Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Օրենքի նախագծում շտկումներն արդեն արվել են, վստահեցնում է Ֆիլարետ Բերիկյանը

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծում շտկումներն արդեն արվել են, այն ՀՀ կառավարությունում է, և կարծում եմ` օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը շատ շուտով կլինի»,-  այս մասին WomenNet-ի հետ զրույցում ասաց օրենքի նախագծի համահեղինակ,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը:

 

 

Հիշեցնենք, որ օրերս կայացած  ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նպատակահարմար էր համարել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով, որպեսզի  կառավարությունը ներկայացնի առաջարկությունների վերաբերյալ ամբողջական ամփոփաթերթը:

 

 

Ֆիլարետ Բերիկյանի խոսքերով` հետաձգումը կապված էր միմիայն տեխնիկական վրիպակի հետ: «Խնդիրը զուտ տեխնիկական էր, շտկումներն արդեն արվել են,  նաև պետք է շեշտեմ, որ այդ տիպի օրենքների համար աննախադեպ լսումներ են եղել, մանրամասն քննարկումներ տեղի ունեցել»,- ընդգծեց փոխնախարարը:

 

 

Նշենք, որ օրենքի նախագիծը մշակվել է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Օրենքը նպատակուղղված է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի 4-րդ Համաշխարհային համաժողովի հանձնարարականների, Եվրախորհրդի կանանց և տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերի,  ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջների և Հայաստանի Հանրապետության միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարմանը:

 

 

Օրենքը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակույթի և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները և կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները:

 

 

Օրենքի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցումը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:

 

 

Բացի այդ` օրենքը կոչված է  ապահովել կանանց և տղամարդկանց իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության իրական հավասարությունը, նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը և խտրականության բացառումը:

 

 

 

Հատկանշական է, որ սույն օրենքով գենդերային անուղղակի խտրականության ձև է դիտարկվում գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով: Մեկ այլ հոդվածով` ԶԼՄ-երը պետք է աջակցեն գենդերային հավասարության առաջընթացին:

 

Հասմիկ  Հակոբյան

 

 

Կարդացեք  նաև  թեմայի շուրջ մեր կայքում.

Էլինար Վարդանյանը պարզաբանեց օրինագծի հետաձգման պատճառները

 

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 3219

Վերադառնալ վերև