Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կարծրատիպերը պետք  է  կոտրել  մտածված, համբերությամբ և խելամտությամբ»…

 

Հետընտրական զրույց պատգամավոր Անի Սամսոնյանի հետ

 

WomenNet.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը,  ով մինչ  խորհրդարան ընտրվելն աչքի էր ընկել իր ակտիվ գործունեությամբ Երևանի ավագանիում:

 

 

Ինչպիսի՞ն էր  Ձեզ համար անցումը մայրաքաղաքի  ավագանուց  դեպի Ազգային  ժողով …

 

-Երևանի ավագանին նույնպես  քաղաքական մարմին է  և աշխատանքի բնույթի և որոշումների կայացման առումով տրամաբանությունը նույնն է, թեև ավագանիում աշխատանքը   խիստ սահմանափակ տեղական մասշտաբով և ավելի շատ կենտչոնացած  քաղաքի կենսապահովման  հարցերով:  Գլխավոր տարբերությունն այն է, որ ավագանու անդամի աշխատանքը ավելի կամավոր բնույթ է կրում, թեպետ  ասեմ, որ այն ծավալի աշխատանքը, որ մենք սկսեցինք իրականացնել դեռևս 2017-ին ԵԼՔ դաշինքով, կամավոր չէր հաստատ, որովհետև մենք աշխատում էինք ամենօրյա ռեժիմով, ամբողջական գրաֆիկով և շատ նվիրված: Անցումը դեպի Ազգային ժողով ավելացրել է միայն գործունեության մասշտաբները և պատասխանատվության շրջանակները, ինչին ես , ըստ էության, պատրաստ էի…

 

 

Ինչպե՞ս է  հասարակությունն ընդունում կանանց մուտքը քաղաքականություն, ընտրությունների ժամանակ զգացե՞լ եք որևէ խտրական վերաբերմունք Ձեր անձի նկատմամբ:


Կարող է զարմանալի թվալ, բայց ես երբևէ խտրական վերաբերմունքի չեմ արժանացել: Միշտ կարողացել եմ սահմանել իմ տեղը և հաստատվել այդ տեղում: Դրան կա երկու բացատրություն: Առաջինը՝ իմ ինքնավստահությունն է: Ես այն երբեք չեմ կորցնում՝ միևնույն ժամանակ լինելով խիստ ինքնաքննադատ և անընդհատ ձգտելով կատարելագործման: Երկրորդը, դա այն միջավայրն է, որտեղ դու կրթվում ես քաղաքականապես: Ինձ համար այդ միջավայրը «Լուսավոր Հայաստանն» է, որտեղ ես կայացել եմ  քաղաքակականապես: Համոզված եմ, որ  կանայք քաղաքականության մեջ կարող են կայանալ միայն կուսակցություններում, որտեղ  կան բոլոր նախադրյալները,  գիտելիքահեն բազան, բարենպաստ միջավայրը դրա համար:

 

 

-Դուք պատգամավոր եք ընտրվել համապետական ցուցակով, թեև առաջադրված եք եղել նաև ռեյտինգային ընտրակարգով: Ինչպիսին է Ձեր վերաբերմունքը այդ ընտրակարգին, կո՞ղմ եք դրա պահպանմանը, թե  հարկավոր է հրաժարվել տարածքային ցուցակներից: 

 

– Ես չկարողացա զբաղվել իմ անհատական քարոզարշավով, ոչ էլ մասնակցել համապետականին, որովհետև պատասխանատվություն էի ստանձնել համակարգելու մեդիայի հետ համագործակցությունը և մշակելու նախընտրական մեդիաբովանդակությունը: Չունեի գովազդ սոցցանցերում, չունեի պաստառներ: Կար մեկ բիլբորդ և միայն քարոզարշավի վերջին մեկ օրը կարողացա բաժանել թվով 2000 անհատական ֆլայեր, ընդամենը չորս ժամում: Ռեյտինգային ընտրակարգի գլխավոր յուրահատկությունը և դրական կողմն այն է, որ մարդկանց հնարավորություն է  տալիս իրենց ձայնը տալ նախընտրած թեկնածուին և ունենալ, այսպես ասած, «սեփական» պատգամավորը խորհրադարանում, որը ցանկացած խնդրի դեպքում կարող է պատասխանել քո նամակին կամ զբաղվել քո հարցով: Ռեյտինգայինը հնարավորություն է տալիս նաև մարզերին ներկայացվածություն ունենալ խորհրդարանում:

 

Ընդհանրապես, ինձ դուր է գալիս ռեյտինգային մրցակցությունն այն իմաստով նաև, որ ստեծում է ընտրության լայն հնարավորություն, բազմազանություն, ընտրական տեխնոլոգիաների կրեատիվություն և քարոզարշավային եռուզեռ: Ես հիշում եմ, որ մեր ցուցակում ընդգրկվել էին մարդիկ, որոնք անկուսակցական էին, այդ թվում կանայք, և ընտրություններից հետո պատմում էին, թե որքան տպավորված են: Այսինքն, ռեյտինգային ընտրակարգն այդ կանանց հնարավորություն էր տվել իրենց ուժերը փորձելու, ինքնադրսևորվելու և իրենց ներուժը բացահայտելու համար:
Քանի որ մեզ մոտ քաղաքական մշակույթը դեռևս չի ամրապնդվել, ռեյտինգային ընտրակարգն անշուշտ  մեդալի նաև երկրորդ երեսն ունի՝ բացասական իմաստով: Այն նաև ստեղծում է անհավասար մրցակցություն  փող ունեցողների և չունեցողների միջև, հեղինակությունների և ոչ հեղինակությունների միջև, և  արդյունքում շատ դեպքերում հաղթում է ոչ թե գաղափարը կամ ծրագիրը, այլ շրջապատի «լավ տղա» լինելու փաստը:

 

 

-Ո՞րն է կին քաղաքական գործչի հաջողության գրավականը և որքանո՞վ է ընտանիքը դեր խաղում նրա քաղաքականություն մտնելու  հարցում:

 

-Կնոջ հաջողության գրավականը կարծրատիպերը ջախջախելն է, պատեր քանդելն է,  սեփական նպատակի ճանապարհին բոլոր խոչընդոտները խաղաղ և ժպիտով չեզոքացնելն է…  Չնայած՝ յուրաքանչյուրն ունի իր բանաձևը: Ընտանիքն այս հարցում մեծ դեր ունի, որովհետև կնոջը հաջողությունների հասնելու համար քաջալերում և թևեր է տալիս ընտանիքը, հատկապես ամուսինը, եթե նրա  ընկալմամբ  կինը կարող է հոգատար լինել ոչ միայն ընտանիքի, այլ նաև՝ հասարակության և պետության նկատմամբ ….  Բարդ է դրա գիտակցումը, ու ոչ բոլորի մոտ է ստացվում նման ընկալումը…

 

 

– Առաջընթաց  նկատում եք  կարծրատիպերի հաղթահարման գործում ….

 

Առաջընթաց ունենք, բայց շատ դանդաղ ու դեռ Երևանում: Մարզերում վիճակը նույնն է: Կարծրատիպերը պետք  է  կոտրել  մտածված, ցուցաբերել համբերություն և խելամտություն, որպեսզի չստեղծվեն սուր հակազդեցություններ: Օրինակ, եթե ցանկանում ես ստեղծել նոր մշակույթ, պետք չէ դա անել հինն ամեն կերպ նսեմացնելու, վարկաբեկելու կամ հրապարակայնորեն վառելու ճանապարհով: Դա արդյունավետ չէ: Դրանով միայն  ձեռք կբերես հակառակորդներ, այդ թվում քո ընտանիքում, և միգուցե չկարողանաս գտնել քեզ սատարող որևէ  մեկին…

 

 

-Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք,  որ կանանց շահերը  պաշտպանել եք Երևանի ավագանիում, կպաշտպանեք նաև խորհրդարանում: Ստացվո՞ւմ է և ո՞րն է ամենամեծ խանգարող հանգամանքը այդ ճանապարհին:

 

-Խանգարող հանգամանքեր չկան: Երբ դիմում են տարատեսակ հարցերով, անշուշտ զբաղվում եմ: Ուշադիր եմ նաև այն նախաձեռնությունների նկատմամբ, որոնք կարող են վնասել կանանց շահերին, կամ հակառակը, որոնց միջոցով կարելի է բարելավել իրավական դաշտը կանանց պաշտպանելու նպատակով:

 

 

– Ձեր կարծիքով  նոր ԱԺ-ում  կանանց ձայնը լսելի՞ է …

 

– Կանայք շատ ակտիվ են Ազգային ժողովում և դա ողջունելի է: Որքան գիտեմ, դեռ ոչ մի կին չի բողոքել, որ իր ձայնը լսելի չի…

 

 

– Տեսնո՞ւմ եք մոտ ապագայում այնպիսի զարգացումներ, որոնք կբերեն կանանց դերի ավելացմանը որոշում կայացնող օղակներում:

 

– Այո, տեսնում եմ: Կարծում եմ, այսօր  քաղաքականություն մուտք գործած շատ կանանց  հետագայում  կկարողանանք  տեսնել  ավելի պատասխանատու պաշտոններում: Ուղղակի պետք է անընդհատ կրթվել և ձգտում ունենալ…

 

 

-Վերջին շրջանում խոսվում է  նաև գործադիր մարմնում քվոտավորման անհրաժեշտության մասին , հաշվի առնելով  այն փաստը, որ ընդամենը մեկ կին նախարար ունենք: Կո՞ղմ եք այդ գաղափարին 


-Քվոտարումը՝ որպես իրավական կարգավորում իհարկե խթանիչ նշանակություն ունի, բայց այն չպիտի լինի արհեստական, այսինքն՝ դու քո տեղում ես միայն նրա համար, որովհետև կին ես: Հավատացեք, դա ավելի է վնասում կանանց քաղաքական մասնակցությանը: Համեմատեմ Ազգային ժողովի հետ: Նույն Ազգային ժողովում կարող են քվոտավորման շնորհիվ հայտնվել պատահական կանայք, որոնք գուցե նպատակ էլ  չեն ունեցել զբաղվել քաղաքականությամբ: Բացառված չէ, որ այդ կանայք ընթացքում կարող են ձեռք բերել ավելի շատ հետաքրքրվածություն, ակտիվանալ, բայց կարող են  և  չակտիվանալ: Գործադիրի դեպքում նման իրավիճակն  անթույլատրելի է, որովհետև գործում է պատասխանատվության հստակ շրջանակ, յուրաքանչյուր տեղում պահանջվում է խիստ կոմպետենտություն, պրոֆեսիոնալիզմ: Կարծում եմ գործադիրում այս առումով բնական շարժն ավելի ընդունելի է, եթե ստեղծվեն բարենպաստ պայմաններ կանանց  մոտիվացիայի  և առաջխաղացմսն համար:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 802

Վերադառնալ վերև