Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

“Պաշտոն ստանալուց հետո ոչինչ չփոխվեց, միայն զբաղվածությունս շատացավ”

Անահիտ Գյուլազյանը հանրապետության միակ կին փոխքաղաքապետն է: Մասնագիտությամբ տնտեսագետ Անահիտի քաղաքական գործունեությունը սկսվեց 1991-ին, երբ նշանակվեց շրջգործկոմի քարտուղար: Հետո աշխատել է Լոռու մարզպետարանի տարածքային բաժնում, այնուհետեւ Սպիտակի կենսաթոշակային տարածքային կենտրոնի տնօրենն էր: 1999-ից սկիզբ առավ նաև նրա հասարակական գործունեությունը: “Սպիտակի ֆերմեր” Հ/Կ խորհրդի անդամն ու ծրագրերի պատասխանատուն էր եւ տարիներ շարունակ համայնքային զարգացնան ծրագրեր էր իրականացնում ոչ միայն Լոռու, այլեւ Շիրակի, Տավուշի, Արագածոտնի մարզերում:

 

 

Գյուլազյանը խոսքով,  հասարակական ոլորտում իր գիտելիքներն ու Հ/Կ-ների հետ աշխատանքային փորձն օգնել են թափանցիկ գործելուն: “Մեզ հաջողվել է բյուջեի միջոցները հնգապատկել:  Սպիտակում համայնքի զարգացման համար կարեւորագույն ծրագրեր են իրականացվել` փողոցների լուսավորում, ասֆալտապատում, մանկապարտեզի շենքի վերանորոգում”,- պատմում է տիկին Գյուլազյանը: Անվստահության դրսեւորումների,  կասկածանքի  չի հանդիպել, սակայն զավեշտալի դեպքերի հաճախ են եղել:

 

 

“Երբ նոր էի նշանակվել փոխքաղաքապետ, պետք է մասնակցեի շատ կարեւոր քննարկման: Երբ մոտեցանք շենքին, լսեցինք, որ քննարկման կազմակերպիչները անվտանգության աշխատակիցներին անընդհատ զանգում եւ զգուշացնում էին, որ Սպիտակի փոխքաղաքապետն է գալու, որ նորմալ դիմավորեն, ուշադիր լինեն: Տղաներն էլ մտածել էին, որ երեւի բարձրահասակ, թափով, սեւ մեքենայով մի տղամարդ է գալու ու չկարծեցին, որ ես եմ փոխքաղաքապետը: Երբ  մոտեցա անվտանգության աշխատակիցներին ու ասացի, որ Սպիտակի փոխքաղաաքապետը ես եմ, մի պահ ապշեցին` խոստովանեցին , որ տղամարդու էին սպասում”,- ասում է Գյուլազյանը` հավելելով, որ աշխատանքի ընթացքում դժվարությունների չի հանդիպել, քանի որ զգացել է հասարակության եւ թիմի վերաբերմունքն ու վստահությունն իր հանդեպ:

 

 

Հավատացած է, որ  գտել է հաջողության բանաձեւը` լինել համբերատար, լսելու ունակություն ունենալ, հասկանալ դիմացինին, լինել գրագետ եւ պատրաստված: “Իմ աշխատանքում ու ինքս իմ հանդեպ պահանջկոտ եմ, խստապահանջ: Դա շատ կարեւոր է”,- ասում է փոխքաղաքապետը:

 

 

Թեպետ իր օրինակով սպիտակցիները համոզվեցին, որ կինն էլ մեծ ուժ է և  կարող է լուրջ գործեր կատարել, սակայն Սպիտակի հասարակությունը դեռ պատրաստ չէ քաղաքի կառավարման ղեկին տեսնել կնոջ:

 

 

“Սովորաբար Հայաստանում ընտանիքի ղեկավար տեսնում են տղամարդուն: Համայնքապետերանն էլ մի ընտանիք է, որը ղեկավարում է տղամարդը: Հենց դա է պատճառը, որ հասարակությունն այդպես է ընկալում: Կարծում եմ, որ նույնիսկ այդպիսի մտածելակերպի դեպքում  հնարավոր է   տղամարդ-կին աշխատանքային համագործակցությունը,  փոխհամաձայնությունը, որովհետև վստահ եմ`  կանայք հաճախ կատարում են լրացումներ, որոնք տղամարդկանց մտքով չէին կարող անցնել: Ես չեմ պատկերացնում միասեռ կոլեկտիվներ: Քաղաքականության մեջ էլ չպետք է հավասարակշռվածությունը խախտվի: Ուղղակի  խորհուրդ կտայի, որ  գոնե կանայք քաղաքակամության մեջ մտնեին ոչ թե իշխանատենչության համար, այլ` աշխատելու”,- ասում է Անահիտ  Գյուլազյանը` հավաստիացնելով, որ պաշտոն ստանալուց հետո իր կյանքում բացարձակապես ոչինչ չփոխվեց, միայն զբաղվածությունն է շատացել:

 

Հասմիկ Հարությունյան

Սպիտակ-Երեւան

 

Դիտումների քանակը` 1893

Վերադառնալ վերև