Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Քաղաքի արդար կառավարման սկզբունքները նախընտրական ծրագրերում

Դիտարկելով 2018 թ. սեպտեմբերի 23-ին անցկացված Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ծրագրերի գենդերային զգայունության տեսանկյունից, կարելի է փաստել, որ ծրագրերից ոչ մեկը չէր համապատասխանում գենդերային ուղղորդման սկզբունքներին, այսինքն՝ չէր տարանջատում սեռերի հատուկ կարիքներն ու պահանջները: Ավելին, գենդերային զգայունության ապահովման խնդիր որևէ կուսակցություն իր ծրագրում չէր դրել, իսկ քաղաքական դեբատներում հնչում էին կարծիքներ, թե կանանց խնդիրներ քաղաքային միջավայրում չկան, և բոլոր խնդիրները նույնն են ողջ բնակչության համար: Սակայն անկախ այդ կարծիքից ու գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ կուսակցությունների դիրքորոշումից, շատ ծրագրերում կան դրույթներ, որոնք համապատասխանում են քաղաքի արդար կառավարման հայեցակարգին և, հետևապես, կարող են դիտարկվել որպես գենդերային զգայուն:

 

Քաղաքի արդար կառավարման մոդելը

Ըստ միջազգային մոտեցումների` քաղաքի արդար կառավարման մոդելը, մի կողմից, պահանջում է գործընկերային հարաբերությունների հաստատում պետության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև, քաղաքացիների ներգրավում կառավարման գործում, ինչպես նաև կանանց պատշաճ ներկայացվածություն քաղաքին վերաբերող որոշումների ընդունման մակարդակում: Մյուս կողմից` արդար կառավարումը ենթադրում է քաղաքային խնդիրների առաջադրում տարբեր սոցիալական խմբերի, այդ թվում ամենամեծ խմբի` կանանց կարիքների հաշվառմամբ: Պատահական չէ, որ քաղաքի արդար կառավարման հարացույցն առաջին անգամ առաջ է քաշվել եվրոպական ֆեմինիստուհիների կողմից: Ըստ էության, քաղաքային բնակչության կարիքների տարիքային և գենդերային առանձնահատկությունների հաշվառումը նշանակում է, որ քաղաքի հարմարավետությունը պետք է դիտարկվի մասնավոր կյանքի տեսանկյունից, որտեղ չափազանց մեծ է հատկապես կանանց դերակատարությունը: Օրինակ` կանանց կարիքները, հաշվի առնելով քաղաքում նրանց տեղաշարժման առօրյա նպատակները, ավելի բազմազան են, և նրանց կարիքների հաշվառումը ենթադրում է քաղաքային ենթակառուցվածքների հարմարավետության զգալի բարձրացում:

 

Կանայք նաև ավելի ակտիվ դերակատարում ունեն մի շարք խնդիրների լուծման հարցում: Օրինակ` քաղաքային իշխանությունների կողմից կարևորվող մի շարք հարցեր` աղբահանության մշակույթի բարձրացման, այդ թվում՝ աղբի տեսակավորման, դժվար է լուծել առանց կանանց ներգրավման, նրանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման: Ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ քաղաքի արդար կառավարման սկզբունքները հաշվի առնող ծրագրերը չեն կարող գենդերային զգայուն չլինել:

 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած կուսակցությունների նախընտրական ծրագրերի գնահատումը քաղաքի արդար կառավարման մոդելին համապատասխանության տեսանկյունից հնարավորություն է տալիս գնահատել այդ ծրագրերը կանանց շահերի, նրանց առօրեական փորձի տեսանկյունից և առանձնացնել այն դրույթները, որոնց իրագործումը նպաստավոր է կանանց տարբեր սոցիալական խմբերի համար:

 

