Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Քաղաքապետարանը  մերժեց  միայնակ մայրերին աջակցելու առաջարկը

Երևանի քաղաքապետարանը մերժել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի՝ միայնակ մայրերին աջակցություն ցուցաբերելու առաջարկը: Ավելի վաղ WomenNet.am-ը տեղեկացրել էր, որ ավագանու անդամն առաջարկում էր հնարավորություն տալ միայնակ մայրերի երեխաներին արտահերթ ընդունվել պետական մանկապարտեզներ, ինչը հնարավոր կդարձներ այդ մայրերի շուտ վերադարձն աշխատանքի:

 

Իզաբելլա Աբգարյանի առաջարկին ի պատասխան քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից տեղեկացրել են, որ իրենց կողմից պատրաստվում է քաղաքապետի թիվ 1101-Ա որոշման փոփոխման նախագիծ: Սակայն միևնույն ժամանակ նշվում է, որ արտահերթության կարգով մանկապարտեզ ընդունվող երեխաները կլինեն հետևյալ երեք խմբի փոքրիկները. ում ծնողներից մեկն ունի առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն; ով հաշմանդամություն ունի; երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքի երեխա է:

 

«Երևանի ենթակայության մանկապարտեզներում նախադպրոցական կրթությունն իրականացվում է անվճար, ինչը նպաստում է սոցիալապես անապահով  ընտանիքների երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական կրթական ոլորտ: Մանկապարտեզներ հաճախող երեխաների մեջ ընդգրկված են նաև միայնակ մայրերի կամ հայրերի երեխաներ:

 

Հաշվի առնելով վերոգրյալը, քաղաքապետարանի հանրակրթության  վարչությունը գտնում է ոչ նպատակահարմար առանձնացնելու  խոցելի խմբերի և միայնակ մայրերի կամ հայրերի երեխաների ընդունելության արտահերթությունը»,- ասված է ավագանու անդամին հասցեագրված պատասխանում:

 

WomenNet.am-ի հետ զրույցում Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ թեև քաղաքապետարանը մերժեց իր՝ սոցիալապես անապահով միայնակ մայրերի երեխաներին մանկապարտեզ արտահերթ ընդունելու միջնորդությունը, բայց ինքը շարունակելու է այս կանանց ուշադրության կենտրոնում պահել և ուժերի չափով օգնել մեծացնել իրենց բալիկներին:

 

«Փորձելու եմ այս խնդրին լուծում տալ հիմնադրամների, մասնավոր հատվածի միջոցով»,- նշեց նա, հույս հայտնելով, որ մասնավոր մանկապարտեզները բարեգործական նախաձեռնությամբ իսկապես հանդես կգան և յուրաքանչյուրը   իր վրա կվերցնի  միայնակ մայրերի գոնե մեկ երեխայի անվճար խնամքը: Դա  իսկապես լուրջ օգնություն կլինի նրանց, մինչև մի օր, հուսանք, պետությունը այս հարցին ավելի խորքային ու հասցեական կմոտենա:

 

Ավելացնենք նաև, որ պետական հոգածությունը միայնակ մայրերին նոր գաղափար  չէ և շատ ու շատ երկրների ունեն հատուկ ծրագրեր միայնակ ծնողներին աջակցելու  համար: Ոչ վաղ խորհրդային անցյալում, պետությունը  ևս հնարավորինս աջակցում էր միայնակ ծնողներին՝ արտահերթ բնակարանով, անվճար հանգստյան ուղեգրերով թե՛ երեխաների, թե՛ ծնողի համար և այլն: Իսկ այսօր, պարզվում է, նման աջակցությունը պետական կառույցի կողմից  դիտարկվում է  ոչ նպատակահարմար…

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 823

Վերադառնալ վերև