Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

2015-ին ավելի քան 16 մլն երեխա ծնվել է հակամարտության գոտիներում/ տեսահոլովակ

«Յուրաքանչյուր 2 վայրկյանը մեկ մի նորածին երեխա իր առաջին շունչն է առնում հակամարտության կիզակետում առանց որևէ բժշկական օգնության»,- հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը ` ներկայացնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի` երեխաների վերաբերյալ  նոր տվյալները: 

 

Նա ընդգծել է, որ այսօր շատ երեխաներ են սկսում իրենց կյանքը ծայրահեղ պայմաններում` հակամարտության և բնական աղետների գոտիներում, ծայրահեղ աղքատության, հիվանդությունների և թերսնուցման պայմաններում: Յուրաքանչյուր 8-րդ երեխա աշխարհ է եկել փամփուշտների և թնդանոթների սուլոցի տակ: «Ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան կյանքի նմանատիպ մեկնարկը», – հռետորական հարց է տալիս ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարը:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը  ընդգծում է, որ հակամարտությունից տուժած երկրներում, ինչպիսիք են Աֆղանստանը, Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունը, Հարավային Սուդանը, Իրաքը, Սիրիան և Եմենը, նորածին երեխաները և նրանց մայրերը մեծ վտանգների են ենթարկվում:

 

Կանայք ծննդաբերում են վտանգավոր և հակասանիտարական պայմաններում առանց բժշկական օգնության: Նրանց երեխաները սովորաբար մահանում են՝ չապրելով նույնիսկ 5 oր:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը   ընդգծում է,  որ հակամարտությունները, աղքատությունը կլիմային փոփոխության հետևանքները և հնարավորությունների բացակայությունը մղում  են միլիոնավոր մարդկանց վտանգավոր ուղևորությունների՝ լավագույն կյանք որոնելու:

 

Միայն այս տարվա առաջին տաս ամիսների ընթացքում ավելի քան 200 000 երեխաներ են դիմել Եվրամիության երկրներ՝ ապաստան հայցելով: Նրանք լրացրել են ամբողջ աշխարհի 30 միլիոն երեխաների բանակը, ովքեր լքել են իրենց տները 2014_ի վերջին պատերազմների, բռնության  և հետապնդումների պատճառով:

 

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, այսօր ողջ աշխարհում  երեխաները կազմում են գրեթե կեսը ծայրահեղ աղքատության մեջ ապրող  մարդկանց՝ չնայած նրան, որ նրանց մասնաբաժինը կազմում է բնակչության մեկ երրորդը:

Աղբյուրը՝ UNICEF

 

 

Դիտումների քանակը` 2740

Վերադառնալ վերև