Մասնավորապես, որքանո՞վ է նախընտրական ծրագրերում Երևանի տեսլականը՝

  • արդար, այսինքն՝ արդյոք նպատա՞կ է դրվում ներգրավել քաղաքացիական հասարակությունը քաղաքի կառավարման հարցերում, այդ թվում ապահովել քաղաքին վերաբերող որոշումների կայացման մակարդակում գենդերային հավասարակշռությունը.
  • անվտանգ բոլորի համար, այսինքն՝ նախատեսվո՞ւմ է, որ փողոցները, նրբանցքները, բարձրահարկերի շքամուտքերը լինեն լավ լուսավորված, ձմռանը՝ ձնամաքրված.
  • առողջ, արդյոք նպատա՞կ է դրվում ավելացնել քաղաքի կանաչապատ տարածքները, ապահովել քաղաքի մաքրությունը աղբից և վնասակար արտանետումներից, երաշխավորել արդյունավետ և որակյալ բժշկական սպասարկում.
  • հարմարավետ, արդյոք նախատեսվո՞ւմ է լուծել ենթակառուցվածքների և տրանսպորտի հարցերը՝ հաշվի առնելով բոլոր սոցիալական խմբերի առանձնահատուկ կարիքները:

 

Ծրագրերի նույնիսկ մակերեսային դիտարկումը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերն այս կամ այն կերպ փորձ են արել անդրադառնալ վերոնշյալ խնդիրներին: Առաջարկվել են տարբեր լուծումներ: Բացառություն է քաղաքին վերաբերող որոշումների կայացման մակարդակում գենդերային հավասարակշռության ապահովման հարցը, որը թեև ծրագրային դրույթ չէ, սակայն անուղղակի կերպով իր լուծումն է ստանում տվյալ կուսակցության ընտրական ցուցակում կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածությամբ, ինչը ապահովված էր միայն «Երկիր ծիրանի» կուսակցության ընտրական ցուցակում: Այս հարցում որպես առաջընթաց կարելի է դիտարկել այն փաստը, որ առաջին անգամ քաղաքապետի պաշտոնին էին հավակնում երեք կին, ինչպես նաև ընտրությունների մասնակցող կուսակցությունների կեսը 40-50% կին թեկնածուներ էին ներգրավել իրենց ցուցակներում:

 

Հետաքրքիր է, որ որոշ ծրագրերում օգտագործված է «արդար կառավարում» բառակապակցությունը: Օրինակ՝ «Լույս» դաշինքի ծրագրում «արդար կառավարման» մասին նշվում է, որ դաշինքը «իր գործունեության առանցք է դիտարկում արդար կառավարումը, որը միտված կլինի խնդիրների արդար լուծմանը»: Խոսքը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքների համաձայն՝ քաղաքացուն մերձեցած, արդյունավետ և ապակենտրոնացված կառավարման համակարգի մասին է: Ըստ էության, ծրագրի որոշ դրույթներ համընկնում են արդար քաղաքի գենդերային զգայուն ըմբռնմանը, սակայն դրանց մեկնաբանությունը խիստ միակողմանի է: Օրինակ՝ քաղաքի անվտանգությունը դիտվում է միայն քաղպաշտպանության տեսանկյունից, ինչն անշուշտ կարևոր է, սակայն չի ներառում քաղաքի անվտանգության մասին կանանց տեսակետը:

 

Ի դեպ, արդար քաղաքի հարցը իր ծրագրում ներառել էր նաև ՀՅԴ-ն, որի ծրագրի մի բաժինը կոչվում է «Հանուն հոգատար և արդար Երևանի»: Այստեղ շարադրված են մի շարք կարևոր խնդիրներ, սակայն՝ գենդերային չեզոք դիրքերից.

 

  • իրականացնել սոցիալապես առավել խոցելի խավերի աջակցության սոցիալական պաշտպանության ծրագրեր,
    • մշակել և ներդնել սոցիալական բնակֆոնդի հայեցակարգ, երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին անհատույց կամ ցածր վարձավճարով տրամադրել բնակարաններ,
    • ստեղծել տարեցների խնամքի և ժամանցի կենտրոններ,
    • տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցողների համար ապահովել լիարժեք միջավայր,
    • վերանորոգել և վերազինել պոլիկլինիկաները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը,
    • ստեղծել անօթևանների գիշերային կենտրոններ:

 

Քաղաքի հարմարավետության հարցը

 

Առանձին ուշադրության է արժանի քաղաքի հարմարավետության հարցը, ինչը նշանակում է, որ քաղաքի ենթակառուցվածքները պետք է հարմարավետ կլինեն և կանանց, և տղամարդկանց համար, նպաստեն ընտանիքների և տնային տնտեսությունների ավելի հեշտ կենցաղվարմանը: Դա նշանակում է, որ աշխատող ծնողները չեն մտահոգվի երեխաների խնամքի հարցերով, որ կլինի մսուր-մանկապարտեզների և զարգացման կենտրոնների լայն ցանց: Դա նշանակում է, որ յուրաքանչյուրի համար, անկախ սեռից, տարիքից, սոցիալական վիճակից, կլինեն իր հետաքրքրությունները բավարարելու համար հարմարավետ և մատչելի կենտրոններ, հաստատություններ և այլն: Դա նշանակում է, որ քաղաքի բնակիչներից ոչ մեկը չի ունենա տեղաշարժման սահմանափակում, իսկ դա նախևառաջ հարմարավետ, մատչելի, կայուն և օրվա բոլոր ժամերին աշխատող հասարակական տրասպորտի խնդրի լուծում է պահանջում: Հատկապես կանանց համար հարմարավետ քաղաքը նշանակում է նաև զարգացած ենթակառուցվածքներով քաղաք, ուր պրոբլեմներ չեն լինի երեխային մանկապարտեզ տեղավորելու, դպրոցական կյանքը կազմակերպելու, փողոցում և տրանսպորտի միջոցով մանկասայլակով տեղաշարժվելու և բազմաթիվ այլ խնդիրների առումով:

 

Դիտարկելով քարոզարշավի ընթացքում WomenNet.am կայքում հրապարակված քաղաքական ուժերի առաջին տասնյակում ներկայացված կին թեկնածուների հետ ավելի քան 35 հարցազրույցները՝ կարելի է փաստել, որ անկախ կուսակցական պատկանելությունից նրանք որպես առաջնահերթ խնդիրներ էին նշում մանկապարտեզների, կանաչ գոտիների և քաղաքի հարմարավետության խնդիրները:

 

Մանկապարտեզների խնդիրը նախընտրական ծրագրերում

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մի քանիսը իրենց ծրագրերում անդրադարձ էին կատարել նախադպրոցական կրթության հարցին՝ բարձրացնելով այս ոլորտում կուտակված ամենատարբեր խնդիրներ: Ծրագրերում առավել մեծ ուշադրության էին արժանացել մանկապարտեզներում երեխաների հերթագրման և շենքային պայմանների հարցերը:

«Իմ քայլը» դաշինքը ծրագրում նախատեսում էր բարելավել նախադպրոցական հաստատությունների շենքային և բակային պայմանները, քարտեզագրել ՆԴՀ-ների շինություններն ու տարածքները, հնարավորության դեպքում վարձակալությամբ տրված շենքերը վերադարձնել մանկապարտեզներին, նախադպրոցական տարիքի երեխաների էլեկտրոնային հերթագրման գործընթացը դարձնել թափանցիկ և առցանց տիրույթում հասանելի, ընդլայնել դրանց մատչելիությունն ու ներառականությունը:

«Լույս» դաշինքի ծրագրում նույնպես նախատեսվում էր մանկապարտեզների վարձակալությամբ տրված տարածքները աստիճանաբար վերադարձնել մանկապարտեզներին, 0-6 տարեկան երեխաների ծնողների համար հասանելի էլեկտրոնային հերթագրում իրականացնել: Նախատեսվում էր մշակել նախադպրոցական սննդի ռազմավարություն:

«Երկիր ծիրանի» կուսակցությունը խնդրին անդրադարձել է իր ծավալուն ծրագրի տարբեր բաժիններում: Այսպես, կուսակցությունը նախատեսում է բյուջեի միջոցներով վերանորոգել մայրաքաղաքի բոլոր նախադպրոցական հաստատությունները և կառուցել նորերը, վերացնել նախադպրոցական հաստատություններում հերթագրումները, բոլոր երեխաների համար ապահովել նախադպրոցական կրթության իրավունքը: Նախատեսվում է նաև ապահովել մանկապարտեզները առողջական տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող համապատասխան մասնագետներով, կարևորում է մշակութային-գեղագիտական դաստիարակությունը: Անդրադառնալով անվտանգության խնդրին՝ կուսակցությունն անհրաժեշտ է համարում անցկացնել բոլոր նախադպրոցական հաստատությունների շենքերի սեյսմակայունության մշտադիտարկում:

