Աննա Վիրաբյան.«Փորձե՛ք ձեր ուժերը տարբեր ծրագրերում»

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ 42-ամյա Աննա Վիրաբյանն ավելի քան 20 տարի է, զբաղվում է ավանդական ու ոչ ավանդական մշակաբույսերի աճեցմամբ։ Ակտիվորեն ներգրավված է գյուղատնտեսության ոլորտին վերաբերող տարբեր ծրագրերում, իսկ վերջին տարիներին սերտորեն համագործակցում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի հետ։

Բուժքրոջ, ապա նաև հաշվապահի մասնագիտացում ստացած Աննան վստահ է՝ անկախ մասնագիտացումից, գյուղում ապրելով ուղղակի չես կարող չզբաղվել գյուղատնտեսությամբ: Ասում է՝ առաջին մասնագիտությունն ընտրել է ծնողների ցանկությամբ, երկրորդը՝ շուկայի պահանջարկից ելնելով: Այդուհանդերձ, ժամանակի ընթացքում կանգ է առել գյուղատնտեսական աշխատանքի վրա, ինչն ապահովում է զբաղվածություն ողջ տարվա ընթացքում:

Գյուղատնտեսության ոլորտի առաջին աջակցությունը Աննան ստացել է 2018 թ.՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով, 140 քմ տարածքով ջերմոցի, սերմերի ու բուժիչ դեղանյութերի տեսքով: Ավելի ուշ Աննայի ու համայնքային ոչ ֆորմալ խմբում ներգրավված կանանց ջանքերը գնահատվել են «Կանաչ արահետ» կազմակերպության կողմից. գյուղաբնակ կանանց հզորացման ծրագրի շրջանակներում հատկացվել են ազնվամորու մեծաքանակ տնկիներ ու մոտոբլոկ:

Հաջողություններով ոգեշնչված՝ Աննան հայտ է ներկայացրել նաև Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրին: Եվ այժմ Աննան հնարավորություն ունի լիարժեք օգտագործելու EU-GAIA ծրագրով հատկացված 440 քմ տարածքով ջերմոցը, որն ապահովված է կաթիլային ոռոգման ցանցով, արևային համակարգով:

«Մեր հողակտորն այնպիսի տեղում էր, որտեղ ոռոգման ջուր չէր հասնում, ինչի պատճառով տարիներ շարունակ չէինք կարողանում հողը մշակել,- հիշում է նա: - Ծրագրին դիմել էի արևային համակարգով, կաթիլային ոռոգմամբ ջերմատուն կառուցելու նպատակով, որպեսզի կարողանայի զբաղվել կայուն ու կանաչ գյուղատնտեսությամբ: EU-GAIA ծրագրի շնորհիվ մինչ այժմ չօգտագործվող հողակտորը դարձրել ենք մշակովի ու եկամտաբեր մեզ համար»:
Ծրագրի շրջանակում Աննան նաև վեցամսյա դասընթացների ու փորձի փոխանակման այցերի է մասնակցել, ինչի ընթացքում ստացած փորձառությունն ու գործընկերային կապերը համարում է իր ամենամեծ ձեռքբերումը:

«Այդ դասընթացների ժամանակ այնքան բան ենք սովորել, որ դեռևս ստացած փորձառության մի փոքր մասն եմ հասցրել կիրառել ջերմոցում»,- ասում է նա:

Շեշտում է՝ նորարար մոտեցումներով ջերմոցի առկայությունը թույլ է տվել նվազագույնի հասցնել գյուղատնտեսական ռիսկերն ու խուսափել այնպիսի մեծածավալ վնասներից, ինչպիսիք համագյուղացիներն ունենում են բաց դաշտում գյուղմթերք մշակելու դեպքում:

«Ամեն տարի գյուղում ուժեղ կարկտահարություններ են լինում: Այս տարի էլ եղավ, ու գյուղացիները մեծ վնասներ կրեցին: Լավ կլիներ, որ պետական կամ համայնքային ծրագրերով հակակարկտային կայաններ տեղադրվեին գյուղերում, որպեսզի գյուղատնտեսությունը գրավիչ ու շահութաբեր լինի ոչ միայն տարբեր ծրագրերում ընդգրկված, այլև՝ բոլոր գյուղացիների համար»,- ասում է նա:

Աննայի ջերմոցային հաջողված փորձառությունը ոգեշնչել է նաև գյուղի կանանց: Նրանք հաճախ են դիմում Աննային՝ ակնկալելով խորհուրդներ ոչ միայն նորարար գյուղատնտեսության, այլև՝ գյուղատնտեսական ծրագրերի ու դրամաշնորհային մրցույթների մասին տեղեկատվության փոխանցման առումով:

«Երբ տեսնում են, որ աճեցնում, վաճառում, եկամուտ եմ ստանում, իրենք էլ են ոգևորվում, իրենք էլ են ուզում հաջողել: Ես էլ փորձում եմ օգտակար լինել նրանց՝ ուժերիս ներածին չափով»,- նշում է Աննան:

Գյուղական բնակավայրերում կանանց ակտիվացմանը խոչընդոտող պատճառների շարքում Աննան շեշտում է հատկապես իրազեկվածության պակասը:

«Գյուղերում տարբեր ծրագրերի մասին ինֆորմացիան շատերին հասանելի չէ, այնինչ եթե շատերն իմանան, ավելի շատ մարդ կցանկանա մասնակցել»,- ասում է նա:

Անհատական ու խմբային հանդիպումների ժամանակ փոխանցելով տարիների ընթացքում ձեռք բերած փորձն ու հմտությունները՝ Աննան միաժամանակ խրախուսում է  կանանց փորձել սեփական ուժերը ամենատարբեր հարթակներում:

«Կանայք հաճախ ասում են՝ բա ոնց անենք, բա որ չստացվի՞: Ասում եմ՝ ոչինչ, առաջին անգամ չստացվի, հաջորդ անգամ կլինի: Կարևորը՝ փորձե՛ք, մասնակցե՛ք, թույլ տվեք ձեզ ճանաչեն որպես ակտիվ գյուղատնտես: Որքան շատ փորձեք ձեր ուժերը տարբեր ծրագրերում, այնքան ավելի ինքնավստահ կդառնաք...»,- ասում է Աննան՝ նշելով նաև, որ նույնիսկ ամենաինքնավստահ կնոջը հաջողելու համար ընտանիքի աջակցությունն է անհրաժեշտ: Ասում է՝ այդ հարցում իր բախտը բերել է. ամուսինը, երկու որդիներն ու դուստրը մշտապես թիկունքին են, պատրաստ օգնելու ցանկացած հարցում:

Գայանե Սարգսյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:

© 2023 Ավստրիական զարգացման գործակալություն:

Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Արտոնագիր՝ Եվրոպական միություն

EU-GAIA ծրագրի մասին

«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը» (EU-GAIA) ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ծրագիրն ուղղված է նպաստելու կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն կանաչ ագրոբիզնեսի զարգացմանը: