Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

« Ցավոք, երեխաների հանդեպ բռնությունը հայ հասարակության մեջ առկա է»…

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանը՝ ողջունելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի մշակումը, նշում է,   որ այն շատ հարցերի պատասխաններ է տալիս ու առաջարկում մեխանիզմներ, որոնք անշուշտ դրական ազդեցություն կունենան ընտանեկան բռնության դեպ պայքարում: Սակայն ըստ փորձագետի՝ ոչ պակաս կարևոր է փոխել մարդկանց հոգեբանությունը և դրական ծնողավարություն սերմանել, որպեսզի ծնող լինելու հմտությունների պակասը չարտահայտվի երեխային բռնության ենթարկելու միջոցով՝ լինի դա ֆիզիկական պատիժ, թե հոգեբանական ճնշում : 

 

Ըստ Օհանյանի, որոշ մտահոգություններ, որ նախկինում կային ընտանեկան բռնության մասին մշակվող օրենքում հենց երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, արդարադատության նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագծում լուծվել են: Մասնավորապես այն, որ երեխան ինքնուրույն սուբյեկտ չէր դիտարկվում և ստացվում էր, որ երեխան երկրորդային տուժող է: Բայց ներկայումս՝ ներկայացված օրենքի նախագծում, այդ մտահոգությունը լուծվել է և երեխան, ինչպես և կինը կամ տղամարդը, ավտոնոմ տուժող են ճանաչվելու:

 

Նրա խոսքով, միայն օրենքի ընդունումը ունակ չէ արմատախիլ անել ընտանեկան բռնության երևույթը մեր հասարակությունում, որովհետև այս խնդիրը շատ ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից եւ բացակայում են շատ ու շատ մեխանիզմներ, որոնք տանում են այս երեւույթի նվազմանը: Ու թեեւ մշակված նախագծում կառավարությունն  ամրագրել է մեխանիզմներ, նաև համագործակցության գործառույթներ տարբեր մարմինների միջև, բայց այդ ամենը կյանքի կոչելու,  ներդնելու, գործածելու համար շատ ժամանակ է պետք.

 

 «Միայն օրենքի ընդունմամբ դրական արդյունքի դժվար է հասնել: Կարծում եմ, առաջնային խնդիրն է՝  բարձրացնել այս արատավոր երևույթի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը ու, նախևառաջ, հենց դպրոցական կրթությունից սկսած: Անհրաժեշտ է, որպեսզի, օրինակ, գրականության ուսումնասիրության ժամանակ ընտանեկան բռնության հարցը ճիշտ մեկնաբանվի վերապատրաստված մասնագետների կողմից, որպեսզի երեխաների մոտ սկսի ձևավորվել տեսակետն այն հարցի շուրջ, թե ինչն է թույլատրելի կամ ինչը թույլատրելի չէ ընտանեկան փոխհարաբերություններում»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Անդրադառնալով ընտանիքներում բռնության ենթարկվող երեխաների մասով վիճակագրությանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նշեց, որ բոլոր հետազոտությունները, ցավոք, փաստում են, որ երեխաների հանդեպ բռնությունը հայ հասարակության մեջ առկա է: Օրինակ, 2015 թվականի հետազոտության տվյալները վկայում են, որ Հայաստանում շատ տարածված է (շուրջ 70%) երեխայի դաստիարակության հոգեբանական բռնության մեթոդը, բարձր է նաև ֆիզիկական բռնության կիրառման ցուցանիշը, ընդ որում 6 %-ը կիրառում է ֆիզիկական բռնության խիստ մեթոդներ: Բավականին մեծ տոկոս են կազմում երեխաների նկատմամբ բռնության այլ մեթոդներ՝ անտեսում, արհամարհանք, սոցիալական միջավայրում շփման սահմանափակում և այլն.

 

«Այս ցուցանիշները փաստում են, որ Հայաստանում ընտանիքներում երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերի դեմ կարելի է պայքարել դրական ծնողավարության շնորհիվ, որովհետև մենք, այո, երեխա սիրող ազգ ենք, բայց դրան զուգահեռ սիրող ծնողներից շատերը շարունակում են մտածել, որ առանց հայրական ապտակի երեխան լավ երեխա չի մեծանա: Խնդիրը նրանում է, որ հասարակությունը ի ծնե երեխա դաստիարակելու հմտություններ չունի և դրանք, ինչպես և ցանկացած այլ հմտություններ, գալիս են ժամանակի և փորձի հետ»,- ասաց նա:

 

Իսկ սա նշանակում է, հավելեց Վիկտորիա Օհանյանը, որ պետք է լինի նպատակաուղղված քաղաքականություն, պետության ու քաղաքացիական հասարակության կողմից այդ հմտությունները պետք է գրագետ կերպով հասցվեն ապագա ծնողներին, որպեսզի ծնողները բավարար հոգեբանական և  սոցիալական աջակցություն ստանան: Կարճ ասած՝ սկիզբը լավն է, բայց պետք է պատրաստ լինենք, որ այս ճանապարհը բավականին բարդ է լինելու և շատ ժամանակ է պահանջվելու:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 246

Վերադառնալ վերև