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը նախատեսում էր մանկապարտեզների հերթագրումը անել բաց հրապարակվող ցուցակներով, բարեկարգել ՆԴՀ-ների բակերը՝ նախատեսելով ներառական կրթության իրականացման համար անհրաժեշտ պայմաններ: Հետաքրքիր մոտեցում է առաջարկվում սննդով ապահովման հարցին: Դաշինքի ծրագրում նշվում է, որ Երևանը պետք է ունենա իր գյուղատնտեսական ձեռնարկությունը, որը կարտադրի էկոլոգիապես մաքուր մթերք նախադպրոցական հաստատությունների համար, ինչի շնորհիվ կկրճատվեն սննդի ծախսերը, կվերահսկվի որակը:

ՕԵԿ- ի ծրագրում նախատեսվում էր անվճար մանկապարտեզների ցանցի զարգացում, դրանց շենքերի սեփականաշնորհման արգելքի պահպանում:

«Ժառանգություն» կուսակցությունը նախատեսում էր ավելացնել մանկապարտեզների թիվը:

ՀՅԴ ծրագրում նույնպես նախատեսվում էր ընդլայնել մանկապարտեզների ցանցը (թերբեռնված հիմնական դպրոցներին կից բացել նախակրթարաններ):

ԲՀԿ-ն նշում էր, որ երևանցիները դժգոհ են նախակրթարաններից, բայց ինչպես էր պատրաստվում լուծել խնդիրը՝ չի մասնավորեցնում:

Մյուս կուսակցությունները խնդրին չեն անդրադարձել:

 

Հարմարավետությանն առնչվող այլ խնդիրներ

 

«Լույս» դաշինքի ծրագրում նշվում էր, որ քաղաքաշինական միջավայրում ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց ազատ և անարգել տեղաշարժվելու հնարավորությունը: Նկատենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ  թեքահարթակների խնդիրը նույնքան կարևոր է նաև մանկասայլակով տեղաշարժվող կանանց համար:

 

Նույն խնդրին անդրադարձ կար «Երևանի հանրություն» դաշինքի ծրագրում, որում նշվում է, որ քաղաքաշինական միջավայրում հաշմանդամություն ունեցող մարդկանց և բնակչության սակավաշարժ խմբերի տեղաշարժման մատչելիությունն ապահովելու նպատակով մշակվելու և իրագործվելու են համապատասխան նախագծեր: Դաշինքը կոմունալ սպասարկման բարելավման մեծ ծրագիր էր նախատեսել: Առավել գրավիչ է բակային տարածքներում մանկական խաղահրապարակների և հանգստի գոտիների ստեղծման հարցը քաղաքային բյուջեում ներառելու հարցը: Մեծ բաժին կա՝ նվիրված առողջապահությանը, այդ ոլորտում սպասարկման որակի բարձրացմանը: Հիմնական անկյունաքարերն են՝ պոլիկլինիկական ծառայության աշխատաոճի փոփոխումը, հիմնված ԱԱՊ օղակի հզորացման վրա, և ընտանեկան բժշկի ինստիտուտի հզորացումը: Ընդգրկուն ծրագիր է նախատեսված նաև կրթության և մշակույթի ոլորտների բարելավման համար:

 

Կոմունալ սպասարկման բարելավում էր նախատեսում նաև «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը: Հարմարավետության տեսանկյունից կարևոր է նաև բոլոր զբոսայգիներում հանրային զուգարանների կառուցման կարևորումը:

 

 «Լույս» դաշինքի ծրագրում նախատեսվում էր վերանայել հանրակրթական դպրոցների կառավարման խորհրդի և տնօրենի ընտրության գործող կարգը՝ ապահովելով ծնողների և շահառուների մասնակցությունը գործընթացին, մշակել դպրոցական սննդի ռազմավարություն:

 

ԲՀԿ ծրագրում նախատեսվում էր դպրոցների, առողջապահական հիմնարկների գործունեության բարելավում:

 

«Ժառանգություն» կուսակցությունը իր առջև դրել էր ևս մի խնդիր՝ վերականգնել մանկավարժների հեղինակությունը, հատկապես տարրական դպրոցում նվազեցնել դասարաններում աշակերտների թիվը, ներդնել կրթական նոր, ժամանակակից մոտեցումներ: Ընտանիքների համար նպաստավոր է նաև ծրագրի այն կետը, որով կուսակցությունը կարևորում է սոցիալական շինարարությունը, որպեսզի պակաս եկամուտ ունեցող ընտանիքները կարողանան նվազագույն տոկոսադրույքներով հիպոթեքային վարկեր ստանալ առևտրային բանկերից՝ քաղաքապետարանի իրականացրած սոցիալական շինարարության ծրագրերից օգտվելու համար:

 

Նշված ոլորտներում «Ժառանգություն» կուսակցության գերակայություններն ու սկզբունքներն են` «Երևանցին պետք է 24-ժամյա ռեժիմով ապահովված լինի որակյալ և անխափան ջրամատակարարմամբ, ջրահեռացմամբ, գազամատակարարմամբ ու էլեկտրամատակարարմամբ, ինչպես պարտավորվել են նշված ծառայություններ մատուցող ընկերությունները»:

 

«Երկիր ծիրանի» կուսակցությունն առաջարկում էր  յուրաքանչյուր վարչական շրջանում վերականգնել հանրային տարածքները` այգիներ, լճեր (ջրավազաններ), խաղահրապարակներ և այլն: Ծրագրում հատուկ բաժիններ կային՝«Սոցիալական զարգացման քաղաքականություն» և «Կրթության քաղաքականություն», որոնցում հանգամանորեն անդրադառնում է այդ հիմնախնդիրներին:

 

Հարմարավետ քաղաքը սոցիալական ուժեղ բաղադրիչ ունեցող քաղաք է, այդ տեսանկյունից հետաքրքիր էր «Օրինաց երկիր» կուսակցության ծրագիրը: Նախատեսվում է իրականացնել մայրության և մանկության սոցիալական ապահովության համակարգի ընդլայնում, երեխաների ամառային հանգստի կազմակերպում, ապահովել տարեցների համար ծերապարտեզների ցանցի ընդլայնում և պայմանների բարելավում, հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորում` հատուկ ենթակառուցվածքների ստեղծման միջոցով, ստեղծել և ընդլայնել խաղահրապարակները:

 

ՀՅԴ-ն նախատեսում էր ստեղծել տարեցների խնամքի և ժամանցի կենտրոններ,
վերանորոգել և վերազինել պոլիկլինիկաները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը, ստեղծել անօթևանների գիշերային կենտրոններ:

 

Քաղաքապետի կին թեկնածուների ծրագրերի առանձնահատկությունները

 

Թեպետ, ընդհանուր առմամբ, դիտարկված ծրագրերում այսպես թե այնպես կան դրույթներ, որոնք կարող են նպաստել ավելի արդար քաղաքի ստեղծմանը, սակայն հետաքրքիր է դիտարկել՝ ինչպե՛ս էին այդ հարցին անդրադարձել կանանց կողմից ղեկավարվող քաղաքական ուժերը:

 

