Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

“Տղամարդ կին” կամ “ախպերս” հաճոյախոսություն չեն

 “Իսկական տղամարդ կին է” –  այս բառակապակցությունն ասողը, համոզված եղեք, կարծում է, որ  հաճոյախոսություն է անում` ակնկալելով, որ  դրանից կինն իրեն շոյված կզգա:

 

Խորքային իմաստով ասվածը խտրականության դրսևորում է, քանի որ ենթադրում է տղամարդու առավելություն կնոջ  նկատմամբ: Տեսե՞լ եք տղամարդ, ում իբրև կոմպլիմենտ ասեն “կին տղամարդ”: Տղամարդուն կնոջ հետ համեմատելը   բացառապես իբրև վիրավորանք է ընկալվում: “Ոնց որ կնիկ լինես”  – դրական իմաստով երբեք չի օգտագործվում,  մինչդեռ “տղամարդ կին”-ը պատիվ է, հարգանքի նշան:

 

“Այդպես ասում են այն կանանց, ովքեր ուժեղ են, ինչ-որ հերոսական բան են արել: Սրանով նույնիսկ ոչ գիտակցաբար տղամարդիկ ցանկանում են կնոջն օժտել “միայն” տղամարդուն հատուկ հատկանիշներով` հերոսությամբ, ուժով, ազնվությամբ և այլն”, -բացատրում է հոգեբան Սեդա Հակոբյանը:

 

Բայց չէ որ այդ հատկանիշները բնորոշ  են մարդուն առհասարակ` անկախ նրա սեռից: Տղամարդկանց կողմից հնարված այդ միֆն իրականում  կնոջը  իրենցից ցածրացնելու, ենթարկելու խորքային նպատակին է ծառայում:

 

Մեր լեզվամտածողության մեջ բազմաթիվ են կնոջը ցածրացնող նման արտահայտությունները.  բավական է համեմատել ՝ տղամարդկանց «եղբայրության» և կանանց  “քույրության”  մասին հնարված միֆերը:

 

«Կինը տուն չի գալիս, ամուսինը զանգահարում է նրա մտերիմ ընկերուհիներին,  հարցնում` արդյոք կինն այնտեղ է, ընկերուհիներն ասում են` ոչ»:

«Ամուսինը տուն չի գալիս, կինը զանգահարում է նրա մտերիմ ընկերներին. բոլորն իրարից առանձին պնդում են, որ այդ պահին նա իրենց տանն է, պարզապես հեռախոսին մոտենալ չի կարող»:

 

 

Նշվածը ընդամենը ավելորդ անգամ  ապացուցում է, որ տղամարդկային համերաշխության մասին միֆապատումները մինչև վերջ արմատացած են մեր մեջ, մեր կենցաղում, մշակույթում: “Իսկական ընկերությունը միայն տղամարդկանց է հասու”, պնդում է կարծրատիպը:

 

Դրա արտահայտումն ենք տեսնում ամենուր. Երբ նույնիսկ անծանոթ տղամարդիկ միմյանց դիմելով ասում են՝ “ախպերս”: Սա ևս տղամարդկային համերաշխության դրսևորման մի ձև է: Այս արտահայտությունն կանանց` իսկական ընկերությանը հասու չլինելու  կարծրատիպի  շարունակություն է :

 

Ասենք,  երբ տղամարդն ուզում է շեշտել, որ տվյալ կինն իր համար ընկեր է ուղղակի /նկատի ունեցեք` “ընկեր”-ը որևէ սեռ չի ենթադրում/, նա նրան կարող է  դիմել՝  “ախպերս”:

 

“Ես չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, ուղղակի էդ դիմելաձև ա, դրա մեջ ոչ  մի վատ չեմ տեսնում”,-ասում է Միքայելը: Նա հավաստիացնում է, որ դրա մեջ երբեք հատուկ իմաստ չի դրել, թեև երբեմն ինքն էլ  այդպես է դիմում իր կին ընկերներին:

 

“Տղամարդիկ այնքան են ապրել կարծրատիպերով, այնքան են տղամարդու առավելությունը սերմանել նրանց մեջ, որ անգամ զուտ ընկերական  հարաբերություններում ենթագիտակցական մակարդակում կնոջը վերացնում են նրա սեռից,  վերագրում տղամարդկային հատկանիշ, “բարձրացնում”, “հավասարեցնում” իրենց` անվանելով “ախպերս”, քանի որ նա ընկեր է, իսկ ընկեր-ը միայն տղամարդ կարող  է լինել: Ասողը նույնիսկ կարող է համոզված լինել, որ  հաճոյախոսում է”,- ասում է հոգեբան Ս. Հակոբյանը:

 

Երևի թե հարկ չկա ենթադրելու, ինչպիսի ռեակցիայի կարժանանա տղամարդկանց  “քուրս” կոչելու  փորձը:  “Ի, ես հո կնիկ չեմ…”,- անմիջապես վրդովվում է Միքայելը:

 

Ինչո՞ւ “քուրս”-ը վիրավորական կարող է համարվել, իսկ “ախպերս”-ը` կոմպլիմենտ, ինչո՞ւ կնոջ  հետ համեմատվելը վիրավորական է, տղամարդու՝ ո՞չ:  Բացատրություն Միքայելը չկարողացավ տալ . “Էնքան բան կա: Հիմա որն ասեմ: Տենց ա հիմա”:

 

Աշխարհի պատմությունն է, ավելի կոնկրետ  հայրիշխանությունն է  իր  պատկերացումները պարտադրել կանանց և հասարակությանը,   սակայն հիմա, երբ սկսել ենք խոսել հավասարության մասին, դեռևս  կանգուն են մնում  մեր ենթագիտակության մեջ կառուցված  պատերը, որոնք, սակայն, ավելի ամուր են, քան կարող է թվալ առաջին հայացքից:

 

Ու  քանի դեռ մեզ՝ կանանց,  կարող են հաճոյախոսել “կին տղամարդ”, “ախպերս” խոսքերով, ու քանի դեռ մեզ զվարճալի կթվա նման  “սրամտությունը”, մեր ներսի ճաղերն ու արտաքին արգելքներն ավելի կամրանան:

 

Մարիամ Մուղդուսյան

Դիտումների քանակը` 3088

Վերադառնալ վերև