Լենա Սարգսյան. «Կանաչ ագրոբիզնեսում կարևորը մարդկանց մտածելակերպի փոփոխությունն է»

Ստեփանավանում բնակվող երիտասարդ ամուսիններ Դավիթ Դավթյանը և Լենա Սարգսյանը համատեղ կյանքի 15 տարիների ընթացքում իրենց օրինակով են ապացուցում, որ աշխատանքը ստեղծագործություն է, և այն իրական ուրախություն է պարգևում կյանքում: Այսօր նրանք կազմել և իրագործում են ապագային միտված բիզնես ծրագրեր, որոնք նպաստելու են ոչ միայն իրենց, այլև համայնքի բարգավաճմանը: Ամուսինների հեռահար պլանների մի մասը կյանքի է կոչվում նաև Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի աջակցությամբ։

Լենա Սարգսյանն ունի երկու դուստր, աշխատում է Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում որպես փոխտնօրեն: Նրա համոզմամբ՝ սերունդ կրթելը միայն գրել-կարդալ սովորեցնելով չի սահմանափակվում, այն ներառում է նաև սեր հայրենիքի, հողի, բնության ու աշխատանքի հանդեպ: Դպրոցի տարածքին կից այգում մանկավարժների և ծնողների հետ միասին աշակերտները ոչ միայն սովորում են խնամել բանջարանոցը, ծառերը, այլև գիտելիքներ են ստանում գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ, սովորում են գնահատել հողի տված բարիքները և հասկանում, որ անմշակ հողը կորսված բարիք է, որ հողն անպայման պիտի շնչի ու ապրի:

-Հաճախ եմ լսել, թե գյուղատնտեսությամբ զբաղվելը եկամտաբեր չէ, տանջվում ես, տանջվում, սակայն արդյունքը ոչ միշտ է գոհացնում: Իմ համոզմամբ՝ մեղավորը ոչ թե հողն է, այլ հողի հետ գրագետ աշխատելու հմտություններին ու գիտելիքներին անտեղյակ մարդը: Իմ նպատակն է երեխաներին փոխանցել այն գիտելիքները, որոնք ձեռք եմ բերել գյուղոլորտի թեմայով տասնյակ դասընթացների մասնակցելիս,- ասում է Լենան:

Լենան միշտ հետաքրքրվել է գյուղատնտեսությամբ, մասնակցել է գյուղատնտեսական բազմաթիվ ծրագրերի, եղել մի շարք երկրներում, շրջագայել Հայաստանի մարզերում ու համայնքներում ու համոզվել, որ այս ոլորտին պետք է գրագետ ու խելացի մոտեցում, և այն վարձահատույց կլինի: Նա համոզված է, որ երկրի հզորացման գործում մեծ նշանակություն ունեն գյուղացիների անխոնջ աշխատանքն ու ոլորտին գրագետ մոտեցումը:

Նույն կարծիքին է նաև ամուսինը՝ Դավիթ Դավթյանը, որն ավարտել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, մասնագիտությամբ մանկավարժ է, գործունեությունը սկսել է «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպությունում, մասնակցել է համայնքներում գյուղոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերի:

-Մեզ մոտ շատերն այն կարծիքին են, թե ավանդական մշակաբույսերից՝ կարտոֆիլից, ցորենից բացի այլ մշակաբույսեր չեն աճի, սակայն մեր աշխատանքով կարողացել ենք փոխել մարդկանց մտածելակերպը՝ տարբեր ծրագրերի միջոցով համայնքներում ներդնելով նոր մշակաբույսերի հետ աշխատելու մշակույթ: Հիմնական խոչընդոտը ջրային ռեսուրսների անհամաչափ բաշխումն է, ինչը ոլորտում լուծում պահանջող խնդիրներից է,- ասում է Դավիթը:

Մինչ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրին դիմելը ամուսիններն ունեին հողատարածք, որտեղ մշակում էին վարունգ, լոբի, սխտոր, կանաչեղեն: Բիզնեսն ընդլայնելու և կանաչ գյուղատնտեսությամբ զբաղվելու մտայնությամբ ևս մեկ հողամաս են ձեռք բերել՝ կիսավեր տան հետ մեկտեղ, նպատակ ունենալով այն վերանորոգել ու դարձնել հյուրատուն, իսկ հողամասում օրգանական, այդ թվում՝ ոչ ավանդական մշակաբույսեր աճեցնել։

