Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Փարիզի փողոցներից մեկը կանվանակոչվի Զապել Եսայանի պատվին

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի փողոցներից մեկը կանվանակոչվի պոլսահայ գրող, ֆեմինիստ Զապել Եսայանի պատվին:  Այդ  որոշման մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Այդ մասին է գրում  է «Ակօսը»:
 

 

«Մենք որոշել ենք Փարիզի փողոցներից մեկը վերանվանել Զաբել Եսայանի անունով, ով գտնվել է հայ ժողովրդի կրած տառապանքների կիզակետում և խորհրդանշում է այդ բոլոր տառապանքները», – ասել է Անն Հիդալգոն Փարիզի քաղաքապետարանում  կայացած  ընդունելության ժամանակ:   

 

Զապել Եսայանը հայտնի է դարձել որպես գրող անցյալ դարի սկզբին՝  30 տարին դեռ չբոլորած:  Նա  նշանակալից երևույթ է համարվում  հայ գրականության մեջ: Նրա կյանքն էլ է բացառիկ, քանի որ նա եղել է հայ ազգի նոր պատմության կարևորագույն փուլերի ներգրավված վկան՝  վերապրելով կիլիկյան ջարդերը, 1915թ. հայերի ցեղասպանությունը, Հայաստանի առաջին անկախ հանրապետության ծնունդը 1918թ., հայկական սփյուռքի ձևավորումը … Զապել Եսայանը հայտնի է նաեւ որպես   ֆեմինիստական  հայացքների  կրող, կնոջ իրավունքներին հետամուտ հրապարակախոս: 

 

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը», – այս խոսքերի մեջ է արատացոլված  իր սեփական աշխարհայացքը:      

 

Զապել Եսայանը ծնվել է 1878-ին Կ.Պոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում, սովորել Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանում: Առաջին գործըՙ «Երգ առ գիշեր» արձակ բանաստեղծությունը լույս է տեսել 1895-ին Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսի առաջին համարում: Ավելի ուշ տեղափոխվել է Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում, ամուսնացել նկարիչ Տիգրան Եսայանի հետ, երկու զավակների (Սոֆի եւ Հրանտ) մայր դարձել:

 

1908 թվականին Եսայանը վերադառնում է  Կ.Պոլիս և Ադանայի ջարդերից հետո ստեղծված պատվիրակության կազմում 1909 թվականին մեկնել Կիլիկիա, այնուհետև՝ «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ Եսայանը Կիլիկիայի հայության այս ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում, ինչպես նաև «Անեծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։

1915-ին խույս տալով ձերբակալությունից՝ ապաստանում  է Թիֆլիսում, ավելի ուշ՝ Եղեռնի մասին հիշողություններ է հրատարակում  Բաքվի «Գործ» ամսագրում։

1918 թվականին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպում է հայ տարագիրների և որբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները։

 

1926 թվականին այցելում է Հայաստան, իսկ 1933 թվականին հաստատվում  Խորհրդային Հայաստանում։ 1936 թվականին Գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երևույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա և ձերբակալությունը։  Կա վարկած որ վեցամյա բանտարկությունից հետո՝ 1943-ին   նա մահացել է Բաքվի բանտում, բայց ոչ մի ստույգ տեղեկություն չկա թե ինչպես, որտեղ եվ երբ է նա մահացել…

 

Կարդացեք Զապել Եսայանի մասին մեր կայքում.

 

 

 «Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց…». Զապել Եսայանի նամակը դստերը

 

Զապել Եսայան. «Իրեն հարգող կնոջ իդեալը միայն հաճելի լինելու մեջ չէ»…

  

Սկյուտարում՝ Զապել Եսայանի հետքերով

  

«Զապել Եսայանին վերագտնելով»…/ թրեյլեր

 

Ցեղասպանության մասին նոր փաստաթուղթ է հայտնաբերվել

 

Դիտումների քանակը` 470

Վերադառնալ վերև