Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աննա Էլոյան. «Ուզում եմ, որ մեր մայրաքաղաքը դառնա այցեքարտ համայն աշխարհի համար»

Երևանի ավագանու ընտրություններում «Ժողովրդավարական ուղի» կուսակցության  ընտրական ցուցակով առաջադրվել է մանկավարժ  Աննա Էլոյանը։ Ավարտելով Երևանի Վ . Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, նա աշխատանքի է անցել Լ.Արիսյանի անվան ավագ դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի:

 

 

Միշտ հետաքրքրվել է քաղաքականությամբ, ակտիվորեն մասնակցել է թավշյա հեղափոխությանը և այժմ որշում է կայացրել՝ մասնակցել ավագանու ընտրություններին «Ժողովրդավարական ուղի» կուսակցության կազմում։ Վստահեցնում է, որ պատրաստ է մեծ եռանդով աշխատել Երևանի քաղաքապետարանում, իր գիտելիքներն ու փորձը ներդնել մայրաքաղաքի զարգացման գործում։

 

 

«Միշտ հետաքրքրված եմ եղել քաղաքականությամբ և ինձ տեսնում եմ ավագանիում,   քանի որ ասելիք ունեմ և շատ սիրելով իմ քաղաքը՝ Երևանը, կարծում եմ, կարող եմ օգտակար լինել բազմաթիվ խնդիրների լուծմանը»,-  WomenNet.am-ի հետ զրույցում ասում է Աննա Էլոյանը։

 

 

Նրա խոսքով՝ իրենց կուսակցության անդամները  շատ լավ պատկերացնում են քաղաքի խնդիրները։ «Մեր թիմի հիմնական ասելիքն այն է, որ պետք է փրկել մեր սիրելի մայրաքաղաքը  անմխիթար վիճակից»,- նշում է նա՝ հավելելով, որ  իրենց նախընտրական ծրագիրն արտացոլում է երևանցիներին մտահոգող խնդիրները։

 

 

Անդրադառնալով այն հիմնական խնդիրներին, որոնք լինելու են իրենց թիմի ուշադրության կենտրոնում՝ ավագանու կազմում ընտրվելու դեպքում, Աննա Էլոյանը նկատում է, որ դրանք մեկը չեն,  շատ են, բայց առաջնահերթ պետք է  լուծել հասարակական տրանսպորտի, բարելավել բազմաբնակարանային շենքերի անմխիթար վիճակը, ինչպես նաև պետք է մայրաքաղաքում հնարավորինս ավելացնել կանաչ տարածքները։

 

 

Պատասխանելով հարցին, թե կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ որքանով կնպաստի երկրում, մայրաքաղաքում առկա խնդրիների լուծմանը, Աննա Էլոյանն ասում է, որ դա հնարավորություն կտա լուծել առավել շատ խնդիրներ. «Շատ կարևոր է լսել կանանց ձայնը, նրանց առաջարկները և տեսակետը տարբեր հարցերի շուրջ։ Բացի այդ  , կանանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն բոլոր բնագավառներում»։

 

 

Նրա խոսքով,  մայրաքաղաքում բնակվող կանայք և երեխաներն ունեն բազմաթիվ խնդիրներ, շատ դեպքերում նրանք ուղղակի անտեսված են.  «Օրինակ, բազմաթիվ բակեր չունեն ոչ մի հարմարավետություն, էլ չեմ ասում այգի կամ խաղահրապարակ, որտեղ մայրիկները կկարողանան իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնել։ Հատկապես կարևորում եմ  մանկական պոլիկլինիկաների և  մանկապարտեզների վիճակը, որոնց մեծ մասը գտնվում են ոչ բարվոք վիճակում։  Պետք է թե պոլիկլինիկաները, թե մանկապարտեզները  վերանորոգվեն, ի վերջո երեխաների համար ամեն մի մանրուք շատ կարևոր է։ Այս խնդիրների լուծումները կան մեր ծրագրերում,   վստահ եմ, որ դրանք աստիճանաբար կլուծվեն մեր թիմային աշխատանքի շնորհիվ»,- նշում է Աննա Էլոյանը։

 

 

Նաև հետաքրրվեցինք՝  արդեն իսկ խոսվում է ընտրակաշառքի դեպքերի մասին, ի՞նչ է կարծում՝ կհաջողվի արդյոք այս քաղաքային իշխանությունը ձևավորել մրցակցային, ազատ, արդար ընտրությունների միջոցով: Այս հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասում է, որ իրենք լիովին վստահում են իշխանություններին՝ արդար ու ազատ ընտրություններ կազմակերպելու հարցում, և վստահ են, որ խախտողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։

 

 

Ըստ Աննա Էլոյանի՝ Երևանի քաղաքապետը պետք է ազնիվ լինի, սիրի Երևանն իր տան պես և անվերապահորեն նվիրվի այն շենացնելու գործին։ «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, և քաղաքապետը պետք է ծառայի Երևանին ու երևանցիներին»,- ասում է նա։

 

 

Հարցին՝  ինչպիսի՞ն եք ուզում տեսնել մայրաքաղաքը ,  մեր զրուցակիցը պատասխանում է. «Ես շատ եմ սիրում Երևանը,  նույնիսկ մի քանի օրով բացակայելու դեպքում կարոտը սկսում է տանջել: Ուզում եմ, որ մեր մայրաքաղաքը դառնա այցեքարտ համայն աշխարհի համար: Ես իմ աշակերտներին էլ սովորեցնում եմ սիրել քաղաքը, հոգատար լինել։ Մենք հաճախ ենք միասին քննարկում մեր քաղաքի խնդիրները, նախորդ շաբաթ էլ հանձնարարել էի շարադրություն գրել Երևանի մասին։ Այնքան հետաքրքիր կարծիքներ, առաջարկություններ էին արել, իսկապես երեխաները շատ ավելի լավ են պատկերացնում խնդիրները, և հետաքրքիր լուծումներ էլ առաջարկում են։ Նրանց առաջարկները ևս պետք է հաշվի առնել»։

 

 

Մ.Մարգարյան

Դիտումների քանակը` 480

Վերադառնալ վերև