Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

10 փաստ  ժողովրդագրական ճգնաժամի մասին

Հայաստանը մոտենում է ժողովրդագրական ամենածանր շրջափուլին

 

Բնակչության օրվա կապակցությամբ   փորձագետները վերլուծում են խնդիրները 1994-ին Կահիրեում՝ ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման միջազգային համաժողովից (ICPD) անցած  25 տարիների համատեքստում և ահազանգում.  Հայաստանում բնակչությունը նվազում է, միգրացիոն հոսքերն ավելանում են ու արագանում, ամուսնությունները պակասում են, ամուսնալուծությունները՝ ավելանում, ավելի ուշ են ամուսնանում, ավելի քիչ երեխաներ են ծնվում։ Մասնագետների գնահատականներով, այդ իրավիճակը ժողովրդագրական  ճգնաժամ է կոչվում:  WomenNet.am –ը փորձել է առանձնացնել 10 փաստ, որոնք վկայում են մեր երկրում  ժողովրդագրական  լուրջ մարտահրավերների մասին…

 

  1. Բնակչությունը նվազում է։

 

1992-ից ի վեր յուրաքանչյուր տարի բնակչության թիվը նվազում է։ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 1994 թվականին Հայաստանն ուներ 3 մլն 356 հազար 700 բնակչություն, 25 տարի անց՝ 2019–ի հունվարի 1–ի դրությամբ 2 միլիոն 965 հազար 100 :

 

  1. Արտագաղթը բնակչության թվաքանակի նվազման հիմնական պատճառն է:

 

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը Հայաստանի ժողովրդագրության թիվ մեկ խնդիրն է համարում միգրացիոն հոսքերի նվազեցումը, դրանք գերազանցում են բնական վերարտադրողական ծավալներին։  ՀՀ Վիճակագրական կոմիտեի տարեկան հաշվետվությունում միգրացիայի բացասական սալդո է արձանագրվել: 2018 թվականին երկրից արտագաղթել է 18.5 հազար մարդ: Բնական աճը հաշվի առնելով (ծնունդների ու մահերի հարաբերակցությունը – հեղինակի նշում) , որը կոմիտեի տվյալներով կազմել է 10.9 հազար մարդ, 2019 թվականի հունվարի 1-ին մշտական բնակչության թիվը նվազել է 7.6 հազարով նախորդ տարվա տվյալների համեմատ, նշված է ՎԿ  հրապարակման մեջ:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ, եթե արտագաղթը կանգ առնի գոնե մի քանի տարով, ժողովրդագրական խնդիրների լուծումն ավելի կհեշտանա։ «Ակնակալում ենք, որ հաջորդ տարի հայաստանյան անձնագրով ելումուտ անողների թվերի հարաբերակցությունը կհասնի զրոյական մակարդակի, հնարավոր է,  նաև դրական ցուցիչ ունենանք, դա նշանակում է, որ հայկական անձնագրով ավելի շատ մարդ կմտնի Հայաստան, քան դուրս կգա»,-ասում է պաշտոնյան։

  1. Քիչ և ուշ են ամուսնանում, շատ են ամուսնալուծվում…

 

Եթե 2007-ին Հայաստանում գրանցվել է 18 145 ամուսնություն, ապա տաս տարի անց  2017-ին՝ 15 214 ամուսնություն։ 2007-ին 2 931 ամուսնալուծությաև դեպք է գրանցվել, տասը տարի անց՝ 3 940։  

 

Վերջին 20 տարվա Հայաստանում ընթացքում աճել է առաջին ամուսնության միջին տարիքը, թե տղամարդկանց, թե կանանց պարագայում։ 2017-ին կանանց պարագայում այն կազմել է 26.6 տարեկան, տղամարդկանց դեպքում՝ 29.9, մինչդեռ 1997-ին այդ ցուցանիշները համապատասխանաբար ՝ 22.1 և 26.5 տարեկան էին:  Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն ընդգծում է, որ մարդիկ ստիպված են պահանջմունքները համապատասխանեցնել իրենց ունեցած հնարավորություններին, ոտքերը մեկնում են վերմակի չափով։ «Ընտանիք կազմելն ու երեխա ունենալն էլ պահանջմունք է։ Շատ հաճախ հարատևման տեսակետից կարևոր այդ պահանջմունքը հետին պլան է մղվում, մարդիկ քիչ երեխաներ են ունենում իրենց այլ պահանջմունքները բավարարելու համար։ Սա բնական երևույթ է ամբողջ աշխարհում։ Ինչքան կրթամակարդակը բարձր է, պահանջմունքները մեծ են, ավելի դժվար է դրանք բավարարել»,-նկատում է ոլորտի փորձագետը։ Նրա խոսքով, պայմանավորված սոցիալ տնտեսական ու այլ պայմաններով, մարդկանց մի մասը հետաձգում է երեխաներ ունենալու ժամկետը, և ինչքան հետաձգվում է  այդ ժամկետը, այնքան կարճանում է վերարտադրողական կյանքի տևողությունը։

 

  1. Ավելի քիչ երեխաներ են ունենում …    

 

Զգալիորեն նվազել է մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թվաքանակը՝ պտղաբերության գործակիցը։ Եթե 1990-ին գյուղական վայրերում մեկ կինն ունենում էր միջին հաշվով 3.2 երեխա, քաղաքային վայրերում՝ 2.3 երեխա, ապա 2017 թվականին պատկերն այսպիսին էր՝ գյուղական վայրերում 1.465, իսկ քաղաքային վայրերում՝ 1.627 երեխա։

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանի խոսքով, այն, որ գյուղերում ավելի քիչ երեխա են ունենում, քան քաղաքում, աշխարհում նման փաստ  չկա։  «Մեզ համար առաջնային է ծնելիության խթանումը գյուղական վայրերում։ Ամեն ինչ պետք է անենք, որ երիտասարդները մնան, աշխատեն, ապրեն, ընտանիք կազմեն ու երեխաներ ունենան գյուղում»,-ասում է Մարկոսյանն ու ավելացնում, որ ծրագրեր են մշակել, դրանք քննարկման փուլում են, աշնանը կհրապարակվեն։

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից  իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեպետ հարցված զույգերի մոտ  երեխաների ցանկալի թիվը հիմնականում եղել է 3-ը, սակայն նրանց մեծ մասը` 50 %ից ավելին, ունեցել է 2 երեխա, իսկ 20,5 %ը՝ մեկ երեխա: ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի խոսքով, Հայաստանում  խնդիր է շարունակում մնալ ընտանիքներում ցանկալի երեխաների և փաստացի երեխաների թվաքանակի տարբերությունը: «Այսինքն մեր զույգերը ցանկանում են ունենալ ավելի շատ երեխաներ, բայց ունենում են ավելի քիչ: Պետությունը պետք է համապատասխան միջավայր ստեղծի, աջակցության մեխանզիմներ մշակի, որպեսզի զույգերը կարողանան  ունենալ հաջորդ պլանավորած երեխան, որը վտանգ չի սպառնա իրենց ընտանիքի բարեկեցությանը: Մեր հետազոտությունները  ցույց են տալիս, որ զույգերը մի կողմից պատրաստ են և ուզում են աշխատել, բայց մյուս կողմից ծնողական պարտականությունների իրականացման խնդիր ունեն»,- ասում է Հարությունյանը:

 

Ըստ ՄԱԲՀ-ի հետազոտության տվյալների, առաջիկայում երեխա չունենալու հիմնավորումներում ամենահաճախը հանդիպել են հետևյալ պատասխանները՝ մտադրված ենք մեկնել հանրապետությունից, ունեցած թիվը բավարար է, ընտանիքի սոցիալական-տնտեսական վիճակը, ընտանիքի բնակարանային պայմանները, ամուսինների առողջական խնդիրներ: Պետությունից առավել հաճախ ակնկալում են աշխատատեղերի ավելացում, աշխատանքն ու երեխայի խնամքը համատեղելու հնարավորություններ, ծառայությունների մատչելիություն և ֆինանսական աջակցություն։

5.Մայրական ներուժը  պակասում է, աղջիկ երեխաներ քիչ են ծնվում։

 

Փորձագիտական գնահատականներով` 2035 թվականին մայրական հիմնական ներուժը նվազելու է, քանի որ 90-ականների սկզբին ծնված 80 հազար երեխաներից 40 հազար աղջիկներին, ովքեր հիմա 26 տարեկան են, փոխարինելու է գալու աղջիկների 15 հազարանոց բանակը (2000-ականներին ծնված երեխաները 30 հազար էին, ստացվում է` մայրանալու պատրաստ աղջիկների թիվը կլինի 15 հազար):  

 

Մայրական ներուժը  պակասում է նաև  պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների պատճառով: Հայաստանում շարունակում են ծնվել ավելի շատ տղաներ, քան աղջիկներ . 2017-ին ծնվել է  17 969 աղջիկ և 19 731 տղա, այսինքն  սեռերի հարաբերկացությունը կազմել է 1.10, թեև կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայքը ծնված յուրաքանչյուր աղջկա պարագայում 1.04-1.06 տղա է։ Նշենք, որ 2017-ի ցուցանիշը բարելավված է համարվում, քանի որ նախորդ տարիներին այն շատա ավելի բարձր է եղել՝ 2005-ին, 2010-ին ու 2012-ին գրանցվել էր  1.16 և 1.15։ Հատկանաշական է, որ սեռերի հարաբերակցության գործակիցն աճում է ըստ կնոջ ունեցած երեխաների թվի ՝ առաջին և երկրորդ ծննունդների դեպքում  որոշակիորեն բնականոն մակարդակից՝ 1.07-ից երրորդ ծնունդների շրջանում հասնելով 1.30-ի:

 

Հիշեցնենք, որ ՄԱԲՀ-ի  տվյալներով, սեռով պայմանավորված հղիության ընդհատումների հետևանքով,  Հայաստանում տարեկան  չեն ծնվում  ավելի քան 1400 աղջիկներ և  այս միտումը շարունակելու դեպքում, ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումների,  մինչև 2060 թ-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին կամ պոտենցիալ ապագա մայր: Այսինքն, մի խնդիր, որի հիմքում կարծրատիպային պատկերացումներն են հասարակությունում  կնոջ պակաս  արժեքի և դերի  վերաբերյալ, լուրջ ժողովրդագրական հետևանքներ ունի նաև:

  1. Աբորտ է անում ամեն 4-րդ հղին…

 

2015-2016թթ. Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության համաձայն՝ հղիության արհեստական ընդհատումների կամ աբորտների է դիմել հղի կանանց 23%-ը: 15 տարի առաջ` 2000թ., աբորտների թիվը կազմում էր ավելի քան կրկնակի` 55%: Նշենք, որ աբորտների պաշտոնական թվում ներառված չեն դեղորայքի միջոցով արվածները, որոնք բժշկի ցուցումով չէ, որ արվել են։

 

Հետազոտության տվյալների համաձայն, Հայաստանում 15-49 տարեկան չորս կանանցից մեկը երբևէ կատարել է աբորտ։ Դրանց հավանականությունն աճում է տարիքին և կենդանի երեխաների թվաքանակի աճին զուգահեռ։ Երբևէ աբորտ կատարած կանանց գրեթե կեսը՝ 47 տոկոսը կատարել է 2-3 աբորտ, 39 տոկոսը՝ մեկ։ Ընդ որում հետազոտությանը նախորդող երեք տարիների ընթացքում կատարած աբորտների 8 տոկոսը պայմանավորված է եղել սեռի ընտրությամբ։ Ըստ հետազոտության, թեև հարցված գրեթե բոլոր կանայք և տղամարդիկ տեղյակ են հակաբեղմնավորման մեթոդների մասին, սակայն դրանցից օգտվում է ամուսնացած կանանց ընդամենը 57%-ը:

 

  1. Մայրական մահացության գործակիցը 5-7 անգամ ավելի է, քան եվրոպական մի քանի երկրներում

 

Թեպետ մայրական և մանկական մահացությունները 90-ականների համեմատ զգալի նվազել են, բայց այդ ուղղությամբ անելիքներ շատ կան, հատկապես գյուղական շրջաններում ծննդօգնության պայմանները հեռու են բավարար լինելուց։ Հենց այդ պատճառով է, որ գյուղաբնակ շատ կանայք ստիպված են մարզերից հասնել Երևան  թեկուզ վճարովի խորհրդատվություն ու ծննդօգնություն ստանալու համար, ինչը շատերի համար մատչելու ու հասանելի չէ։ Քիչ չեն դեպքերը, երբ հղի կանայք մարզերից ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են մայրաքաղաքի ԲԿ-ներ, որոշ դեպքերում նրանց կյանքը փրկել, ավաղ, չի հաջողվել։ 2017-ի տվյալներով,  100 հազար կենդանի ծնվածի հաշվով մայրական մահացության դեպքերն ավելի շատ են գյուղական բնակավայրերում, քան քաղաքներում:  Առողջապահության նախարարության, պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, Հայաստանում գրանցվել է 2016-ին` մայրական մահացության 12 դեպք, որից մանկաբարձական պատճառներից` 4-ը, 2017-ին` 3 դեպք, մանկաբարձական` 1-ը, իսկ 2018-ին` մահացության 8 դեպք, որից 2-ն են մանկաբարձական:

 

Վիճակագրական տվյալները  վկայում են, որ չնայած ձեռնարկվող միջոցներին, կանանց վերարտադրողական առողջությունը վերջին տարիներին վատթարանում է: Ավելի հաճախ են հանդիպում հղիության և ծննդաբերության բարդությունները: Աճում է ինքնակամ աբորտների և բժշկական ցուցումներով աբորտների, վաղաժամ ծննդաբերությունների քանակը: Ծնունդների 43%-ի դեպքում ծննդաբերության ընթացքում պահանջվում է վիրաբուժական միջամտություն, որոնցից 22%-ը բաժին է ընկնում կեսարյան հատմանը:

 

 

  1. Հայաստանը ոչ թե ծերացող, այլ ծերացած երկիր է…

 

Հայաստանում բնակչության 11.5 տոկոսը 65 տարեկանից բարձր մարդիկ են։  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի  կանխատեսումների համաձայն, նրանց թիվը դեռ կավելանա՝ 2050-ին հասնելով  21.4 տոկոսի։ Խնդիրը պայմանավորված է ոչ միայն մարդկանց կյանքի տևողության ավելացմամբ, այլև ցածր ծնելիությամբ։

 

«Արդեն կարելի է փաստել, որ Հայաստանը ոչ թե ծերացող, այլ ծերացած բնակչություն ունեցող երկիր է։ Ծերացող համարվում է բնակչության այնպիսի կազմը, երբ 65 տարեկանից բարձր մարդիկ կազմում են 7 տոկոսը, մինչդեռ Հայաստանում այդ թիվը գերազանցված է՝ 11.5 տոկոս է կազմում։ Բացի այդ, Հայաստանին մոտ ապագայում սպառնում է բացասական բնական վերարտադրություն, երբ մահերի թիվը գերազանցելու է ծնունդների թվին»,- ասում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։

  1. Դեպոպուլյացիայի վտանգը…

 

2009-ից ի վեր 1000 բնակչի հաշվով մահացության ցուցանիշը տատանվում է 9- 9.4 սահմաններում։ 2016-ին մահացության առավել բարձր ցուցանիշ է գրանցվել՝ 9.4, 2017-ին նվազել է՝ հասնելով 9.1-ի։ Մահվան պատճառների թվում առաջին տեղում են արյան շրջանառության համակարգի խնդիրները, ապա՝ նորագոյացությունները, էնդոկրին համակարգի հիվանդությունները, շնչառական օրգանների հիվանդությունները։

 

Եթե  քայլեր չձեռնարկվեն,  ապա հինգ տարուց, ըստ ՄԱԲՀ-ի կանխատեսումների, մահերի թիվն երկրում կարող է գերազանցել ծնունդների թիվը, այսինքն երկրին դեպոպուլյացիայի ռեալ վտանք է սպառնում։ «Եթե 80-ականներին ունեինք 55-60 հազար բնական վերարտադրություն, այսինքն մահերի թիվն այդքանով պակաս էր ծնունդների թվից, ապա վերջին տարիներին դա 10 հազարից մի քիչ մեծ թիվ է կազմում»,-նշում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը՝ ավելացնելով, որ տեղական որոշ մակարդակներում մահվան դեպքերը գերազանցել են ծնունդների թվին, իսկ դա արդեն շատ ծանր ՝ դեպոպուլյացիայի  խնդիր է։

 

  1. Վեց զույգերից մեկը չի կարողանում երեխա ունենալ անպտղության պատճառով…

 

Հայաստանում բավականին բարձր է անպտղության գործակիցը, այն  կազմում է 17% (ԱՀԿ կողմից սահմանված սահմանային մակարդակն է՝ 15%):  Առաջնային անպտղությունը կազմում է ընդհանուր ցուցանիշի 5%-ը, իսկ երկրորդային անպտղությունը՝ գրեթե 12%-ը: Այսպիսով, վեց զույգերից մեկը Հայաստանում, ունենալով երեխա ծնելու մտադրություն, չի կարողանում դա իրագործել անպտղության պատճառով: Երկրորդային անպտղության երկրորդ հիմ­նական պատճառը սեռական ճանապարհով փոխանցվող վարակներն են։ Անպտղության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Երևանում, Գեղարքունիքում, Շիրակում և Արմավիրում։

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանն էլ փաստում է, որ անպտղության բուժումը Հայաստանում բավականին թանկ արժե, և այդ պատճառով այն հասանելի չէ շատ ընտանիքների համար։ «Թանկ հաճույք է, այն կարող է տևել 2-3 տարի, ծախսն էլ կարող է գերազանցել 8 մլն դրամը։ Իսկ Հայաստանում շատ քչերը կարող են իրենց այդ կարգի ծախս թույլ տալ։ Այս առումով ոլորտում արագ կարգավորումներ են պետք»,-ասում է  նա։

 

 

Ի՞նչ անել

 

Այս պահին ՀՀ Կառավարությունը ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված ռազմավարություն դեռևս չունի: Նախորդը՝ 2016-2018 թվականների միջնաժամկետ ռազմավարությունն էր, որը սակայն իրավիճակի տեսանելի փոփոխությունների  չհանգեցրեց, թեև այդ ծրագրում   հետաքրքիր  մոտեցումներ կային :

 

Ռուբեն Եգանյանի խոսքով  ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար ծախսատար ծրագրեր են պետք իրականացնել, բայց որևէ երկիր չի կարողացել դրանց միջոցով հասնել արմատական փոփոխություններին։ «Հայաստանում էլ ինչ-որ բաներ փորձում են անել, բայց չի կարելի ասել, որ դրանք արդյունավետ են, քանի որ երկրի հնարավորությունները սահմանափակ են, բյուջեում պաշտպանական ու այլ ծախսերի տակ ինչ մնում է, էդ շրջանակում էլ տեղավորվում են։ Բայց կարելի է ավելի մտածված ու օպերատիվ գործել»,-ասում է  Ռուբեն Եգանյանը։

 

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ Ֆինանսական խրախուսումը անհրաժեշտ, բայց բավարար գործոն  չէ։ Հայաստանում առաջին երեխայի ծննդյան դեպքում պետությունը տրամադրում է 50 հազար դրամ միանվագ գումար, երկրորդի դեպքում՝ 150 հազար դրամ,   երրորդ և չորրոդ երեխայի համար՝ 1 միլիոնական դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 1.5 միլիոն դրամ:

 

Հիշեցնենք, որ երբ ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը հաղթահարելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը 2018-ին առաջարկեց 2-րդ երեխային տրամադրվող գումարը եռապատկել՝ դարձնելով 150 հազար դրամ, ՄԱԲՀ-ի փորձագետները դա անարդյունավետ ծախս որակեցին՝ նկատելով, որ ծնելիության խթանումը ֆինասական միջոցներով (հատկապես երբ այդ ֆինանսական խթանը չնչին է) սպասված արդյունքի չի բերելու, և փոխարենը պետք է  ստեղծել համակարգ և պայմաններ, այդ թվում և այս ռեսուրսները օգտագործելով, որը կերաշխավորի որպիսի հաջորդ երեխա ունենալը ընտանիքների համար չդիտարկվի որպես բարեկեցության ռիսկ։

 

Նշենք, որ ՄԱԲՀ-ի  ուսումնասիրությունների  արդյունքները հանգեցնում են շատ կարևոր հետևության. եթե պետությունն այսօր մտահոգված է ժողովրդագրական ցուցանիշների բարելավման հարցով, ապա, առաջին հերթին, պետք է կատարելագործի   քաղաքականությունն աշխատանքի և երեխայի խնամքի համատեղման, ծառայությունների մատչելիության հարցում՝ դրանով իսկ  հանելով կանանց վրայից  «աշխատա՞նք, թե՞ երեխա, ուսո՞ւմ, թե՞ երեխա»  երկընտրանքի ծանր բեռը և հաջողելով երկրի զարգացման գործընթացներում  կանանց ներուժի  պատշաճ  օգտագործման հարցում: Պատահական չէ, որ նախադպրոցական տարիքի երեխաների որակյալ խնամքի ծառայությունների  բացակայությունը հանդիսանում է երրկրորդ փաստարկը հաջորդ երեխա չունենալու համար:

 

Այս ուղղությամբ արված քայլերից մեկն է   «Դայակ պետության հաշվին» անունով հայտնի  ծրագիրը, որի շահառու աշխատող կանանց երեխաներին խնամելու համար պետությունը վճարում է դայակի գումարի կեսը։ Ծրագիրը, նույնիսկ իր որոշ թերացումներով հանդերձ, ժողովրդագարական խնդիրների ժամանակակից մոտեցումների արտացոլումն է :  

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  կողմից իրականացվում է  ծրագիր , որի շրջանակներում  երկու և ավելի երեխա ունեցող ծնողները կարող են դիմել  հիմնադրամ ու անվճար սովորել ցանկացած բուհում։ Այս տարվա առաջին  կիսամյակում, օրինակ, կփոխհատուցվի 17 ուսանող–ծնողի ուսման վարձն ամբողջությամբ:

 

Հիշեցնենք նաև, որ 2016 թվականից միանվագ մայրության նպաստը սկսեց տրվել նաև չաշխատող մայրերին, ինչը շատ կարևոր է հատկապես գյուղի կանանց համար, ովքեր ոչ ֆորմալ զբաղվածություն ունենալով  զրկված են սոցիալական երաշխիքներից: Օրինակ,  այսօր էլ նրանք  երեխայի խնամքի նպաստ չեն ստանում, խնդիրներ  ունեն աշխատանքային ստաժի հաշվարկման հետ, ինչը հետագայում անդրադառնում է նրանց թոշակի վրա։

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանի խոսքով, կառավարության գլխավոր անելիքները պետք է լինեն ծնելիության խթանումը հատկապես գյուղերում, արտագաղթի կանխումը, հայրենադարձության կազմակերպումը, անպտղության բուժման մատչելի դարձնելը։  «Առաջնային է ծնելիության խթանումը։ Դրան փորձելու ենք հասնել բնակարանների ձեռքբերման պայմանների բարելավման, գյուղերում երիտասարդների եկամտաստեղծ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ ծրագրերի իրականացման օգնությամբ։ Հայաստանի գյուղերում ավելի քիչ երեխա են ունենում, քան քաղաքում։ Գյուղական բնակավայրերում մարդիկ աշխատանք չունեն, սոցիալ-տնտեսական պայմանները վատն են, խնդիրները հաշվելու համար մատները բավարար չեն, երիտասարդները կամ չեն ամուսնանում կամ էլ տեղափոխվում են Երևան։ Մենք ամեն բան պետք է անենք, որ գյուղաբնակաները ցանկանան մնալ, ապրել ու աշխատել իրենց բնակավայրում»,-ասում է նախարարության ներկայացուցիչը։

 

Նախարարությունում որոշ հուսադրող միտումներ են նկատել՝ այս տարվա առաջին եռամսյակում ամուսնությունների թիվն ավելացել է, հայաստանյան արձանագրերով ավելի շատ մարդ եկել է, քան գնացել։  Նախարարությունում հույսեր են կապում նաև  1980-ականներին ծնված ու դեռ չամուսնացած քաղաքացիների հետ: «Մենք ժողովրդագրական պատուհան ունենք։ 80-ականներին ծնված մարդկանց մեծ մասը չամուսնացած են, նրանք դեռ գտնվում են վերարտադրողական տարիքում։ Եթե նրանց հույսը ապագայի նկատմամբ վերականգնվի, ապա կարող են ամուսնանալ, ընտանիք կազմել ու երեխա ունենալ։ Առաջին հինգ ամիսների կտրվածքով 521-ով ամուսնություններն ավելացել են, ամուսնալուծություններն էլ առաջին եռամսյակով նվազել են մոտ 170-ով»,-ասում է Մարկոսյանը։

 

Կառավարությունում սպասում են հաջորդ տարի  անցկացվող մարդահամարին ու դրա արդյունքներին՝ պատկերն ու խնդիրները հստակ ունենալու ու դրանց հիման վրա թիրախային երակարաժամկետ ծրագրեր կազմելու համար։

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 893

Վերադառնալ վերև