Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Քվոտան պետք է բարձրանա». քննարկում կառավարությունում ընտրական բարեփոխումների շուրջ

 

Ինչպես հայտնի է  ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ  Արարատ Միրզոյանը հուլիսի 6 –ին հրավիրել էր կանանց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ընտրական օրենսդրության բարեփոխումների շուրջ քննարկումների: Հանդիպումը վարում էր հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում»  ՀԿ նախագահ, Դանիել Իոաննիսյանը:

 

 

Քննարկման հիմնական թեման կանանց մասնակցությունն ապահովող  մեխանիզմներն էին, մասնավորապես   քվոտայի հետ կապված Ընտրական օրենսգրքի  կարգավորումները: Ներկայացնելով իր վերաբերմունքը քվոտաներին ,  Դանիել Իոաննիսյանը նշեց, որ  քվոտան պետք է լինի այնպիսին, որպեսզի հասարակությունը տեսնի, որ կանայք քաղաքականության մեջ են,  զբաղվում են քաղաքականությամբ և դա նորմալ է: Բայց միաժամանակ նա չի կարծում, թե այդ քվոտան պետք է լինի շատ բարձր: «Եթե մենք շատ բարձր սահմանենք քվոտան, կա մտավախություն, որ կանանց միջև մրցակցությունը շատ ցածր մակարդակի կիջնի կուսակցությունների ներսում և խորհրդարան անցած կանանց «որակն» իրենց  քաղաքական գործունեության տեսակետից,  կարող է ցածր լինել: Այնպես որ այստեղ պետք է գտնել ոսկե միջինը»,- ասաց նա: Այդ կարծիքն, ի դեպ, մեկնաբանությունների առիթ դարձավ հետագա քննարկման ընթացքում, մասնավորապես կանանց կազմակերպությունների ներկայացուցիչները  հիշեցրեցին, որ առանց քվոտայի խորհրդարան անցնող տղամարդկանց  «որակը»  նույնպես երաշխավորված չէ, սակայն այդ փաստը որևէ մեկին չի անհանգստացնում: 

 

 

 «Ռեյտինգային ընտրակարգը չարիք է իր բոլոր դրսևորումներով և այն չի լինելու»

 

Կանխելով կանանց ՀԿ-ների մտահոգությունները կապված  ռեյտինգային համակարգի հետ, որն , ինչպես հայտնի է, խոչընդոտում է ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված քվոտայի արդյունավետ կիրառումը, Իոննիսյանը տեղեկացրեց , որ թեև որոշ կուսակցություններ բաց ցուցակների առաջարկով դարձյալ հանդես եկել են, բայց ընտրական բարեփոխումների հանձնաժողովը և քաղաքական ուժերի մեծ մասը դրանց դեմ են: Նրա խոսքով,  ըստ  հանձնաժողովի դիրքորոշման` ԱԺ գալիք ընտրությունները պիտի կայանան համամասնական ընտրակարգով փակ ցուցակներով, առանց որևէ ռեյտինգների կիրառման: «Ռեյտինգային ընտրակարգը չարիք է իր բոլոր դրսևորումներով և այն չի լինելու», – ասաց նա,  նշելով, որ արդեն իսկ երաշխավորում է, որ օրենսգրքում նշված քվոտան լիարժեք աշխատի:

 

Նրա խոսքով,  քիչ երկրներում է, որ քվոտան սահմանված է ոչ միայն ցուցակով, այլ նաեւ խորհրդարան անցածների ցուցանիշի միջոցով,  Հայաստանում դա սահմանված է. «Ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ գործող կարգավորումների համաձայն կուսակցությունների ընտրական ցուցակներում  ամեն 4-րդը պետք է կին լինի։ Միաժամանակ, երբ ընտրվածներից հրաժարական է տալիս կին թեկնածուն, և դրանով խախտվում է խմբակցության կազմում կանանց թիվը  նվազագույն 20 տոկոսի շեմը, ապա նրա փոխարեն խորհրդարան է  անցնում է  ցուցակով կինը։ Այսպիսով, երաշխավորվում է կանանց 20-տոկոսանոց մասնակցությունը խորհրդարանում: Այդուհանդերձ, այս նորմերն ամբողջությամբ չեն գործում, քանի որ խմբակցությունների 50 տոկոսն ձևավորվում է տարածքային ցուցակներով ընտրվածներով, որոնց թվում ընդամենը մեկ-երկու կին էր ընտրվել:  Արդյունքում , կանանց ներակյացվածությունը Ազգային ժողովում 18%  է, ինչը չի կարելի բավարար ցուցանիշ համարել»,  –  նշեց Իոաննիսյանը, նկատելով, որ ռեյտինգային համակարգից հրաժարումը թույլ կտա ապահովել օրենսգրքով  նախատեսված նվազագույն շեմը։ Հետագա խոսքից պարզվեց, որ Իոննիսյանը  ի նկատի ունի անցումային դրույթներով նախատեսված 25/75 համամասնությունը, քանի որ օրենսգրքի այն հոդվածները, որոնք սահմանում են սեռերի 30/70 համամասնությունը կուսակցությունների ցուցակներում,  դեռևս չեն մտել ուժի մեջ, և նախատեսվում է, որ դրանք պետք է գործեն հաջորդ հերթական ընտրություններում։

 

 

«30/70 համամասնությունն, ըստ էության, անցած էտապ է»

 

 «Պրոմեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանն իր խոսքում անդրադարձավ հենց այդ խնդրին՝ հիշեցնելով, որ դեռևս 2016 թվականին, երբ փոփոխության էր ենթարկվում Ընտրական օրենսգիրքը, կանանց շահերը պաշտպանող կազմակերպությունների պահանջը 30/70 համամասնություն ապահովող քվոտան էր, մինչդեռ քաղաքական կուսակցություններն իրենց քննարկումների արդյունքում  ամրագրեցին 25/75 հարաբերակցությունը: Քաղաքական ուժերը, հիշեցրեց բանախոսը, բացատրեցին իրենց որոշումը նրանով, թե, իբր, կուսակցությունները չեն կարողանա ապահովել  իրենց ցուցակներում 30% կանանց: Բայց 2017-ի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ կուսակցությունները այդ տոկոսն ապահովեցին, այսինքն անցումային դրույթներով քվոտայի իջեցումը արդարացված չէր:

 

«Մենք համարում ենք, որ 30/70 համամասնությունն, ըստ էության, անցած էտապ է, այդ թվում  կուսակցությունների համար, որոնք 2017 -ի ընտրություններում իրենց ընտրական ցուցակներում կանանց 30%-ը ապահովել էին: Այլ հարց է, որ քվոտայի դե-ֆակտո իրականացմանը  խանգարեցին  տարածքային կամ այսպես կոչված ռեյտինգային ցուցակները , որոնց առկայության մասին հանրությունը տեղեկացավ միայն նախագծի ներկայացնելուց հետո: Մինչդեռ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների դիտարկմամբ,  բաց ցուցակների դեպքում համամասնությունը պետք է լիներ  50/50, որպեսզի խորհրդարանում կանանց ներկայացվածությունը լինի գոնե 25 տոկոս»,-  նշեց  Հովնաթանյանը՝ հիշեցնելով  խնդրի  նախապատմությունը,  որն էլ  բերել է այսօր այն իրավիճակին, որ ԱԺ-ում կանանց ներկայացվածության ընդամենը 18% է:  Ի հակառակ դրան քվոտան լիարժեք  աշխատեց  Երևանի ավագանու ընտրություններում, որտեղ չկային բաց ցուցակներ:

 

