Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անի Սամսոնյան. «Անելու ենք ավելին Երևանում իրապես արդար կառավարում հաստատելու համար»

 

Մեր զրուցակիցն է  Երևանի ավագանու ընտրություններին  «Լույս» դաշինքի  ընտրական ցուցակի  4-րդ հորիզոնականում    առաջադրված Անի Սամսոնյանը, ով նաև գործող ավագանու «Ելք» խմբակցության անդամ է: Ասում է,  «Լույս»-ի   թիմում գործող ավագանու շատ անդամաներ կան,  փորձ են անում շարունակել մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը, որն ընդմիջվում է նոր ընտրություններով։

 

 

Ծնվել է 1990թ․-ին Երևանում։ 2011թ.-ին ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետ.մանկավարժական համալսարանի լրագրության բաժինը, 2013թ.-ին՝ ԳԱԱ Միջազգային գիտակակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժինը։ 2010-2012 թթ․աշխատել է Հ․Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում որպես գիտաշխատող, 2012-2013 թթ․-ին«Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող։  «ԼուսավորՀայաստան»  կուսակցության մամուլի խոսնակն է: 

 

 

Ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում Երևանում և ինչպե՞ս եք փոխվել Դուք:

 

 

-Առաջինը, կարծում եմ, որ Երևանի ավագանու Ելք խմբակցությունը մեծապես փոխեց երևանցիների վերաբերմունքը ավագանու ինստիտուտի նկատմամբ։ Մենք ավագանու գորշ և աննպատակ գոյությունը ակտիվացրեցինք մեր հետևողական հարցապնդումներով, քննարկումներով, ստեղծեցինք բանավեճի հարթակ։ Քաղաքային իշխանությունը դարձավ շատ զգոն և ուշադիր։ Եթե նախկինում ավագանու անդամ ասելով մարդիկ հասկանում էին գարաժի հարց լուծող, մենք ջարդեցինք այդ կարծրատիպը։ Քաղաքացիները հասկացան, որ ավագանու անդամը կարող է լսել իրենց և լուծել իրենց խնդիրը։  Երկրորդն այն է, որ այն մարդկանց մոտ, ովքեր այս մեկ տարվա ընթացքում դիմել են մեզ և մենք կարողացել ենք համատեղ ուժերով հասնել արդյունքի, մեծացավ վստահությունը ավագանու նկատմամբ և ինքնավստահությունը սեփական խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ փնտրելու նկատմամբ։   

 

 

Մեկ տարի առաջ, նախորդ  ընտրությունների նախաշեմին  WomenNet.am- ի հետ  զրույցում   որպես մայրաքաղաքի  առաջնային խնդիրներ մատնանշեցիք Երևանի զարգացման, ապակենտոնացման և  բեռնաթափման, ինչպես նաև կանաչապատման խնդիրները։  Այսօ՞ր որոնք կմատնանշեք:

 

 

-Այո, Երևանի և ապակենտրոնացումը, և բեռնաթափումը, և կանաչապատումը մնացել է խնդիրների օրակարգում։ Երևանի զարգացման հնգամյա ծրագրում կան բեռնաթափման նպատակով շրջանցիկ ճանապարհների կառուցման ծրագրեր։ Օրինակ Դավթաշեն – Աշտարակի խճուղի ճանապարհի շինարարությունն այս պահին ընթանում է։ Նախագծվել են նաև Արգավանդ – Շիրակ ճանապարհը և Իսակովի պողոտա – Արշակունյաց պողոտա ճանապարհը, որը պիտի իրականացվեր առաջիկա չորս տարում։ Սեպտեմբերի 23-ին նոր ընտրված իշխանությունը պետք է ավարտի այս ճանապարհների կառուցումը և իհարկե գործընթացը կլինի ավելի թափանցիկ և հաշվետվողական։ Մեր ծրագրում ևս ներառել ենք  նաև քաղաքի բեռնաթափման հարցը։

 

 

Ասեմ, որ Երևանի ապակենտրոնացման ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվել։ Գործարար, մշակութային և ժամանցային կյանքը շարունակվում է խտացվել Երևանի կենտրոն վարչական շրջանում։ Ի դեպ, եթե վարչական շրջանները չունենային անհամաչափ զարգացման խնդիրը, քաղաքի բեռնաթափման հարցը ևս կլուծվեր, որովհետև երևանցու օրը անցնում է մեծապես կենտրոնում։ Այս մոտեցումը պետք է փոխվի և մենք դրա համար կանենք առաջարկներ։

 

 

Կանաչապատման հետ կապված ասեմ, որ ստացել ենք բազմաթիվ ահազանգեր ծառերի հատման մասին։ Այս հարցում մեղավոր է և՛ քաղաքապետարանը և՛ քաղաքացիները։ Օրինակ՝ քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը կարող է տալ թույլտվություն ինչ-որ տարածքում ծառերի հատման համար, որպեսզի այնտեղ իրականացվի շինարարություն։ Մենք կարծում ենք, որ կանաչ գոտիներում խստիվ պետք է արգելվի շինթուլտվությունների տրամադրումը։ Մենք մի այդպիսի փորձ հասցրել ենք կանխել և խոչընդոտել ենք շինթուլտվության տրամադրումը։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիներին, պետք է նշեմ, որ գարաժ, կրպակ, խանութ կառուցելու և այլ զանազան նպատակներով շատերը ծառերն անխնա կտրում են։ Ես մի երկու ամիս առաջ հայտարարություն էի տարածել և կոչ արել բոլորին ուշադիր լինել իրենց բնակավայրի կամ աշխատավայրի կանաչ տարածքների նկատմամբ, որովհետև շատ հաճախ կանխամտածված դրանք չորացնում են կամ վառվում են, որպեսզի հետագայում որպես ամայի տարածք շատ հեշտությամբ ստանան շինթույլտվություն։

 

 

Ի՞նչ խնդիրներ ունեն Երևանի կանայք ու երեխաները և ի՞նչ լուծումներ եք Դուք տեսնում:

 

 

-Կարծում եմ, կանանց, և առհասարակ քաղաքի բնակչության համար ամենակարևոր խնդիրը Երևանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներն են։ Դրանք հին են, սարքավորումները մաշված, էլ չասեմ, որ ունեն կառավարման լրջագույն խնդիրներ։ Մենք զբաղվեցինք այս հարցով։ Բազմաթիվ բողոքների հիման վրա մեր ուշադրությունը կենտրոնացավ թիվ 16 և թիվ 19 պոլիկլինիկաների վրա։ Առաջինի տնօրենին կարողացանք հեռացնել, երկրորդը դեռ պայքարում է, բայց կարծում եմ նրա օրերը հաշված են։ Երևանը պետք է ունենա նոր պոլիկլինիկաներ՝ բարեկարգված, արդիականացված սարքավորումներով, բարձր աշխատավարձ ստացող բուժանձնակազմով և թափանցիկ, ոչ կոռումպացված կառավարումով։

 

Երեխաների համար իմ կարծիքով խնդիր է նախադպրոցական կրթությունը և դպրոցական սնունդը։ Երեխաների նախադպրոցական կրթությունը հասանելի և մատչելի դարձնելու նպատակով հաշվառելու  և գույքագրելու ենք  մանկապարտեզների վարձակալությամբ տրված տարածքները, և աստիճանաբար վերադարձնելու ենք մանկապարտեզներին, որպեսզի վերանան երկարատև հերթերը։ Մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կանխատեսելու համար  յուրաքանչյուր մանկապարտեզում կիրականացնենք 0-6 տարեկան  երեխաների էլեկտրոնային հերթագրում, որը  հասանելի   կլինի ծնողների համար:  Կա նաև դրոցական սննդի հարցը, որը  լուծելու համար պետք է մշակել հատուկ ռազմավարություն, որը նույն չափորոշիչներով կներդրվի բոլոր դպրոցնրում։

 

 

Ըստ Ձեզ, ինչո՞վ է ապագա նոր ավագանին՝ քաղաքական նոր իրողությունները հաշվի առնելով, տարբերվելու նախորդից և կարող եք, որպես թեկնածու, երևանցուն խոստանալ, որ իր կյանքում էական փոփոխություններ կլինեն:

 

 

-Մեկ տարվա ընթացքում բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմել են մեզ իրենց խնդիրը լուծելու նպատակով, գրեթե բոլոր նշել են, որ իրենց հետ անարդար են վարվում և արդարությունը պետք է վերականգնեք։ Համոզված եմ, որ նոր ավագանին գործելու է ոչ միայն ներկայիս Կառավարության սկզբունքների ու նպատակների շրջանակում, այլ անելու է ավելին Երևանում երևանցիների կողմից փափագած և իրապես արդար կառավարում հաստատելու համար։

 

 

Զրուցեց՝ Լիա Խոջոյանը

Դիտումների քանակը` 1381

Վերադառնալ վերև