Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ալինա Օրդյան. «Այսօր ես ոչ միայն ասելիք, այլև անելիք ունեմ»

«Մենք» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված  լրագրող  Ալինա Օրդյանը  պայքարելու է «ռեյտինգային»  ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքում՝ իր հարազատ Տավուշում: 

 

Ալինա Օրդյանի  անունը հայտնի է լրագրողական դաշտում, հեռուստադիտողներն էլ նրան հիշում են հատկապես Հ2 հեռուստաալիքից`նա  երկար տարիներ լուսաբանում էր երկրի առաջին դեմքերի  գործունեությունը: Այնուհետ զբաղեցրել է  «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի գլխավոր խմբագրի պաշտոնը, նաև վարում էր իր հեղինակային «Sputnik Արմենիա. Ալինա Օրդյանի հետ» ամենշաբաթյա առցանց տեսահաղորդումը: Ներկայումս նա ArmeniaON կայքի գլխավոր խմբագիրն է:

 

WomenNet.am-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչու է որոշել լրագրությունից անցում կատարել քաղաքականություն…. եթե, իհարկե, իրականում անցում տեղի է ունենում..

 

– Lրագրողական գործունեության երկարամյա փորձ ունեք, ինչո՞ւ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ: Ո՞րն է Ձեր գլխավոր ասելիքը:

 

– Ասեմ, որ քաղաքականությամբ զբաղվելու որոշումս բոլորովին պայմանավորված չէ լրագրությունից հոգնելու կամ հիասթափվելու հանգամանքով: Սիրում եմ իմ մասնագիտությունը և լրագրության նվիրյալներից եմ ինձ համարում: Իսկ քաղաքականությամբ զբաղվելու և ընտրություններին մասնակցելու առաջարկներ միշտ եմ ստացել, գրեթե խորհրդարանական բոլոր ընտրությունների ժամանակ, սակայն երբեք չեմ համարել, որ ես անելիք կամ ասելիք ունեմ   քաղաքականությունում: Ասելիքս լրագրության օգնությամբ էլ կարողացել եմ հասցնել իր նպատակին:

 

Սակայն այսօր դա քիչ եմ համարում, Հայաստանում սկսված գործընթացներն ինձ համոզեցին, որ ես ոչ միայն ասելիք, այլև անելիք ունեմ  նաև խորհրդարանում, քանի որ միայն լրագրությամբ չես կարող սկսված փոփոխությունները հասցնել իրենց վերջնական հանգրվանին: Որպես քաղաքական թեմաներ լուսաբանող լրագրող, ես ինձ պարտավորված զգացի երկրիս առջև, որոշեցի տարիների ընթացքում կուտակած փորձս կիրառել նաև օրենսդիր աշխատանքում, քանի որ միայն խնդիրների մասին բարձրաձայնելով, միշտ չէ, որ հնարավոր է հասնել իրական փոփոխությունների: Անհրաժեշտ է կոնկրետ ազդեցություն ունենալ նաև օրինաստեղծ գործընթացների վրա, քանի որ ամեն ինչի հիմքը օրենքն է: Եթե օրենքներն անկատար են ու շատ հաճախ մեր կյանքի որակի բարձրացմանը խոչընդոտող գործոն, ապա 4-րդ իշխանությունից առավել անելիք ունի օրենսդիր իշխանությունը: Ես պարտավոր եմ իմ գիտելիքներն ու փորձը ներդնել այս նպատակի իրականացմանը և չեմ կարող անմասն մնալ սկսված գործընթացներին, քանի որ այսօր երկիրը յուրաքանչյուրիս աջակցության կարիքն ունի:

 

Այսինքն, Ձեզ համար ԱԺ ընտրություններին մասնակցելու առաջարկն անակնկալ չէր: Ընդունել եք  այն միանգամից, թե՞ կասկածներ եղել են:

 

-Այո, անակնկալ չէր, քանի որ, արդեն նշեցի, միշտ նման առաջարկներ ստացել եմ: Այս անգամ էլ տարբեր առաջարկներ են եղել, սակայն ընտրությունս կանգնեց նոր ձևավորված «Մենք» դաշինքի վրա, քանի որ այստեղ տեսնում եմ սկզբունքային ու պրոֆեսիոնալ թիմ: Իսկ ինձ ճանաչողները կփաստեն, որ ես ինքս միշտ առաջնորդվել եմ սկզբունքայնությամբ ու իմ գործում պրոֆեսիոնալ մոտեցումն առաջնային եմ համարել, երբևէ չտրվելով որևէ գայթակղության:

 

Ասում են, որ լրագրողները պատրաստի քաղաքական գործիչներ են….

-Համաձայն եմ այդ ձևակերպմանը. մեկ անգամ արդեն առիթ ունեցել եմ ասել՝ իսկ ո՞վ է ավելի թրծված քաղաքականության մեջ, եթե ոչ լրագրողները, ովքե՞ր են ավելի լավ քաղաքական ու հասարակական գործիչներ դառնում, եթե ոչ լրագրողները…

 

Այնպես որ , չեմ համարում, որ փոխում եմ գործունեության ոլորտը և այդ միտքն է ինձ ուժ տալիս, քանի որ լրագրությունն ու քաղաքականությունը բավական մոտ են և երբեմն այդ սահմանը դժվար է լինում գծել: Դրա վառ վկայությունն այն է, որ լրագրողական ողջ գործունեության ընթացքում ակամայից եղել եմ բոլոր քաղաքական գործընթացների կիզակետում: Պարզապես համարում եմ, որ հասունացել է պահը նաև այդ ոլորտում ներդրում ունենալու:

 

Ազգային Ժողովում միշտ կին գործիչների պակաս է զգացվել: Ի՞նչ նոր խոսք ունեք ասելու որպես կին պատգամավոր և ինչո՞ւմն է կին պատգամավորի գլխավոր առաքելությունն ըստ Ձեզ:

 

-Չէի ցանկանա տարանջատել կին և տղամարդ պատգամվորներին, քանի որ երկու դեպքում էլ պետք է լինել երկրի համար մտահոգ գործիչ, պատասխանատվությամբ վերաբերվել քաղաքացու տված յուրաքանչյուր քվեին, ընտրողի ձայնը հասցնել տեղ և նպաստել օրենսդրական դաշտի ձևավորմանը: Իսկ կին գործիչների ներկայությանը խորհրդարանում միայն դրական եմ վերաբերում, քանի որ ամուր է այն ընտանիքը, որտեղ կան խոհեմ ու շրջահայաց կանայք:

 

Պատրա՞ստ եք բարձրաձայնել կանանց իրավունքները խորհրդարանում:

 

-Պատրաստ եմ ցանկացած հարց բարձրաձայնել խորրդարանում, բնականաբար, նաև կանանց իրավունքները: Նույնիսկ կարող եմ ասել, որ գրեթե չկա մի հարց, մի խնդիր, որը չառնչվի կանանց իրավունքների հետ: Այսօր առավել, քան երբևէ կինը ներգրավված է մեր կյանքի բոլոր ոլորտներում, իսկ հայ ընտանիքում, ինչպես միշտ, կինը մեծ դերակատարում է ունեցել: Ուստի կարող եմ վստահ ասել, որ ոչ մի խնդիր կնոջ կողքով չի անցնում:

 

Մենք իսկապես նոր Հայաստանում ենք ապրում, թե՞  նոր Հայաստանը դեռ առջևում է…

 

-Հայաստանում այսօր իրոք նոր իրավիճակ է ստեղծվել, և ապրում ենք մի նոր իրողության մեջ, որը սկսված փոփոխությունների միայն սկիզբն է դեռ: Նոր Հայաստանը եկել է, բայց այն դեռ ճանապարհ ունի անցնելու և «Մենք» պրոֆեսիոնալների մեր թիմով գալիս ենք որպես գլխավոր ընդդիմախոս՝ օգնելու դրական փոփոխությունները տրամաբանական ավարտին հասցնելու համար: Միայն համատեղ ուժերով հնարավոր կլինի կառուցել բոլորիս երազած նոր Հայաստանը:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1154

Վերադառնալ վերև