Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գենդերային հավասարության խթանման ԵԱՀԿ-ի գործողությունների ծրագիր. 10 տարի անց

Այս տարի ԵԱՀԿ-ն նշում է 2004-ին ընդունված Գենդերային հավասարության խթանման գործողությունների ծրագրի տասնամյակը: Հուլիսի 10-11-ը Վիեննայում կայացած առաջին  ամփոփիչ համաժողովում քննարկվեց, թե իրականում ինչ հաջողություններ են գրանցել ԵԱՀԿ-ն ու մասնակից երկրները այս փաստաթղթի իրականացման  հարցում:

 

 

Շրջադարձային այս  փաստաթղթի հիմնական  գաղափարը կայանում է նրանում, որ զարգացման բոլոր գործընթացներում կանանց ու տղամարդկանց լիարժեք ու հավասար մասնակացությունն է այն բանալին, որ բերելու է խաղաղության, բարգավաճման ու կայունության:  Ըստ այդմ,  գենդերային հավասարությունից շահում են  և կանայք, և տղամարդիկ, շահում է ողջ հասարակությունը:  Փաստաթուղթը բացի գաղափարախոսական մոտեցումներից, նաև քաղաքական պարտավորություն է ենթադրում բոլոր մասնակից պետությունների եւ առաջին հերթին հենց ԵԱՀԿ կառույցների համար`  առաջնորդվելու  բոլոր  գործողություններում գենդերային զգայուն մոտեցումներով:  Փաստաթղթում հատկապես  շեշտադրվում է այն փաստը, որ գենդերային կոմպոնենտը հանդիսանում է  անվտանգության հիմնախնդիրների  անբաժան մաս:

 

 

Վիեննայում կայացած  համաժողովի ընթացքում  ԵԱՀԿ-ն ամփոփեց  իր իսկ կառույցներում գրանցված հաջողությունները՝ ղեկավար պաշտոններում  գենդերային անհավասակշռությունը: Այսպես, 2004-ից առ այսօր  կանանց թիվը ԵԱՀԿ կառույցների ղեկավար պաշտոններում աճել է  15 տոկոսից  մինչեւ 34 տոկոս:

 

 

Դիմելով ներկաներին ԵԱՀԿ խորհրդարանական շվեյցարական պատվիրակության անդամ Մարգարետա Քեդերֆելթը բարձր է գնահատել այն, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավար կազմում գենդերային հավասարակշռությունը  պահպանված է: Իսկ  ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի  Բաքվում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ (28 հուլիսի-2 հունիսի 2014 )  Վեհաժողովի բյուրոյի կազմում  կեսից ավելին կանայք են ընտրվել:

 

 

Շվեյցարական պատվիրակության անդամը նկատել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ինը ղեկավար պաշտոններից յոթը կանայք են զբաղեցնում: Պատգամավորը կարևորել է նաև Բաքվում ընդունած  հռչակագրում ՝ գենդերային հավասարության վերաբերյալ  առաջարկությունները: Հռչակագիրն ընդգծում է կանանց նկատմամբ բռնության ու խտրականության վերացման,  ինչպես նաև քաղաքական ու հասարակական կյանքում, որոշումների կայացման գործում կանանց  մասնակցությանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը ԵԱՀԿ երկրների տարածքում:

 

 

Ալբանիայի ներկայացուցիչն էլ ներկայացրել է իր հայրենիքում գենդերային հավասարության վիճակը: Նա նկատել է, որ թեև խորհրդարանում կանանց ներկայացվածության ցուցանիշը 7 տոկոսից հասել է 20-ի, սակայն օրենքի պահանջը՝ խորհրդարանում կանանց 30 տոկոս ներկայացվածությունն ապահովելը մնում է խրթին: Ալբանացի խորհրդարանականը նկատել է, որ  կին քաղաքապետերի թիվն իր երկրում փոքր է,  իսկ դա նշանակում է, որ խնդիրը  դեռ լուծված չէ:

 

 

Սերբիայի ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ քաղաքական ուժերը կարող են առանցքային դեր խաղալ՝ նպաստելով կանանց մասնակցության ընդլայնմանը օրենսդիր մարմիններում:   Նա կոչ է արել ԵԱՀԿ մասնակից պետություններին ու դրանցում գործող քաղաքական ուժերին երկխոսել ոչ միայն կառավարությունների, այլև կուսակցությությունների տարբեր օղակների հետ:

 

Նշենք, որ ԵԱՀԿ անդամ պետություններում կանանց ներկայացվածությունը   խորհրդարաններում միջինում 22 տոկոս է:  ԵԱՀԿ պաշտոնական կայքում ներկայացված է աղյուսակ, ըստ որի    2010-ին կանանց   ներկայացվածությունը  օրենսդիր մարմիններում ամենաբարձր ցուցանիշը`    40 %-ից ավելի, եղել է  Շվեդիայում, Իսլանդիայում, Ֆինլանդիայում ու Նիդերլանդներում: Երկրների մեծամասնությունում ապահոված չէ  կանանց ներկայացվածության 30-տոկոսանոց շեմը՝  այսպես կոչված «կրիտիկական զանգվածը», որի դեպքում  , ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, կանայք ռեալ փոփոխությունների են հասնում   օրենքներն ու  քաղաքականությունը ավելի սոցիալական դարձնելու առումով:

 

 

Հայաստանը   գտնվում է  այդ աղյուսակի ստորին հորիզոնականներում ՝  Մոնտենեգրոյի, Կիպրոսի, Թուրքիայի, Հունգարիայի, Մալթայի հարևանությամբ: Այս երկներում, կանանց ներկայացվածությունը 20%-ի էլ չի հասնում:  Հիշեցնենք, որ դրանք 2010-ի տվյալներն են, թեպետ Հայաստանի դեպքում 2012-ի խորհրդարանական ընտրություններից արդյունքներով  քիչ բան  փոխվեց՝ Ազգային ժողովում կանանց ներկայացվածությունը  աճեց ընդամենը երկու կետով՝ դառնալով 10.7 տոկոս:

 

 

Կարդացեք թեմայի  շուրջ մեր կայքում.

 

Օլիվեր Մակքոյ. «Լույսը թունելի վերջում այնուամենայնիվ երևում է»…

 

Ջյուն Զեյթլին. «Գենդեր» տերմինի միտումնավոր աղավաղումները պետք է վիճարկվեն…»

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 2715

Վերադառնալ վերև