Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Քրիստինա Ագիլերայի ինքնատիպ ֆեմինիզմի ակունքները / տեսահոլովակ

Արեւմտյան որոշ պարբերականներ երգչուհի Քրիստինա Ագիլերային համարում են ժամանակակից ֆեմինիզմի փոփ թագուհի, սակայն ինքը Քրիստինան չի սիրում, երբ որեւէ կերպ պիտակավորում են իրեն: Ագիլերան թեեւ չի համարում, որ իր երգերը կենտրոնացած են ֆեմինիզմի վրա, այնուամենայնիվ, հայտարարում է, որ իր պայքարը կանանց՝ սեփական սեռից եւ մարմնից չամաչելու իրավունքի համար է: Այլ կերպ ասած, երգչուհին պայքարում է ամոթ հասկացության դեմ, որը յուրօրինակ զենք է կանանց ճնշելու համար: Նշենք, որ Ագիլերան ֆեմինիստական ուղղվածություն ունեցող երգերի բառերի համահեղինակն է:

 

Մանկությունը մեծ դեր է խաղացել ապագա երգչուհու մոտ ֆեմինիստական հայացքներ ձեւավորվելու հարցում: 1980 թվականին ծնված Ագիլերայի մայրը երաժիշտ է եղել, հայրը՝ ամերիկյան բանակի սպա: Հայրը մշտապես փորձել է վերահսկել կնոջ եւ երկու դուստրերի գործողությունները, նրանց հաճախ հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունների է ենթարկել: Երգչուհին իր երգերից մի քանիսը նվիրել է իր ընտանիքում առկա խնդիրներին: Առանձնապես հուզիչ է «Օ մայրիկ» («Oh Mother») երգը, որը ներկայացնում է Ագիլերայի վրդովմունքն ընդդեմ ընտանեկան բռնության:

 

Քրիստինան երգի միջոցով պատմում է, թե մայրն ինչպիսի հույսերով եւ երազներով է ամուսնացել, սակայն ընտանեկան կյանքը ողբերգական ընթացք է ստացել, երիտասարդ կինը բոլորից թաքցրել է իր պատռվածքներն ու կապտուկները՝ փորձելով փրկել ընտանիքը, սակայն չի կարողացել հանդուրժել իր երեխաների նկատմամբ բռնությունը եւ ամուսնալուծվել է. «Նա կարող էր մահանալ՝ փորձելով պաշտպանել իր երեխաների կյանքը»,- երգում է Ագիլերան:

«Օ մայրիկ, մենք ուժեք ենք

Քո թափած բոլոր արցունքներից,

Օ մայրիկ, ետ մի նայիր,

Քանի որ նա այլեւս երբեք չի ցավեցնի մեզ:

Այսպիսով մայրիկ, ես շնորհակալ եմ քեզ,

Այն ամենի համար ինչ դու արել ես եւ դեռ անում ես,

Դու ինձ ունես, ես քեզ ունեմ,

Միասին մենք միշտ հաղթահարում ենք»:

 

 

Քրիստինան 6 տարեկան է եղել, երբ ծնողներն ամուսնալուծվել են: Հայրը հետագայում բազմիցս փորձել է ետ վերադարձնել ընտանիքը, սակայն Ագիլերան մշտապես բացառել է վերամիավորվելու տարբերակը:

 

Հիասթափված լինելով հարազատ հորից եւ հիացած սեփական մոր նվիրվածությամբ՝  հետագայում Ագիլերան փորձել է մեծարել կանանց՝ իր երգերից մի քանիսը նվիրելով նրանց ազատությանը վերաբերող խնդիրներին:

 

Ռեփեր Լիլ Քիմի հետ համատեղ կատարած «Չեն կարող մեզ ստորացնել» («Can’t Hold Us Down») երգչուհին անդրադառնում է պատմական անարդարությանը, կանանց նկատմամբ դրսեւորված խտրականությանը՝ նշելով, որ այն, ինչ սովորական է համարվել տղամարդկանց համար, արգելված է եղել կանանց համար, եւ եթե որեւէ կին փորձել է խախտել տղամարդկանց սահմանած «օրենքները», ապա պիտակավորվել է որպես անբարոյական: «Միթե ես պետք է լռե՞մ միայն այն պատճառով, որ ես կին եմ: Կարող ես ինձ պոռնիկ անվանել, քանի որ ես ասում եմ այն, ինչ իմ մտքին է»,- երգում է Ագիլերան:

 

«Սա ամբողջ աշխարհի իմ աղջիկների համար է,

Ովքեր հանդիպել են տղամարդու,

Որը չի հարգում նրանց արժանիքները,

Այսպիսով, ի՞նչ պետք է մենք անենք, աղջիկներ,

Բարձր բղավենք, որպեսզի նրանք իմանան,

Որ մենք պաշտպանելու ենք մեր դիրքերը,

Բարձրացրեք ձեռքերը վեր եւ թափահարեք հպարտորեն,

Խորը շունչ քաշեք եւ բարձր ասեք՝

Երբեք չեն կարող մեզ ստորացնել,

Ոչ ոք չի կարող մեզ ստորացնել»:

 

Իսկ ռեփեր Լիլ Քիմն էլ ավելացնում է, որ ինքն ու Քրիստինան «կանգնած են աղջիկների թիկունքին»՝ նրանց կոչ անելով լինել ազատ ու համարձակ:

 

Նշենք, որ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը գրաքննվել է մի շարք հեռուստաընկերությունների կողմից, քանի որ ըստ նրանց, «այն սեքսուալ սադրանք է պարունակում», ինչին Քրիստինա Ագիլերան այսպես է արձագանքել. «Դա ծիծաղելի է, բազմաթիվ հիփ-հոփ տեսահոլովակներում կինն առարկայնացված է, նրա մարմինը որպես ապրանք է ներկայացվում, բայց երբ կինն է անում նույնը տղամարդկանց հետ, դա շոկ է հարուցում»:

 

 

Ագիլերան, ծայրահեղացնելով իր ֆեմինիստական պայքարը, հայտարարում է, որ ինքն ատում է տղաներին՝ նույնանուն երգի միջոցով («I Hate Boys»):«Ատում եմ այն կեղտոտ փոքրիկ տղաներին, ովքեր կարծում են, որ աղջիկները միայն խաղալու համար են»:

 

Ի դեպ, արեւմտյան որոշ լրագրողներ ենթադրում են, որ Ագիլերան չի ցանկանում վերջնականապես իրեն ֆեմինիստ հռչակել, քանի որ վախենում է, որ այդպիսով կարող է զրկվել տղամարդ երկրպագուների մի մասից: Ենթադրվում է, որ այդ հարցում իր դերակատարումն ունի երգչուհու պրոդյուսերը, ով կարծում է, որ կոմերցիոն տեսանկյունից ֆեմինիստ լինելը ձեռնտու չէ շոու բիզնեսում:

 

Պատրաստեց Արման Ղարիբյանը

 

Կարդացեք թեմայիշուրջ մեր կայքում.

 

Բիյոնսեն կոչ է անում տղամարդկանց պայքարել հանուն հավասարության

 

Բեյոնսե: «Ես ամեն օր ասում եմ իմ աղջկան, որ նա կարող է նախագահ դառնալ»…/ վիդեո

 

Փինքն առաջարկում է լինել նախագահ կամ ֆուտբոլիստ, բայց ոչ հիմար աղջիկ…

 

Դիտումների քանակը` 3497

Վերադառնալ վերև