Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Գյուղի կնոջ առօրյան սա է, գործը ինչքան էլ մնա, իմ երեսին ա նայում»

Կոտայքի  մարզի Մաքրավանք գյուղն այսօր համարվում է Հրազդանի թաղամաս, որի  առաջին  տունը  տիկին Սեդայենցն է: 73-ամյա Սեդա Դանիելյանի համար Մաքրավանքն  իր սուրբ  օջախն է, որտեղ  ծնվել,  մեծացել, ամուսնացել,  ընտանիք է  կազմել ու հիմա  մեծ ու լուսավոր  գերդաստանի  հետ ապում ու շարունակում է աշխատել, չիմանալով,  ինչ բան է  հոգնությունը:

 

 

Նրան  հանդիպեցի իր տնամերձում, չորացած  ծառերի ճյուղերն էր  հավաքում: Բարևեցի,  գործը թողեց ու ժպտալով  մոտեցավ  ինձ: Մտածեցի, որ ժպտացող  մարդը  նաև  բարի ու հյուրընկալ է, այդպես էլ  կար: Սիրով  հրավիրեց  տուն, ասելով. «գյուղի կնոջ առօրյան սա է, գործը կսպասի, ինչքան էլ  մնա,  իմ երեսին ա  նայում»:

 

 

Տիկին Սեդան ունի 3 զավակ՝ երկու աղջիկ,  մեկ  տղա, 9 թոռ, 12 ծոռ, ամուսիններով ապրում են որդու  ընտանիքի  հետ: Տղան ու հարսն աշխատում են,  ինքն ու ամուսինը թոշակառուներ են: Կյանքից  չեն դժգոհում:

 

 

Տիկին Սեդան  անդրադառնակով անցյալին պատմում է, որ մինչ ամուսնությունը սովորել է Երևանում քիմիայի  լաբորանտի  մասնագիտությամբ, սակայն  ամուսնանալուց հետո ուսումն  ընդհատվել է: Ամուսնուն  թև-թիկունք է  եղել բոլոր  գործերում, անգամ տան շինարարական  աշխատանքներում:

 

Լույսը բացվելուն  պես տիկին Սեդան  հողամասում է, պտղատու  ծառերի  հետ  միաժամանակ  զբաղվում է  նաև  բանջարեղենի  մշակմամբ: Չի դժգոհում, հողամասի  բերքը  լիուլի  բավարարում է  գերդաստանին:

 

 

-Գյուղի  մի  հատվածում  հողամաս ունենք,  բայց այս  տարի  եղանակը  նպաստավոր չեղավ: Սիրտս ցավում է, երբ  հողը  պարապ է  մնում,  դրա  համար երեք  շարք կարտոֆիլ էինք  ցանել, բայց, դե,  մեր հողը շատ պինդ է,  բերքատվության առումով՝  վատ: Մաքրավանքի  հողերը ոչ բոլորն են  որակյալ: Ոռոգման  ջուր  չունենք, է,  քլորացված  ջրով  էլ ինչքա՞ն  ոռոգենք,-ասում է տիկին Սեդան:

 

 

Մաքրավանքում հիմնականում աճում է բալ, տանձ ու  խնձոր: Տիկին Սեդայի  խոսքով  իր  հողամասի  ծառերն արդեն ծերացել, իրենց  սպառել են, որ արդեն փոխել է  հարկավոր: Որդու  հետ որոշել են  նոր տնկիներ տեղադրել: Անասանապահությամբ  չի զբաղվում, դրա  համար ինքն ու ամուսինն արդեն ծեր են, որդին ու հարսն էլ աշխատում են,  ժամանակ  չունեն,  ընդամենը  15 հավ են  պահում:  Եթե  տանն  ինչ- որ բան էլ  պակասում է, օգտվում են շրջակայքի  խանութներից:

 

 

Թեև  գյուղը  գազաֆիկացված է, սակայն տան  ջեռուցումը թանկ արժե, ուստի օգտագործում են  փայտ, որի  մեկ  խորանարդ  մետրն արժե 20 հազար դրամ: Աշնանը տիկին Սեդան  տնամերձ այգուց  չորացած  ծառերի  ճյուղերը  հավաքում, դասավորում է, սակայն եղածը  բավարար չէ ողջ ձմռան  համար: Իսկ տիկին Սեդայի  խոսքով, տան  ջեռուցումը  շատ կարևոր է, տնտեսության  մեջ այն հացից  հետո  երկրորդ խնդիրն է:

 

 

Գյուղի  մասին  սիրով է  խոսում, թեև խնդիրներ  շատ  կան: Իրենց  տունը  գյուղի սկիզբն է ու թվում է, թե  գյուղամիջյան թեք ու  անհարթ, վաղուց ասֆալտի երես  չտեսած փողոցների  խնդիրն  իրենց չպետք է որ  մտահոգի, սակայն հարևան-բարեկամների տուն  գնալ-գալը դժվար է,  հատկապես  երկար ու ձիգ  ձմռան ամիսներին: Տիկին Սեդայի  խոսքով այն  պահից, երբ  գյուղը  համարվեց  Հրազդան քաղաքի  թաղամաս,  աղբահանությունը  նորմալ  կատարվում է:

 

Մաքրավանքում  փակ դռներ  շատ  կան, մի քանի  բարեկարգ  տներից բացի մյուսները  հին են,  վերանորոգման  կարոտ: Տնամերձերում  միայն  մրգառու  ծառեր են ու  բանջարանոցներ: Թերևս միայն տիկին Սեդայի տան բակն էր  ծաղկապատ, ու թե  չլիներ այս  տարվա  չորային  եղանակը, ծաղկանոցն ավելի  փարթամ  կլիներ:

 

 

Մի անգամ  շատ  պատահական  մեր  տան  մոտ  մեքենա  կանգնեց,  տեր  հայրն էր,  հարցրեց՝   «Կարո ՞ղ եմ  հյուր  գալ»,  հրավիրեցի,  ներս մտավ, տունը  օրհնեց, ասաց, եթե  մի  տան  բակում  ծաղիկներ են  խնամվում, տանը երաժշտական  գործիք  կա ու սրբապատկերով աղոթքի անկյուն, ուրեմն այդ  օջախը  բարի  օջախ է, ուրեմն այդ  տանը  բարություն կա,- պատմեց տարեց  կինը:

 

 

Հետո երկար զրուցեցինք բակի խնձորենու մոտ գյուղի  կնոջ  կյանքի, դժվարությունների մասին: Սակայն  տիկին Սեդայի  լավատեսությունը ստվերեց  դժվար  կյանքի  մասին հաճախ  լսածս դժգոհությունները, որոնց  երբևէ  հանդիպել եմ: Նրա  համոզմամբ նեղությունը  մարդու  համար է, եթե այն  չլինի, մարդը լավ  օրվա «ղադրը»  չի  հասկանա, յուրաքանչյուր  նեղությունն  անցողիկ է: «Օր չի եղել, որ  չլուսանա: Ես  իմ  եղածով  գոհ եմ,  իմ երեխեքը առողջ  լինեն, ինձ էլ  ոչինչ  պետք  չէ: Աստված ուժ ու զորություն  տա երկիրը  լավ  կառավարելու համար,  մարդկանց բարություն ու զգոնություն  տա ու մի քիչ էլ  համբերություն, ամեն  ինչ  լավ է  լինելու»,- հրաժեշտից առաջ ասաց տիկին Սեդան:»: 

 

 

Անուշ Ներսիսյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Գյուղի կանայք  կլիմայի կայունության ապահովման առաջնագծում

«Կոլեկտիվով աշխատելը լավ է,  գործի  ծանրությունը  չես զգում»

«Գյուղի կնոջ առօրյան սա է, գործը ինչքան էլ մնա, իմ երեսին ա նայում»

Հայաստանի միակ կին անտառապետը

Դիտումների քանակը` 980

Վերադառնալ վերև