Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անն Իդալգո. «Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել…»

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Nouvelles d’Arménie պարբերականին տված իր  հարցազրույցում ասել է. «Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել… ես անձամբ կողմ եմ ինքնորոշմանը. պետք է սատարել Հայաստանին այս փորձության և պայքարի մեջ»:

 

 

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում , որ նամակ է գրել Անն Իդալգոյին՝ շնորհակալություն հայտնելով իր  խիզախ ու միանշանակ դիրքորոշման համար:

 

 

Նամակում,մասնավորապես ասվում է.

 

 

«Սիրելի Անն Իդալգո,

 

 

Ընթերցեցի Nouvelles d’Arménie-ում հրապարակված Ձեր հարցազրույցը… Անչափ շնորհակալ եմ Ձեր այս խիզախ ու միանշանակ դիրքորոշման համար:

 

 

Արդեն 23-րդ օրն է իմ հայրենակիցներն անհավասար ուժերի պայքարում դիմադրում են Ադրբեջանին, որին թե՛ քաղաքական, թե՛ ռազմական դաշտում աջակցում է Թուրքիան: Նրանք մեր զինվորների՝ հայրենիքի պաշտպանների, առաջ կանգնեցնում են ոչ միայն իրենց զինվորականներին, այլև՝ վարձկան ահաբեկիչներին Սիրիայից, Աֆղանստանից, Պակիստանից ու Լիբիայից:

 

 

Արցախում ու Հայաստանում հրետանակոծվում են քաղաքաներ և գյուղեր, քաղաքացիականներ ու երեխաներ են սպանվում, օգտագործվում են արգելված զինատեսակներ, թշնամիներն անմարդկային վերաբերմունք են դրսևորում ռազմագերիների հանդեպ՝ գլխատելով ու մեր երկրի դրոշի մեջ փաթաթած գնդակահարելով նրանց: Այս ամենը նկարահանվում է ու ուղարկվում գերիների հարազատներին:

 

 

Մարդկային խիղճը վրդովվեցնող, տակնուվրա անող այս բարբարոսություններն օր առաջ պետք է կանգնեցնել:

 

 

Ռազմական գործողություններին վերջ տալու համար կա միայն մեկ միջոց, այն է` Արցախի՝ միջազգային ճանաչումը հանուն փրկության: Հակառակ դեպքում հայերը կենթարկվեն էթնիկական զտումների, ինչպես դա եղավ 105 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ:

 

 

Ուրեմն դիմում եմ Ձեզ այս պահին ամբողջ հայության ամենանվիրական խնդրանքով՝ օր առաջ նախաձեռնեք Արցախի Հանարապետության ճանաչման գործընթաց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից:

 

 

Վստահ եմ, որ ձեր այս քայլը շղթայական ազդեցություն կունենա և իր հետևից կբերի նոր նախաձեռնություններ ու մարդկանց, որոնց մենք ընդմիշտ երախտապարտ կլինենք: Ֆրանսիան ու Ֆրանսիայի ժողովուրդը մի՛շտ են ձեռք մեկնել հայերին, մեր ժողովուրդները մի՛շտ են առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով բարեկամություն արել:

 

 

Ուրեմն, խնդրում եմ, գործեք հիմա՛, գործե՛ք անհապաղ՝ հանո՛ւն ազատության, հանո՛ւն մեր եղբայրության, հանո՛ւն արդարության, հանո՛ւն Հայաստանի և Ֆրանսիայի անքակտելի բարեկամության»…

 

 

Նշենք նաև, որ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն տեղեկացրել էր երեկ իր  ֆեյսբուքյան էջում, որ առաջիկա օրերին կներկայացնի Ֆրանսիայի Սենատին Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրինագիծը ։

 

Դիտումների քանակը` 356

Վերադառնալ վերև