Անի Ասատուրյանի կանաչ երազանքները

Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում բնակվող Անի Ասատուրյանի գործունեության ոլորտը գուցե այլ լիներ, եթե կյանքի բերումով մանկության տարիները չանցկացներ Արցախում, որտեղ նրա ծնողները բնակություն հաստատեցին Արցախյան առաջին պատերազմից հետո։ Մշակաբույսերի աճեցմամբ, անասնապահությամբ ու մեղվապահությամբ զբաղվող ծնողների սերն ու հոգատարությունը փոխանցվեցին նաև Անիին, ու նա սիրեց գյուղական կյանքը:

Հայաստանի ագրարային համալսարանի «Ագրոբիզնես և շուկայաբանություն» բաժինն ավարտելուց հետո Անին հետաքրքրվեց ջերմատնային տնտեսությամբ։ Մասնակցեց Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ICARE հիմնադրամի) կողմից կազմակերպվող «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացին և գործնական պարապմունքներին, ինչից հետո էլ ծնվեց սեփական ջերմատուն ունենալու գաղափարը։ Դեռ 2019-ին Անին ձեռք բերեց Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում 2100 քառակուսի մետր մակերեսով քարքարոտ ու անջրդի հողակտոր, որտեղ ընդամենը երկու ծառ կար, դրանք առ այսօր պահպանվել են: Ապագա ջերմատան հիմքը Արցախից վերադարձած ծնողների օգնությամբ բետոնապատելուց հետո, Անին մասնակցեց Ավստրիական զարգացման գործակալության կողմից «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհային մրցույթին, և արդյունքում 2021 թվականին կազմակերպության աջակցությամբ հիմնվեց ջերմատունը:

Ներկայացնելով իր փոքր տնտեսությունը՝ Անին ոգևորությամբ պատմում է, թե որքան կարևոր է ջերմատան դիրքը արևի նկատմամբ, որպեսզի «ջերմատունն անմիջապես արթնանա», որ հարկավոր է հյուսիսից փչող քամու առկայությունը, որը հովացման համակարգի հետ մեկտեղ ապահովում է ջերմատան ներքին օդի անհրաժեշտ ջերմաստիճան: Անիի ջանքերով ջերմատանն ավելացավ ստվերարկումը, որը պետք է ներսի բերքը պաշտպաներ արևի ճառագայթներից, անցկացվեցին էլեկտրամատակարարման եռաֆազ համակարգ, ոռոգման և խմելու ջրագծեր, ցանկապատվեց տարածքը:

Ըստ ներկայացրած ծրագրի՝ Անին պլանավորում էր օրգանական եղանակով մշակել ոչ ավանդական մշակաբույսեր՝ ռուկոլլա, քեյլ, իտալական դաղձ, իտալական բազիլիկ, ռոզմարին, խնկունի:

- Գիտեի, որ այդ մշակաբույսերն անծանոթ են մեր սպառողին, սակայն որքան էլ ռիսկային լիներ, որոշեցի մշակել,- պատմում է Անին:- Հիշում եմ, երբ Հայաստանում սկսեցին բրոկոլի մշակել, շատերն այն անհամ էին համարում, սակայն այսօր բնակչության 70-80%-ը օգտագործում է այն: Նույնն ասում էին ռուկոլլայի մասին, թե այն սպառում չի ունենա, սակայն որոշեցի ինքս համոզվել, և պարզվեց, որ ուրիշի կարծիքներով պետք չէ առաջնորդվել:

Սեփական արտադրանքի մասին հայտարարությունը Անին տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում՝ Greendream («Կանաչ երազանք») անվան տակ, հետագայում EU-GAIA ծրագրի աջակցությամբ վերաբրենդավորումից հետո այն կոչվեց Greenmood («Կանաչ տրամադրություն»):

Ռեբրենդինգի արդյունքում արտադրանքի սպառումն իրականացվում է նոր տարբերանշանով տպագրված հուսալի և էկոլոգիապես մաքուր կրաֆթ թղթե տոպրակներով:

Անիի ընտանեկան բիզնեսը, որում ընդգրկված են ծնողները՝ Արթուր և Լուսաբեր Ասատուրյանները, ու գովազդի և մարքեթինգի հարցերով զբաղվող Անուշ Ասատրյանը, այսօր մեծ ճանաչում է ձեռք բերել: Հիմնական պատվիրատուները Ագարակին հարակից գյուղերից են, Աշտարակից, Էջմիածնից ու Երևանից:

- Շատ եմ հավանում Ավստրիական զարգացման գործակալության ծրագիրը, քանի որ այն աջակցում է ոչ միայն ֆինանսապես, այլև նպաստում է դասընթացների միջոցով բիզնեսի կայացմանը և գրագետ կառավարմանը, բարձրացնում է արտադրանքի, բրենդի ճանաչելիությունը՝ կազմակերպելով գյուղմթերքի փառատոներ,-ասում է Անին:

Այսօր օրակարգային է դարձել ջերմատան ջեռուցման հարցը, Անին պատրաստվում է փոխարինել մինչ այդ օգտագործվող հեղուկ գազի բալոնները արևային մարտկոցներով։ Ասում է՝ գտել է ելքը, հաջորդ տարի վարկային պայմանագրով ձեռք կբերի արևային մարտկոցներ:

Ջերմատան կից տարածքը նպատակային օգտագործելու համար Անին ստեղծել է տարբեր տնկարաններից ձեռք բերած խնձորենու, նշենու, ընկուզենու, պնդուկենու տնկիներով գեղեցիկ այգի, որը դեռևս ոռոգվում է խողովակաշարով բերված ջրով, իսկ հաջորդ տարի կփոխարինվի կաթիլային ոռոգման համակարգով:

Անիի երազանքը միայն ջերմատնով ու այգով չի սահմանափակվում: Նա պլանավորում է զարգացնել գյուղական զբոսաշրջությունը: Այդ նպատակով ջերմատան տարածքում արդեն իսկ տեղադրել է տնակ, որը հետագայում կդառնա թեյարան:

- Որոշել եմ տնակի հատվածում ցուցադրական փոքրիկ տնկարաններ ստեղծել, որտեղ կաճեցվեն թեյախոտեր։ Յուրաքանչյուր թեյախոտի օգտագործման վերաբերյալ կլինեն տեղեկատվական թերթիկներ, զբոսաշրջիկը կհավաքի ցանկացած բույս, իր համար թեյ կթրմի ու կվայելի: Հետագայում կստեղծենք նաև գիշերակացի հնարավորություն, էկոլոգիապես մաքուր սնունդ կմատուցենք,- ասում է Անի Ասատուրյանն ու հավելում, որ հաջողության համար պարտական է նաև իր փոքրիկ ու նվիրված թիմին, որը համառության և աշխատասիրության շնորհիվ փորձում է ամայի տարածքը վերածել դրախտի:

Անուշ Ներսիսյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:

© 2023 Ավստրիական զարգացման գործակալություն:

Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Արտոնագիր՝ Եվրոպական միություն

EU-GAIA ծրագրի մասին

«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը» (EU-GAIA) ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ծրագիրն ուղղված է նպաստելու կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն կանաչ ագրոբիզնեսի զարգացմանը: