Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Օքսֆամը միավորում է Հայաստանի և Վրաստանի իր գործընկերներին

 

Փետրվարի 26-ին  Երևանում  մեկնարկեց արդեն երրորդ հանդիպումը  Վրաստանի և Հայաստանի  հասարակական ակտիվիստների,  ձեռներեց կանանց և երիտասարդների միջև: Կլոր սեղանի թվով 31  մասնակիցներ իրենց փորձն էին ներկայացնում, ծանոթանում հարևան երկրի ներկայացուցիչների գործունեությանը և նոր գործընկերներ գտնում: Նրանց բոլորին էլ միավորել  էր  Օքսֆամը իր  ծրագրերի շրջանակում: 

 

 

 

Ինչպես և նախորդները, այս  հանդիպումը կազմակերպվել էր Օքսֆամի «Կանանց և երիտասարդների քաղաքական հզորացումը և իրազեկումը Հայաստանում  և Վրաստանում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը «Օքսֆամ» կազմակերպության Վրաստանի և Հայաստանի  մասնաճյուղերի համատեղ նախաձեռնությունն է: Մեկնարկը տրվել է դեռ անցյալ տարի, որի շրջանակում արդեն երկու փոխայցեր տեղի են ունեցել:

 

«Օքսֆամ- Հայատան» -ի «Հաշվետու կառավարում» ծրագրի ղեկավար Լիլիթ Չիթչյանը WomenNet.am-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր հանդիպման  ժամանակ փորձում են այնպիսի գիտելիքներ փոխանցել մասնակիցներին, որոնք նրանք հետագայում կկիրառեն  իրենց համայնքներում:

 

 

–         Կլոր սեղանի ժամանակ կանայք և երիտասարդները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց համայնքային փորձը, համեմատել հիմնախնդիրները, պատմել  ինչպես է կանանց հաջողվել հաղթել ՏԻՄ ընտրություններում կամ  ինչպես են երիտասարդները ֆլեշմոբեր, ակցիաներ կազմակերպում և հայայնքային խնդիրների լուծումներ գտնում: Բոլոր մեր ծրագրերում կարևորում ենք գենդերային բաղադրիչը:  Այս հանդիպման օրակարգում ներառել ենք կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ շատ հետաքրքիր թեմաներ: «Պրո Մեդիա-Գենդեր» ՀԿ-ի մասնագետները, հիմնականում, խաղերի և վարժությունների միջոցով սովորեցնելու են, ինչպես վերհանելով համայնքային հիմնախնդիրները վերլուծել դրանք գենդերային տեսանկյունից , ինչպիսի առանձնահատկություններ ունի կին թեկնածուների  քարոզարշավը և ինչպես  լսելի դարձնել ԶԼՄ-ներում կանանց ձայնը, խոսվելու է նաև գենդերային  կարծրատիպերի մասին… Կարծում եմ, երկու երկրների ներկայացուցիչների համար շատ օգտակար քննարկում կլինի:

 

Լիլիթ Չիթչյանի խոսքով, պահպանելով մասնակիցների կորիզը միշտ փորձում են  նաև  նոր մարդկանց ներգրավվել այս հանդիպումներին, որ ակտիվիստներից  ինչքան հնարավոր է շատերը նոր գիտելիքներ ստանան:  Օքսֆամի աջակցությամբ Հայաստանի  4 մարզերում ստեղծվել և գործում են  13 քաղաքացիական կենտրոններ, որոնք այս ծրագրի շրջանակներում կապեր են հաստատում իրենց վրացական կոլեգաների հետ:

 

 

Փիլոսյան Կարենը Դիլիջանի «Հույսի կամուրջ» ՀԿ-ից այս ծրագրի շրջանակում եղել է նաև Վրաստանում: Ստացաված տպավորությունները հակիրճ բնութագրում է այսպես. «Նոր ծանոթություններ, նոր մոտեցումներ հին խնդիրներին»:

 

–         Հետաքրքիր է լսել Վրաստանի  մեր կոլեգաների կարծիքը, նրանց վերաբերմունքը, այն խնդրին, որը քեզ էլ է մտահոգում: Որպես  բլոգեր  ինձ հատկապես  հետաքրքրում են այն թեմաները, որոնք վերաբերում էին մեդիա ոլորտին, ինչպես մեդիայի միջոցով ներազդել գլոբալ խնդիրների վրա: Իմ բլոգում անդրադառնում եմ երիտասարդների ժամանցի խնդիրներին, ունեմ նաև հատուկ էջ գենդերային խնդիրների վերաբերվող, անդրադարձել եմ կանանց զբաղվածությանը, նրանց ներգրավվածությանը հասարակա-քաղաքական կյանքում, – ասում է   Կարենը, նշելով, որ  այս հանդիպման ժամանակ էլ  փորձելու է առավել ինֆորմացիա ստանալ այդ խնդիրների  մասին և համեմատություն  անցկացնել երկու երկրների կանանց ակտիվության միջև: «Բլոգի համար լավ թեմա կլինի»՞ – հավելում է նա:

 

 

Ընդդեմ իրավական Կամայականության  ՀԿ-ի  Եղեգնաձորի մասնաճյուղի ներկայացուցիչ Վարդիթեր Խաչատրյանն էլ օգտակար բաներ է քաղել իր համար՝ նախորդ հանդիպումից:

 

–         Վրաստանում սեմինարը  կանանց դերի բարձրացմանն էր ուղված: Իսկ մեր կազմակերպությունը շահառու համայնքներում հաճախ է նման սեմինարներ կազմակերպում: Հանդիպումը ինձ օգնեց ավելի փորձառու դառնալ և նոր մեթոդներ յուրացնել, ու հետո փորձեցի  դրանք կիրառել մեր սեմինարների ժամանակ, բավականին հաջող ստացվեց:

 

 

Նախորդ  հանդիպումներին իր ակտիվ մասնակցություն ունի նաև «Երիտասարդ կանանց ասոցիացիան», որի նախագահ Լիլիթ Ասատրյանն էլ կլոր սեղանի վարողներից մեկն է:.

 

Հասարական ոլորտում խնդիրները գրեթե նույնն են թե Հայստանում և թե Վրաստանում, հատկապես,  կանանց քաղաքական մասնակցության առումով: Բայց  ի զարմանաս ինձ, հատկապես, առաջին այցի ժամանակ, բացահայտեցի, որ չնայած Վրաստանը որոշ հարցերում ավելի  առաջադեմ երկիր է և կոռուպցիայի ավելի ցածր տոկոս ունի, բայց մասնակցությունը կանանց առումով ավելի քիչ է, ինչպես նաև տեղեկացվածությունը: Այսինքն, իրենց մոտ գուցե  փորձառությունն է ավելի շատ, մեզ մոտ ինֆորմացվածությունը: Ցավոք, սակայն, մենք այդ ինֆորմացիան այնքան էլ չենք կիրառում: Եվ իհարկե, լինելով հետխորհրդային պետություններ, լիարժեք չենք գնահատում կնոջ ներուժն ու հնարավորությունները: Հուսամ, փորձի իրական փոխանակում տեղի կունենա, Հայաստանում կանայք ունեն ձեռներեցության լավ օրինակներ, մեր հայ մասնակիցներն էլ, կվերցնեն, հաջող փորձի օրինակներ, այն կտեղայնացնեն, ավելացնելով իրենցը և կստանան նոր մրցունակ ծրագրեր»:

 

 

Կանանց ակտիվության բարձրացման առումով Լիլիտ Ասատրյանը կարևորեց  կամավորությունը: Այն, իր խոսքով, անհրաժեշտ նախապայման է, քանի որ  բոլորը սպասում են, որ ինչ- որ մեկը իր համար պետք է, ինչ- որ բան անի, սակայն չկա նախաձեռնողականություն: Դա այն է, ինչ այսօր մեզ պակասում է:

 

 

Նշենք, որ Հայաստանի և Վրաստանի ակտիվիստների հանդիպումները արդեն տվել են իրենց արդյունքերը. Օքսֆամի երկու մասնաճյուղերի գործընկեր կազմակերպություններ «Դեա» ասոցիացիան Վրաստանից  և «Հույսի կամուրջ» ՀԿ-ն Հայաստանից, որոնք զբաղվում են հաշմանդամ մարդկանց խնդիրներով,  որոշել  են համատեղ ծրագրով հանդես գալ:

 

 

–         Փետրվարի 28-ին համատեղ կայքի շուրջ քննարկում ևս կլինի, որը, կարծում եմ,  կմիավորի մեր մասնակիցներին: Կլոր սեղանի ավարտից հետո կայցելենք մեր քաղաքացիական կենտրոնը Իջևանում,  չրի արտադրությունով զբաղվող  Վերա Գրիգորյանի տնտեսությունը Օշականում և Այրումի կոոպերատիվը:   Պլանավորել ենք  ևս մեկ հանդիպում արդեն Վրաստանում, այս անգամ հայ և վրացի կին ձեռներեցների արտադրանքների  ցուցահանդես ենք կազմակերպելու  ,- պատմեց  Լիլիթ Չիթչյանը՝ հավելելով,  որ կլոր սեղանը կտևի մինչ մարտի 1-ը:

 

 

Լիլիթ Քոչինյան

Դիտումների քանակը` 2405

Վերադառնալ վերև