաները, հարցման ժամանակ բարձրաձայնել են արու զավակի նախընտրության մշակութային սովորույթների ոչ ռացիոնալ լինելը: Հատկապես մարզերում առկա աղքատության, տղամարդկանց արտագնա աշխատաքնի բարձր ցուցանիշների պարագայում նշել են, որ միգուցե արդեն երեխայի սեռը չի պայմանավորում ծնողների ապահով կյանքը. « Հիմի երկիրն ընենց ա, որ աղջիկ ունեցողն էլ ա մենակ մնում, տղա ունեցողն էլ, լրիվ Ռուսաստան են…»:

 

Ռուզաննա Ծատուրյանի խոսքերով՝ հատկապես տարիքով ծնողները, խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված, ավելի են կարևորում աղջիկների հոգատարությունն ու ուշադրությունը: Տավուշցի մի կին էլ, տարիների հեռվից վերաիմաստավորելով իր կյանքը, նշել է. «Տղան պարտադիր ա, աղջիկը՝ անհրաժեշտություն»: 

Մ. Մարգարյան

 

 

Հետազոտության արդյունքներն ամբողջությամբ այստեղ

 

Դիտումների քանակը` 1064

Վերադառնալ վերև