Դավիթն ու Լենան ծրագրի մասին տեղեկացան 2021 թ., իսկ 2022-ին արդեն նրանց տրամադրվեցին 180 քմ մակերեսով ջերմատուն, ոռոգման կաթիլային համակարգ, 5 կվտ հզորությամբ արևային մարտկոց և հողը փխրեցնող մոտոբլոկ: Առաջիկայում նախատեսել են սեփական ուժերով ձեռք բերել սառնարանային տնտեսություն, որն անհրաժեշտ է բրոկոլին պահելու համար և կծառայի նաև բրոկոլիի մշակմամբ զբաղվող այլ ֆերմերների մթերքի պահպանմանը:

-Մենք հողը պարարտացնում ենք ոչ թե քիմիական նյութերով, այլ գոմաղբով,- ասում է Դավիթը: - Առաջին բերքը, որ ստացել ենք, վարունգն է, որը «Թեստ ընդ ռեսթ» («Համտեսիր և վայելիր») ապրանքանիշով հանձնում ենք քաղաքի սուպերմարկետներին: Ի դեպ, վարունգի պահանջարկը մեծ է, ինչն ավելի է ոգևորում մեզ: Մեր նպատակն է ունենալ նաև հյուրատուն, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան օգտվելու նաև ջերմոցի բարիքներից, անձամբ կհավաքեն ու կհամտեսեն օրգանիկ վարունգն ու լոլիկը, կանաչեղենն ու հատապտուղները:

Երիտասարդ ամուսինների գերնպատակը հյուրատան սպասարկման բարձր մակարդակի ապահովումն է, որով կկարողանան քաղաքում առկա հյուրատնային մրցակցության «մարաթոնում» լինել առաջատար: Հետագա ծրագրերի մաս է կազմում նաև ուսուցման կենտրոն ստեղծելու գաղափարը:

Դավիթի և Լենայի խոսքով՝ գյուղատնտեսության և ջերմոցային տնտեսության գրագետ վարման վերաբերյալ գիտելիքները ստացել են Ավստրիական զարգացման գործակալության կազմակերպած դասընթացներից: Նրանց դիտարկմամբ՝ ծրագիրը ոչ միայն կրթում է, այլև հնարավորություն տալիս փորձի փոխանակման նպատակով լինել տարբեր ջերմոցներում և այգիներում:

Այդ առումով արդյունավետ էր հատկապես Ավստրիայում գյուղատնտեսական թեմայով կազմակերպված դասընթացին և Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի ունեցած «Բիոֆախ» ցուցահանդեսին Լենայի մասնակցությունը: Նրա համոզմամբ՝ նման դասընթացները հանգեցնում են աշխարհայացքի փոփոխության, որը շահառուն հետագայում փոխանցում է իր շրջապատին: Լենան Ավստրիայից վերադարձել է կանաչ ագրոբիզնեսը զարգացնելու նորարարական գաղափարներով, և այն, ինչ լսել, սովորել ու տեսել է, ցանկանում է ներդնել իրենց բիզնեսում ու համայնքում:

- Մեզ մոտ ամեն ինչ աճում է, մնում է աշխատել: Կանաչ ագրոբիզնեսում կարևորը մարդկանց մտածելակերպի փոփոխությունն ու սեփական արտադրանքի գրագետ իրացման հմտությունն է, որի մասին ստացած մեր գիտելիքները սիրով տրամադրում ենք մեզ դիմող համաքաղաքացիներին,- ասում է  Լենան:

Անուշ Ներսիսյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:

© 2023 Ավստրիական զարգացման գործակալություն:

Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Արտոնագիր՝ Եվրոպական միություն

EU-GAIA ծրագրի մասին

«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը» (EU-GAIA) ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ծրագիրն ուղղված է նպաստելու կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն կանաչ ագրոբիզնեսի զարգացմանը: