Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Աղջիկ երեխաների դերը ընտանիքի լավ մայր լինելու և երեխաներ ունենալու կարևորությունից դուրս գրեթե չի ընկալվում». հետազոտություն

Վաղ տարիքից սկսած՝ երեխաների մեջ դրվում է սեռային-դերային բաժանումը, որտեղ աղջիկ երեխաների սահմանափակումներն ավելի շատ են, իսկ դաստիարակության ձեւերն՝ ավելի խիստ: Դա վերաբերում է հագուստի նախընտրությանը, նստելաձևին, խոսելաձևին, վարքի կանոններին, տան պարտականություններին մասնակցելը և այլն: Ի տարբերություն տղաների, նրանք ավելի շատ են մասնակցում տան կենցաղային գործերին՝ ճաշ եփել, տունը մաքրել, խանութ գնալ, կով կթել, սուրճ եփել, ամանները լվանալ, թխվածք թխել, զբաղվել փոքր երեխաների խնամքով եւ այլն: Աղջիկների, կանանց նկատմամբ անհավասար, խտրական վերաբերմունքի մասին է փաստում   «Առօրյայի անտեսանելի կողմը. գենդերային կարծրատիպերը կենցաղում » հետազոտությունը, որն իրականացրել է ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի»-ին՝ Վորլդ Վիժն Հայաստանի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի հետ համագործակցությամբ:

 

Հետազոտության նպատակն է փոխել և կանխել կանանց ու աղջիկներին վնասող կարծրատիպային վերաբերմունքը ու վարքագիծը, նպաստել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ աղջիկներն ու տղաները ծնվում ու արժևորվում են հավասարապես:

 

Հետազոտողները նաև պարզել են, որ երեխաների դաստիարակության հարցում առկա է նկատելի տարբերություն՝ պայմանվորված նրանց սեռով: Օրինակ՝ աղջիկ երեխաների դաստիարակությամբ հիմնականում զբաղվում է մայրը, ընդ որում մայրը պետք է այնպես դաստիարակի, աղջիկ երեխային, որպեսզի վերջինս ե՜ւ մոր պատիվը բարձր պահի, ե՜ւ ընտանիքի/գերդաստանի, հատկապես՝ տղամարդկանց: Դեռ փոքր տարիքից աղջիկ երեխայի մեջ պետք է սերմանել կնոջը բնորոշ վարքային դրսևորումներ և պարտականություններ: Հայրերը գրեթե մասնակցություն չեն ունենում այդ հարցում՝ բացառությամբ կրթությանը վերաբերող որոշ հարցերի: Ըստ զեկույցի փորձագետների, տղա երեխաների դաստիարակության հարցում արդեն մասնացում են նաև հայրերը բայց որոշակի վերապահումներով: 

 

Նկատենք, որ աղջիկ երեխաների դերը ընտանիքի լավ մայր լինելու և երեխաներ ունենալու կարևորությունից դուրս գրեթե չի ընկալվում: Ի տարբերություն աղջիկ երեխաների, տղաների դերըն առավել է կարևորվում. Նրանք դիտվում են որպես ընտանիքի սյուն, ծուխ, ժառանգորդ, խելացի մարդ, ում ներկայությամբ պետք է հպարտանալ. «Տղա էրեխեն, դե սյուն ա քո օջախում, որին որ հենվում ես, ավանդույթով քո ծուխը ծխողն ա, մեծերի ասած: Դրանով հպարտանում ես, հայրերն իրանց լավ են զգում»,-զրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Դրախտիկ գյուղի 40-ամյա մի տիկին:

 

Հետազոտությունն իրականացվել է  է Գեղարքունիքի, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում: Այսինքն, հատկապես՝ այն համայնքներում որտեղ պտղի սեռի խտրական ընտրության արդյունքում տղա երեխաների ծննդյան բնական թվերը գերազանցում են աղջիկ երեխաների ծնունդներին:

 

«Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ղեկավար Սևան Պետրոսյանի ներկայացմամբ  հետազոտության միջոցով փորձել են պարզել՝ արդյոք սեռով պայմանավորված բռնությունները մեր հասարակությունում ընկալվում և դիտարկվում են որպես խնդիր, որն ունի լուծման կարիք, թե այն դարձել է առօրյայի սովորական մի մաս. այսինքն՝ վերոնշյալ գենդերային անհավասարության վերաբերյալ գիտելիքներն ու դրանց օգտագործումը դարձել են սոցիալ-մշակութային ժառանգության բաղկացուցիչ տարր և փոխանցվում են սերնդեսերունդ: Ուսումնասիրվել են   խնդրի ձևավորման այն սոցիալ-մշակութային հիմքերը, որոնց գործառնման հիմնական միջավայրն առօրյան է, օրինակ՝ առօրեական աշխատանքի կազմակերպում, խոսքի (խոսք ունենալու) մշակույթ՝ ազատ արտահայտվելու և լսելի լինելու, տարածքը տնօրինելու և որոշումներ կայացնելու հնարավորություններ և այլն:

 

Սևան Պետրոսյանի խոսքով, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մեր հասարակության մեջ կնոջ նկատմամբ կիրառվում է անհավասար, խտրական վերաբերմունք մի շարք ոլորտներում: Հետազոտության գրեթե բոլոր մասնակիցները դժվարացել են պատասխանել որոշումների կայացմանն առնչվող հարցերին: Վերջիններս հստակ կարողանում են ասել, թե տվյալ աշխատանքն ով է իրականացնում, իսկ թե ինչպես կամ ում կողմից է կայացվում այդ աշխատանքն իրականացնելու որոշումը,՝ դժվարանում են պատասխանել: Ըստ հետազոտության հեղինակների, պատճառներից մեկն այն է, որ այդ ամենն ինքն իրեն է կազմակերպվում. «Օրինակ՝ անհրաժեշտություն չկա, որ տան անդամներից ինչ-որ մեկը որոշում կայացնի, թե ով է լվանալու ափսեները կամ լվացքն ու արդուկն անելու: Դրանք արդեն իսկ որոշված գործողություններ են. պետք է իրականացվեն կանանց կողմից»,-փաստում են հետազոտությունն իրականացրած մասնագետները:

 

 

Սարուխան գյուղի 38 ամյա տիկինը պատասխանելով այս հարցին, ասել է. «Կենցաղային հարցերում, երկուսս էլ իրավունք ունենք, դրանք երկուսի որոշումն է՝ թե տղամարդ թե կին…Այ, օրինակ, երեխաների հիգիենայի հարցը, ես եմ զբաղված դրանով, դե տղամարդն ինչ գործ ուն, դա իմ որոշելիքն է, որ երեխաները մքուր, կոկիկ, չափավոր, լվացած, արդուկած, նորմալ ձևով տնից դուրս գան: Չեն ասի չէ՝ հայրը չի արել, կասեն՝ մայրը չի արել: Տան մաքրությունն էլ  ես եմ պլանավորում»:

 

 

«Ես մինչև էսօր էլ իմ կիսուրի կարծիքը հաշվի եմ առնում յուրաքանչյուր հարցում: Տնից դուրս գալուց պետք ա անպայման ասեմ. բա տնից դուրս եմ գալիս, ես իմ մեծին չասե՞մ, ո՞նց կլինի: Ինքը կիսուր ա, ես՝ հարս կապ չունի, որ ես արդեն 50 տարեկան եմ դառնում, ես եմ մեծացել, ինքը կարո՞ղ ա պուճուրացել ա, ինքն էլ ա մեծա մեծացել»,-այսպես է պատասխանել Քանաքեռ-Զեյթուն համայնքում բնակվող 48-ամյա կինը, երբ նրանից հետաքրքվել են` ընտանիքում խոսք ունենալու, առօրյայում որոշումներ կայացնելու մասին:

 

 

Հետաքրքիր է այն փաստը, տնային տնտեսության կենցաղային բոլոր աշխատանքներն իրականացնող կանայք, եթե տան առօրյային վերաբերող որոշումներ են կայացնում, օրինակ՝ ինչ եփել այդ օրը կամ, երբ իրականացնել տան մաքրությունը, համոզված են, որ տան իշխանությունն իրենց ձեռքում է՝ «Մեր տանը մայրիշխանություն է տիրում»,-հարցումն իրականացնող մասնագետների հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Վարդենիսի 29-ամյա մի տիկին:

 

 

Տղամարդկանց դիրքորոշումը կանանց կողմից կայացվող որոշումների վերաբերյալ բաժանված է երկու խմբի՝ կամ դրանք գնահատվում են ոչ կարևոր՝ «մաքրություն ա, լվացք ա, ըտենց մանր-մունր բաներ» կամ կինն իրավունք չունի կամ ի վիճակի չէ որոշումներ կայացնել, քանի դեռ իր ամուսինը ողջ է. «Էտի պարտադիր տղամարդն ա, էտի կնիկը կյանքում չի ասում ըտենց բան: ես կարողա մեռած լինեմ, նոր ինքը որոշի»,-այսպես էր շենավանցի 54-ամյա տղամարդը:

 

 

Ըստ հետազոտության հեղինակների, թիրախային համայնքներում իրականացվել են 48 խորին հարցազրույցներ, 12 ներգրավված և 4 փորձագիտական:  Խորին հարցազրույցների համար ընտրվել են միասերունդ, երկսերունդ, եռասերունդ և անգամ քառասերունդ ընտանիքներ: ներգրավված դիտարկման միջոցով, հետազոտողը ստացել է այնպիսի տեղեկատվություն, որը կարող է բացակայել հետազոտվողների բանավոր նկարագրություններում: Փորձագիտական հարցազրույցներն էլ հնարավորություն են տվել առավել համապարփակ դիտարկել հետազոտության նյութը և չսահմանափակվել միայն հետազոտության մասնակիցների՝ երևույթի վերաբերյալ ունեցած պատկերացումներով և ընկալումներով: 

 

 

Լուսինե Կարապետյան    

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 213

Վերադառնալ վերև