Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ալեսյա Բեջանյան. «Ես հիմա մեր մայրաքաղաքին նայում եմ նաև փոքրիկ տղայիս աչքերով»

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ ընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն Ալեսյա Բեջանյանն է, նա չորրորդ հորիզոնականում է ներկայացված։ ՀՅԴին անդամակցում է  2003թից և  կուսակցության ցուցակի նույն տեղում էր նաև 2013-ի ավագանու ընտրություններում։   Հայ Օգնության Միության Կենտրոնական վարչության անդամ է, աշխատում է  որպես Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու։ WomenNet.am-ը զրույցում շեշտադրում է, որ այսօր նայում է քաղաքի խնդիրներին ոչ միան որպես  կին քաղաքական գործիչ, այլև՝ երիտասարդ մայր։ Այստեղից և առաջին հարցը՝  որրպես ավագանու թեկնածու  ո՞ր խնդիրներն եք առանձնացնում առաջնահերթ լուծման համար։

 

-Անկեղծ ասեմ, ես հիմա մեր մայրաքաղաքին նայում եմ նաև փոքրիկ տղայիս աչքերով: Երևանը պետք է դառնա մեծանալու և ապրելու լավագույն վայրերից մեկը, որտեղ  զբոսնելը հարմար լինի, խաղահրապարակները բարեկարգ լինեն, զբոսայգիները շատանան, մանկական գրադարանները ավելանան ու գրավիչ լինեն: Ուզում եմ, որ մեր մայրաքաղաքը լավագուններից լինի աշխարհում, որտեղ մեր երեխաները կստանան լավագույն կրթությունը:

 

-Իսկ Երևանը որքանո՞վ է հարմարավետ փոքր երեխա ունեցող մայրիկների համար ։ Շատ փողոցներում երեխայի հետ սայլակով զբոսանքը չարչարանքի է վերածվում՝ կամ մայթեր չկան, կամ նեղ են, կամ էլ շատ կտրտած

 

-Անձամբ եմ դա զգացել  ամեն անգամ մանկասայլակով զբոսանքի դուրս գալով. թեքահարթակները քիչ են, ինչը նաև կաթվածահար է անում հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղաշարժը: Բացի այդ, թե փոքր կենտրոնում, թե մնացած վարչական շրջաններում շատ քիչ են զբոսանքի վայրերը, խաղահրապարակները, այգիները:  Նոր այգիների հիմնում ենք նախատեսում,  առաջարկելու ենք նաև Հրազդանի կիրճը, Հաղթանակի զբոսայգին և նրան հարող տարածքը սահմանել որպես բնապահպանական գոտի: Դալմայի այգին, Երևանյան լիճը և նրան հարող տարածքը պետք է վերածել համաքաղաքային նշանակության հանրային հանգստի, կանաչ գոտիների:

 

– Աշխատող մայրերը լուրջ  խնդիրներ ունեն երեխաներին մանկապարտեզ ընդունելու, նաև մանակապարտեզների աշխատանքային ժամերի հետ կապված։ Ծնողների աշխատանքը հիմնականում ավարտվում է 18։00-ին, երեխաներին մանկապարտեզից պետք է վերցնել ժամը 16։30-ին։ Այս խնդիրների ի՞նչ լուծում եք պատրաստվում առաջարկել:

 

-Տեղյակ եմ, որ պետական մանկապարտեզներում հերթեր են և այդքան հեշտ չէ երեխային մանկապարտեզ տեղավորելը: Մարդիկ կան՝ տարիներով սպասում են: Մանկապարտեզներում էլ խմբերը ծանրաբեռնված են, իսկ մասնավոր մանկապարտեզներն էլ շատերի համար մատչելի չեն: Լուծումը պետք է լինի՝ անհրաժեշտության չափով մանկապարտեզների ավելացումը: Իսկ ժամերի հետ կապված հարցը, կարծում եմ, պետք է  կարգավորվի կամ հավելյալ աշխատող պահելով, կամ էլ հավելավճարով, որ գոնե մինչև 19:00 երեխաները հանգիստ մնան մանկապարտեզում, միչև ծնողը կհասնի:

 

Ըստ Ձեզ, ինչպիսին պետք է լինի 2800-ամյա Երևանի դեմքն ու կարգախոսը։

 

– Կընտրեի՝ «Համայն հայության մայրաքաղաք» կարգախոսը: Աշխարհում ապրող ամեն մի հայի համար իր սրտի մայրաքաղաքը պետք է լինի Երևանը: 2800-ամյա մեր մայրաքաղաքը իր պատմության մեջ նոր էջ պետք է բացի: Այսօր Երևանն այնպիսին է, ինչպիսին ունենք՝ իր լավ ու վատ կողմերով, իր խնդիրներով: Այն, որ  մեր մայրաքաղաքը Հռոմից հին է, դա մենք գիտենք, բայց աշխարհում քչերը գիտեն դրա մասին: Ցավոք, այսօր մենք չունենք «հին քաղաք» կոչվածը: Պետք է միջոցներ ներդնենք հին Երևանից մնացած մասունքները  պահպանելու, դրանք բարեկարգելու, վերանորոգելու համար: Հնարավոր բոլոր միջոցները պետք է կիրառենք, որ մեր հնագույն մայրաքաղաքը շատ գրավիչ լինի զբոսաշրջիկների համար:

 

Զրուցեց Հ. Կարապետյանը

 

Դիտումների քանակը` 3020

Վերադառնալ վերև