«Երկիր ծիրանի» կուսակցությունը հարուստ փորձ էր կուտակել նախորդ ավագանու կազմում իր ակտիվ մասնակցության շնորհիվ: Ծրագիրն առանձնանում էր իր սոցիալական հստակ ուղղվածությամբ, որը երևում է գրեթե բոլոր բաժիններում: Բավականին մանրամասն էր ներկայացված սոցիալական քաղաքականությունը (մատչելի բնակարաններ, սոցիալական բնակարանների հատկացում կարիքավորներին, ժամանակավոր բնակելի կացարաններ անօթևաններին, սոցիալական բնակարանաշինություն): Ուշադրության էր արժանի ծրագրի «Սոցիալական զարգացման քաղաքականություն» բաժինը, որում նախատեսվում էր փողոցների ցանցի և բակային տարածքների զարգացում և բարեկարգում, արտաքին լուսավորության ցանցի բարելավում և արդիականացում (ի դեպ, նախատեսվում է չլուսավորվող փողոցների, նրբանցքների, բակերի և խաղահրապարակների լուսավորում): Հատուկ բաժին էր նվիրված բնակչության սակավաշարժ խմբերի համար ենթակառուցվածքների ստեղծման քաղաքականությանը: Հանրային և մասնավոր տրանսպորտի ոլորտում քաղաքականությունը նույնպես սոցիալական բաղադրիչ ուներ՝ սոցիալական փաթեթներ ուսանողների, թոշակառուների և սոցիալապես անապահով խավերի համար, սմարթֆոնների համար կազմված հավելվածի միջոցով հնարավորություն՝ հետևելու անհրաժեշտ տրանսպորտի ժամանման հաճախականությանը և ժամերին: Որոշակի տեղ էր հատկացված ծրագրում նաև առողջապահական ծառայությունների մատչելիությանը և դրանց որակի բարձրացմանը: Ծրագրում ներկայացված էր վարչական կառավարման թափանցիկության տեսլականը, հատուկ բաժին էր առանձնացված, որը նվիրված էր քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը: Ծրագրում մեծ մաս էր հատկացված շրջակա միջավայրի քաղաքականությանը և ռիսկերի կառավարմանը: Առանձին բաժին է կազմում «Կրթության քաղաքականությունը», որում նախատեսվում է կրթօջախների անվտանգության ապահովում, տնօրենների և ուսուցչական անձնակազմի անկախություն քաղաքային իշխանություններից, ուսուցչի սոցիալական ապահովվածության առաջնայնություն:

 

«Երևանի հանրություն» դաշինքն իր ուժեղ կողմն էր համարում քաղաքաշինական և ճարտարապետական լուծումները: Ծրագրի «Բարեխիղճ կառավարում» բաժնում կարևորվում է կոռուպցիայի հաղթահարումը և ներառական կառավարումը: Մանրամասն ներկայացված էին քաղաքաշինության և տրանսպորտի բաժինները, բայց հետաքրքիր էր նաև կոմունալ ծառայություններին նվիրված բաժինը, որտեղ այլ միջոցառումների հետ մեկտեղ նախատեսվում էր ներառել քաղաքային զարգացման ծրագրերում և բյուջեում  բակային տարածքներում մանկական խաղահրապարակների և հանգստի գոտիների կազմակերպումը: Ծրագիրն անդրադառնում էր նաև առողջապահության, կրթության և մշակույթի խնդիրներին: Առողջապահության ոլորտում նախատեսվում էր բարձրացնել կառավարման արդյունավետությունը, հիմնական ուղղություններում ներառված էին պոլիկլինիկական ծառայությունների աշխատաոճի փոփոխումը՝ նեղ մասնագետներով ներառմամբ, ընտանեկան բժշկի ինստիտուտի ամրապնդմամբ, շեշտը դնելով կանխարգելիչ բժշկության վրա: Որոշակի տեղ է զբաղեցնում ծրագրում կրթության քաղաքականությունը: «Էկոլոգիա և բնակելի միջավայր» բաժնում նախատեսվում է պայքար անապատացման դեմ, քաղաքի կանաչապատում, կանաչ քաղաքաշինության իրականացում: Հետաքրքիր է, որ «Մշակույթ» բաժնում նախատեսվում է կյանքի կոչել «Երաժշտական Հայաստան» ծրագիրը: Թեպետ ծրագիրը գենդերային չեզոք էր, սակայն այն ներառում էր կանանց կարիքների տեսանկյունից առավել կարևոր հիմնախնդիրները:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի հենքում դրված էր «կանաչ, խելացի» քաղաքի հայեցակարգը: Նախատեսվում էր քաղաքային նշանակության զբոսայգիներն ու անտառային պուրակները ծառայեցնել բնակիչներին: Հաջորդ կարևոր ծրագրային կետը սոցիալական բնակարանաշինության իրականացումն է, ընտանիքներին առավել մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորության ընձեռում, կարևոր է, որ նախատեսվում է վարկի տրամադրման ամսական վճարումները կատարում են 30 տարվա ընթացքում՝ առանց կանխավճարի: Կարևորվում է նաև ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած տրանսպորտային ցանցը, որը մատչելի կլինի նաև սահմանափակ տեղաշարժման հնարավորություններով քաղաքացիների համար: Ծրագրում շեշտադրված է նաև տրանսպորտի գնային քաղաքականության մատչելիության ապահովման անհրաժեշտությունը: Ծրագրում նշվում է, որ «Երևանի քաղաքապետարանը քաղաքում դպրոցների, նախակրթարանների և առողջապահական հիմնարկների գործունեության համար պատասխանատու կառույց է», և պատրաստակամություն է հայտնվում լուծելու այս ոլորտում տարիներով կուտակված բազմաթիվ չլուծված խնդիրները, բայց ինչպե՛ս՝ չի մասնավորեցվում: Ծրագրի ուժեղ կողմը ներդրումային քաղաքականությունն է:

 

***

 

Ուղերձ նորընտիր ավագանուն

 

Անդրադառնալով ընտրողների ամենամեծ թվով ձայներ ստացած «Իմ քայլը» դաշինքի ծրագրին նշենք, որ  ծրագրի գլխավոր ուղենիշներից է Երևանը դարձնել անվտանգ, առողջ, հարմարավետ: Ուշադրություն գրավեց «Կրթություն» բաժինը, որում նախատեսվում է բարելավել նախադպրոցական հաստատությունների շենքային և բակային պայմանները, քարտեզագրել դրանք, հնարավորության դեպքում հետ վերադարձնել վարձակալությամբ տրված շենքերը, թափանցիկ դարձնել նախադպրոցական երեխաների էլեկտրոնային հերթագրման գործընթացը, ընդլայնել կրթական հաստատությունների մատչելիությունն ու ներառականությունը: Դրանով իսկ դաշինքն ապահովել է այդ ուղղությամբ իր գործունեության շարունակականությունը նախորդ ավագանիում՝  «Ելք» խմբակցության կազմում: Ընդհանուր առմամբ ծրագրի մեջ ներառված տարբեր ոլորտներում նախատեսվող միջոցառումները կյանքի կոչելու ճանապարհին կարևոր է, որ քաղաքի նորընտիր ավագանին և քաղաքապետը քաղաքի զարգացման պլաններում հաշվի առնեն ոչ միայն ավագանիում ներկայացված, այլ նաև մյուս քաղաքական ուժերի ծրագրերում առկա հետաքրքիր ու օգտակար գաղափարները, քանի որ դա բխում է քաղաքի բնակիչների շահերից: Բացի այդ, ցանկալի է, որ նորընտիր ավագանին իր գործունեության ընթացքում կարողանա ապահովել քաղաքի զարգացման բոլոր ծրագրերի գենդերային զգայունությունը՝ դրանով իսկ կյանքի կոչելով քաղաքի արդար կառավարման կոնցեպտի սկզբունքները:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում  ՏԻՄ ընտրություններ-2018   խորագրի ներքո.

 

«Քվոտան պետք է աշխատի  որպես պլատֆորմ և ոչ թե որպես առաստաղ»

 

Առաջարկ կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնություն ապահովելու մասին

 

Երևանի ավագանու  4 մշտական հանձնաժողովներից երկուսը կանայք են ղեկավարելու  

 

Կանանց ներկայացվածությունը Երևանի նորընտիր ավագանիում 27.6% է

 

Կին թեկնածուների քարոզարշավի առանձնահատկություններն ու սեքսիզմը

 

Կանանց մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում. վերլուծական տեղեկանք

 

Կին թեկնածուները կուսակցությունների ընտրական ցուցակներում. ամփոփում

 

Քաղաքի արդար կառավարման սկզբունքները նախընտրական ծրագրերում

 

Դիտումների քանակը` 200

Վերադառնալ վերև