Ներկայացնելով  ավելի քան   40 հասարակական կազմակերպությունների բաց նամակը   ընտրովի մարմիններում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունն երաշխավորող մեխանիզմների ապահովման  վերաբերյալ, ՀԿ նախագահը նշեց. «Այսօր  Հայաստանում իրողություն է փոխվել և հասարակական սեկտորի սպասելիքները նոր կառավարությունից այս հարցի շուրջ մեծացել են: Ավելին՝ մարդիկ համոզված են, որ իրենց խոսքը այս անգամ ավելի լսելի կլինի նոր կառավարության համար: Հետևաբար կանանց կազմակերպությունները առաջ են քաշում  առաջարկ՝ քվոտան պետք է բարձրանա՝ առնվազն 40/60-ի համամասնության, ինչպես դա նշված է դեռ 2009- ին ընդունված  ԵԽ նախախարարների  կոմիտեի կողմից ընդունված հանձնարարականներում , որոնց տակ իր ստորագրությունն է դրել նաև Հայաստանը: Դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ Եվրոպայի խորհրդի վերջին  փաստաթղթերով  և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների շրջանակում  խոսքը գնում է 50/50 հավասար մասնակցության մասին,  ինչը ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավորվել են ապահովել  մինչև 2030 թվականը: Այսինքն, այսօր մենք խոսում ենք յուրաքանչյուր նոր ընտրություններում որոշակի առաջընթաց ապահովելու մասին այդ նպատակին հասնելու համար», –  ասաց նա՝ ընգծելով, որ Ազգային Ժողովում կանանց ներկայացվածության հարցը սկզբունքային հարց է նաև գործադիր մարմնում որոշումների ընդունման մակարդակում կանանց մանսակցությունն ապահովելու տեսակետից, քանի որ հենց պատագամավորական աշխատանքի շնորհիվ են նրանք տեսանելի դառնում հանրության համար: 

 

Եզրափակելով Թամարա Հովնաթանյանը՝ նախաձեռնող խմբի անունից՝  ի դեմս ,  «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Պրոմեդիա-Գենդեր» ՀԿ-ի, փոխանցեց հանձնաժողովին   ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ վերլուծական նյութերի փաթեթը, այդ թվում  բաց նամակը, որին միացել են  40- ից ավելի կազմակերպություններ:  

 

 

 

«Չստացվի այնպես, որ բոլոր համայնքները ղեկավարում են միայն տղամարդիկ»

  

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի  նախագահ Ջեմմա Հասրաթյանը ևս շեշտադրեց , որ օրենքով ամրագրված 2022 թվականի խորհրդարանական ընտրություններում գործող 30/70 համամասնությունը, պետք է գործի առաջիկայում սպասվող արտահերթ  ընտրություններում:   Դրա հետ մեկտեղ,  կարևոր է նաև , որ քվոտայով ներգրավող կանայք լինեն մրցակցային.  «Կուսակցությունները իրենց ցուցակներում պետք է ընտրեն այն կանանց, որոնք կարող են օգտակար լինել խորհրդարանում իրենց աշխատանքով ու գիտելիքներով»,- ասաց նա:

 

 

  

Անդրադառնալով  հաճախ հնչող ակնարկներին, որ որոշ կանայք արհեստականորեն են բերվում,  Ջ. Հասրաթյանը նշեց, որ  հաշվի առնելով այսօրվա խորհրդարանի պատկերը,  պարզ է դառնում, որ քիչ չեն այն տղամարդիկ, որ ուղղակի հայտնվել են ԱԺ-ում, բայց իրենց գործունեությունը որևէ կերպ որակ չի հաղորդում օրենսդիր մարմնին, հետևաբար սա ևս լուրջ խնդիր է, որ պետք է հուզի քաղաքական կուսակցություններին. «Այնտեղ թոշակի տեղ չի, այնտեղ տեղ է, որտեղ մարդիկ պետք է աշխատեն, օրենսդրություն մշակեն, որ երկիրը գնա առաջ», – ասաց Հասրաթյանը:  Հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ կանայք պետք է լայնորեն ընդգրկվեն կառավարման համակարգում, նա նշեց, որ դա չպետք է մնա որպես լոզունգ. «Չստացվի այնպես, որ բոլոր համայնքները ղեկավարում են միայն տղամարդիկ, հատկապես, որ  ոչ բոլոր դեպքերում են  տղամարդիկ լավ ղեկավարում: Չեմ հասկանում, այդքան կանանց ռեսուրսից զո՞ւրկ է մեր երկիրը, որ խոշորացված համայնքներում միայն Ամասիայի համայնքապետն է կին», – ասաց Հասրաթյանը՝ նշելով, որ Ընտրական օրենսգիրքը նաև պետք է լուծումներ տա խոշորացված համայնքներում համամասնական ընտրություններին անցնելու վերաբերյալ, ինչը թույլ կտա կիրառել քվոտան:

 

