Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

 «Ageless» ակումբ .«Ինչպես ապրել  երկար և որակյալ»

Հոկտեմբերի 1-ը  ՄԱԿ-ի օրացույցով նշվում է  որպես Տարեցների միջազգային օր: Դա  հնարավորություն է տալիս  անդրադառնալու արժանապատիվ ծերության խնդիրներին, ինչպես նաև լրացուցիչ առիթ է  հնչեցնելու այն պարզ ճշմարտությունը, որ  յուրաքանչյուր ոք արժանապատիվ ծերության  իրավունք ունի, որ պետության և  յուրաքանչյուրիս պարտքն է անել հնարավորը, որպեսզի տարեցներն իրենց զգան հասարակության լիարժեք անդամներ:

 

Ցավոք,  մենք չենք կարող այսօր պնդել, որ տարեց մարդիկ Հայաստանում   ապրում  են լիարժեք կյանքով  ու հասարակության լիարժեք անդամ հանդիսանում: Մինչդեռ արևմտյան ֆիլմերը դիտելիս շատերս ենք ուշադրություն դարձնում այն հանգամանքի վրա, որ տարիքային այդ խմբի մարդիկ ապրում են լիարժեք կյանքով` ճամփորդում, կրթվում, հետևում իրենց առողջությանն ու կազմվածքին, մի խոսքով` վայելում կյանքը: Նման վերաբերմունքն,  իհարկե, անմիջական կապ ունի , մի կողմից,  պետական քաղաքականության սոցիալական բաղադրիչի հետ, մյուս կողմից՝ հասարակության կողմից  տարեցների նկատմամբ  կարծրատիպային պատկերացումների հետ:  Առավել ևա ուրախալի է, որ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են հաղթահարել այդ կարծրատիպերը:

 

Այս տարվա գարնանն  Երևանում բացվեց իր կոնցեպտով բոլորովին նոր ակումբ`«Ageless»: Ակումբի հիմնադիրն է  բ.գ.թ. , Աստղիկ ԲԿ-ի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, Հայկական հակածերացման ասոցիացիայի նախագահ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Իննա Պերսոյանը:  WomenNet.am-ի հետ զրույցում տիկին Պերսոյանը նշեց, որ ասոցիացիայի գործառույթն է կրթել բժիշկներին, թե ինչպես անել այնպես, որպեսզի մարդիկ ապրեն երկար և որակյալ: Այսինքն` օգնել մարդկանց օգտագործել այն գործիքակազմն ու մեխանիզմները, որոնք հայտնի են գիտությանն ու բժշկությանը, որպեսզի նրանց երիտասարդությունն ու կյանքը երկարի: Բայց,  տիկին Իննայի խոսքերով, ժամանակի ընթացքում իրենք հասկացան, որ եթե թեկուզ  բժիշկները պատրաստ են հասցնել այդ տեղեկատվությունը, իրենց գիտելիքներն ու հնարավորությունները հասարակությանը, ապա հասարակությունը պատրաստ չէ այն ընդունել ու ընկալել.

 

«Մենք որոշեցինք զբաղվել նաև այս խնդրի շուրջ հասարակության իրազեկմամբ ու կրթվածության մակարդակի բարձրացմամբ, որպեսզի հայ կանայք ու տղամարդիկ այս տեղեկատվությունը ստանան ոչ թե ինտերնետից, որը և’ ճիշտ, և’ սխալ ինֆորմացիայի աղբյուր է հանդիսանում, այլ մասնագետներից, որոնք կհասցնեն իրենց ասելիքը սեմինարների միջոցով: Դասընթացները միտված են փոխանցել այն մեխանիզմներն ու գործիքակազմը, որոնք հնարավորություն կտան մարդկանց երկարացնել կյանքը ու դարձնել այն ավելի գունեղ ու որակյալ»,- պատմեց տիկին Պերսոյանը:

Բայց նորաբաց ակումբի գործառույթը միայն առողջապահական չէ, այն նաև սոցիալական բաղադրիչ է պարունակում, քանի որ, ինչպես ասում է մեր զրուցակիցը, եթե մարդն առողջ է, բայց սոցիալապես ակտիվ չէ, ապա կյանքը աստիճանաբար խամրում է, հիվանդությունն էլ թակում է դուռը: Ակումբը օգնելու է  մարդկանց դառնալ սոցիալապես ակտիվ. նախատեսվում են, օրինակ, դասընթացներ և վերապատրաստումներ, մարդիկ նոր մասնագիտություն ու հմտություններ ձեռք կբերեն, որոնք շատերին կօգնեն այդ տարիքում ևս զբաղվածության ու եկամուտի հարց լուծել: Դրանով իսկ փորձելու են մեղմել տարիքային խտրականության խնդիրն, որն առկա է Հայաստանում, որտեղ որոշակի տարիքից հետո աշխատանք գտնելը դառնում է գրեթե անհնարին: Իսկ հաջորդ գործառույթը ակումբի անդամների առօրյա զբաղվածությունն է.

 

«Մեր ակումբի անդամները հնարավորություն կունենան լցնել իրենց օրը` ճամփորդել, այցելել թատրոններ, կինոթատրոններ և համերգներ, կազմակերպել երեկույթներ երգ ու պարով և այլն: Սա է մեր գաղափարը, որի հենքի վրա էլ գործում է ակումբը»,- ասաց Իննա Պերսոյանը:

 

Հարցին, թե ինչպիսին է գնային քաղաքականությունը, որն այս հարցում չափազանց կարևոր է, քանի որ իրենց պոտենցիալ անդամներն այն տարիքային խմբի մարդիկ են, որոնք մեր հասարակության ամենախոցելի հատվածն են կազմում, ակումբի հիմնադիրը նշեց, որ խոսքը նախևառաջ բիզնես-նախագծի մասին է, ինչը ենթադրում է անդամավճարներ: Բայց ակումբի գործունեությունը նաև անվճար սեմինարներ ու միջոցառումներ է նախատեսում իրականացնել և արդեն անցկացրել է այդպիսիք, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողներն անկախ անդամակցությունից ու անվճար: Բայց լիարժեք բոլոր ծառայություններից օգտվելու համար հարկավոր է լինել ակումբի անդամ, տարեկան վճարում կատարել և ստանալ լոյալության քարտեր, որոնք նաև հնարավորություն կընձեռեն զեղչերով օգտվել ակումբի գործընկեր կազմակերպությունների ծառայություններից: Տարեկան վճարումները` 20000-60000 դրամ.

 

«Սեմինարները լինելու են բաց և փակ, բաց սեմինարներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, իսկ փակերը նախատեսված են միայն ակումբի անդամների համար: Մենք բիզնես նախագիծ ենք, հասարակական կազմակերպություն չենք, բայց ունենք սոցիալական լուրջ ուղղվածություն: Մեր մոտեցումը, մեր նորարարական գաղափարը իսկապես սպասված էր հայկական շուկայում և այս պահի դրությամբ չունի նմանը և ես համոզված եմ, որ այն հաջողություն կունենա և մարդիկ իսկապես կընդունեն այն հայտնի ճշմարտությունը, որ 40-50 տարեկանից հետո կյանքը դեռ նոր է սկսվում: Մենք կօգնենք նրանց այդ հարցում»,- հավելեց ակումբի նախագահը:

 

Նշենք նաև , որ սեպտեմբերի 28-29-ը Երևանում կազմակերպվել էր  «Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրեսը», որը մեր երկրում առաջին լուրջ քայլն էր  ծերաբուժության և ծերաբանության ինստիտուտի զարգացման ճանապարհին: Կոնգրեսին մասնակցել էր նաև  Իննա Պերսոյան՝ հանդես գալով  «Դաշտանադադարային հորմոնային թերապիայի նշանակման սկզբունքները հայ կանանց շրջանում» զեկույցով:

 

Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսնումների Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների շարքում. 2050 թ.-ին երկրում յուրաքանչյուր հինգերորդը կունենա 65-ից բարձր տարիք, իսկ գրեթե յուրաքանչյուր երրորդը՝ 60-ից բարձր: Այդ պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում տարեցների առողջապահությունը և ծերաբուժության՝ գերիատրիայի կայացումն ու զարգացումը որպես ինքնուրույն գիտաճյուղ։

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ստացվում է, որ մենք իրավունք չունե՞նք  աշխատելու, ժամկետա՞նց ենք»

 

 

Դիտումների քանակը` 322

Վերադառնալ վերև