Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Իրանում 29 կին է ձերբակալվել հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիային մասնակցելու  համար

Թեհրանի ոստիկանությունը հասարակական կարգը խախտելու համար ձերբակալել է 29 կանանց, ովքեր  մասնակցել են հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիային, հայտնում  է բրիտանական  The Guardian թերթը:

 

 Իրանում վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ կանայք հիջաբի դեմ պայքար են սկսել: Երկրի հարյուրավոր բնակչուհիներ տարբեր քաղաքներում անցորդների ներկայությամբ հանում են իրենց գլխաշորը և դրոշի պես ծածանում:

 

Կանանց բողոքի ակցիաները տեղի են ունեցել հունվարի 31-ին «սպիտակ չորեքշաբթիներ» արշավի շրջանակներում, որը լրագրողուհի Մասիհ Ալինեժադը մտահղանցել էր 2017 թվականի մայիսին: Նա կանանց հորդորել է սպիտակ գույնի հիջաբներ կրել կամ ընդհանրապես դուրս գալ գլխաբաց:

Գլխաշոր կրելու պարտադրանքի դեմ կանանց բողոքները Իրանում սկսվեցին դեռ անցյալ տարվա  դեկտեմբերի վերջին, երբ Թեհրանի բնակչուհի Վիդա Մովայդը գլխաբաց փողոց է դուրս եկել՝ ձեռքում ցուցադրաբար ծածանելով սպիտակ գլխաշորը: Բողոքի խաղաղ ակցիայի արդյունքում նա ձերբակալվել է, տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ մեկ ամսվա կալանքից հետո ազատ արձակվել, ապա՝ կրկին ձերբակալվել: 31-ամյա Մովայդը դարձել է այդ պայքարի խորհրդանիշը, որին միացել են ոչ միայն կանայք, այդ թվում՝ տարեց, այլ նաև՝ տղամարդիկ:

 

Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հայտնվում են այն կանանց լուսանկարները, որոնք հանել են հիջաբները և դրանք փայտերի վրա որպես դրոշ բռնել ի նշան գլխաշորը պարտադիր կրելու դեմ բողոքի:

 

Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին հայտարարել է, թե այդ կանայք իրենց երեխայի պես են պահում, ինչպես նաև առաջնորդվում են դրսից ստացած ցուցումներով: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոնթազերին հայտարարել է, որ պետությունը շարունակելու է պատժել օրենքը խախտող կանանց:

 

Իրանում կանանց համար պարտադիր կերպով գլխաշոր կրելը սահմանվել է 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո: Իրանում առանց գլխաշորի փողոցում հայտնված կնոջը սպառնում է 10 օրից մինչև 2 ամսվա ազատազրկում:

 

Չնայած համացանցի սահմանափակումներին, իրանցի կանայք ակտիվ քարոզչական արշավ են սկսել նաև սոցիալական կայքերում՝ տեղադրելով բողոքի ակցիաների մասին վկայող իրենց լուսանկարներն ու տեսանյութերը: «Իմ ծածուկ ազատությունը» (My Stealthy Freedom) վերտառությամբ Ֆեյսբուքում ստեղծված հատուկ խմբին միացել են հարյուր հազարավոր կանայք՝ հիմնականում իրանցիներ, ովքեր, ինչպես գրում են, պարզապես իրենք էլ են ցանկանում են իրենց մազերի վրա զգալ քամու հովը:

 

Դիտումների քանակը` 182

Վերադառնալ վերև