 

«Հեղափոխությունը ստեղծել է այդ հնարավորությունը»

 

 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ այսօր հստակ ունենք հնարավորություն ու բաց պատուհան կոտրելու կարծրատիպերը, քանի որ թավշյա հեղափոխությունն է այդ հնարավորությունը ընձեռել:

 

Հեղափոխության ընթացքում կանայք մեծ մասնակցություն են ունեցել, դրանով ցույց տալով, որ կարող են քաղաքականության մեջ իրենց տեղն ունենալ, և եթե քաղաքական կամքը լինի, ապա և կյանքի կկոչվեն այդ կարծրատիպերը կոտրող առաջարկներ ու կանայք լայնորեն կընդգրկվեն կառավարման համակարգում: «Ես հասկանում եմ, որ քվոտան ամենալավ տարբերակը չէ, որ փոփոխություն կմտցնի հասարակության պատկերացումների մեջ, բայց դա դեռեւս միակ գործիքն է, որի միջոցով կարելի է  ռեալ միջամտել կարծրատիպերը  հաղթահարելու  գործընթացին»: Նա նաև Իոաննիսյանին փոխանցեց իրենց առաջարկների փաթեթը, որը ներառում է և՛ 50/50 քվոտայի, և՛ 40/60 քվոտայի պահանջը: «Ես ճի՞շտ եմ հասկանում առաջարկը՝ ցուցակում ամեն երկրորդը լինի կին, իսկ խորհրդարանում ինքնաբացարկների արդյունքում չի կարող սեռերից որևէ մեկի տոկոսը 40 տոկոսից ցածր լինե՞լ»,- հստակեցրեց Իոաննիսյանը, ինչին ի պատասխան  Զարուհի Հովհաննիսյանը հաստատեց՝ դա է իրենց առաջարկը:

 

 

 

«Քվոտաների սահմանումը երբեք չպետք է ներկայացվի որպես բարի կամքի դրսևորում»

 

«Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի անդամ, Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (PINK Armenia) ՀԿ –ի նախագահ  Նվարդ Մարգարյանի կարծիքով էլ քվոտաների սահմանումը երբեք չպետք է ներկայացվի որպես բարի կամքի դրսևորում: Ի վերջո, Հայաստանի բնակչության 52 տոկոսը կանայք են և կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը ամրագրված է Սահմանադրությամբ: Բացի այդ, շեշտեց Մարգարյանը, քվոտաների սահմանումը ժամանակավոր գործողություն պետք է լինի վերականգնելու այն անհավասարությունը, որ կա, ինչպես նաև ներկայացնելու կանանց և կանանց վերաբերող շատ հարցեր, որոնք այսօր դուրս են մնացել օրակարգից. «Որովհետև փորձը ցույց է տալիս, որ  խորհրդարանում ներկայացված տղամարդիկ չեն կարող ներկայացնել իմ սեռին վերաբերող խնդիրները: Ես չեմ ուզում մենք էլի կանգնենք հին տաշտակի առաջ, ինչ մի քանի տարի առաջ էր, երբ կանանց հնարավոր ռիսկային հղիության մասին քննարկումներ ու որոշումներ էին կայացնում տղամարդիկ, երբ իրենք երբեք հղի չեն լինում ու չեն հասկանում դա ինչ է», –  ասաց նա:

 

 

Եզրափակելով հանդիպումը Դանիել Իոննիսյանը նշեց, որ ընտրություններում  կանանց  մասնակցության ընդլայնման հարցը տեղ կգտնի   ընտրական բարեփոխումների հայեցակարգում, որի վրա այժմ աշխատում է հանձնաժողովը:  Հարցը քննարկվելու է հանձնաժողովում , և ինչպիսի լուծումներ կստանա կտեղեկացվի լրացուցիչ: Ինչ վերաբերում է  Ընտրական օրենսգրքի նախագծին, ապա Իոննիսյանը   հավանական է համարում, որ արդեն սեպտեմբերին այն  կմտնի Ազգային Ժողով: 

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ.

 

Բաց նամակ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ

 «Բաց ցուցակները կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտն են»

Միացե՛ք. Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ

 

 

Դիտումների քանակը` 1541

Վերադառնալ վերև