Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աննա Գալստյան. «Քաղաքին կնոջ հոգատարություն է պետք»

Արարատի մարզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց մարզային խորհրդի նախագահ Աննա Գալստյանն այն 7 կանանցից մեկն է, որ պայքարում է Արտաշատի ավագանու անդամության համար սեպտեմբերի 29-ին կայանալիք  ՏԻՄ ընտրություններում:

 

 

Ծնվել է Արտաշատի շրջանի Այգեզարդ գյուղում: Գերազանցությամբ ավարտել է Այգեզարդ գյուղի Ա.Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցը, նույն տարին էլ մեկնարկել է իր աշխատանքային կենսագրությունը՝ աշխատել է Այգեզարդի, ապա նաև Շահումյանի միջնակարգ  դպրոցներում՝ դասավանդել է կենսաբանություն առարկան: Այնուհետ ավարտել է ՀԳԱ  ագրարային բաժինը, աշխատել միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատանը, որպես կադրերի բաժնի պետ, մաքսային համակարգի կապիտան է: Ներկայումս Աննա Գալստյանը արտադրող-գործարար է, ունի երկու զավակ:  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամակցում է   2008 թվականից և շուրջ 2 տարի է, ինչ ԲՀԿ Արարատի մարզի կանանց խորհրդի նախագահն է:

 

 

WomenNet.am-ի հետ զրույցում Աննա Գալստյանը  ներկայացրեց այն խնդիրները, որ ստիպում են իրեն հերթական անգամ մասնակցություն ունենալ ընտրական գործընթացներին: Նախորդ ընտրություններին ևս դրել էր թեկնածությունը, սակայն հաջողության չէր հասել:

 

 

-Ի՞նչ տեսլական ունեք այս ընտրություններում:

 

-Քաղաքին կնոջ հոգատարություն է պետք:  Ցանկանում եմ Արտաշատը տեսնել նորոգ ու բարեկարգ, մարդկանց՝ գոհ ու սրտացավ, լիարժեք տեր իրենց քաղաքին – սա է իմ տեսլականը:

 

 

-Կանայք այս անգամ շատ ակտիվ են Արտաշատում և դա ողջունելի է, քանի որ  հատկապես մարզային քաղաքաներում  կանայք ընտրություններին նվազ մասնակցություն են ցուցաբերում՝ մտահոգություն ունենալով, որ տղամարդկանց մրցակցությունն ավելի բարձր  է: Ի՞նչն է փոխվել, ըստ Ձեզ, որ կանայք սկսել են ավելի ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացներին:

 

– Կարծում եմ վաղուց վերացել են այն կարծրատիպերը, թե քաղաքականությունը կնոջ տեղը չէ: Այսօր մեր կանայք կյանքի բոլոր բնագավառներում էլ իրենց լավագույնս են դրսևորում: Ներկայումս կանայք ավելի են սկսել գնահատել իրենց ուժերը և իրականում էլ մեծ ներուժ ունեն, ինչը ցանկանում են կյանքի կոչել: Ինչպես ասում են, եթե կանայք իրավունք ունեն բարձրանալու կառափնարան, ապա իրավունք ունեն նաև բարձրանալու ամբիոն:

 

 

-Ձեր կարծիքով,  ինչու՞ է  անհրաժեշտ կանանց ներկայությունն ավագանիում:

 

-Կինն ունի՝ լայն մտահորիզոն, ուղղամտություն, ուղղախոսություն, սրտացավություն՝ սեփական ժողովրդի և քաղաքի հանդեպ: Նա ունի մեծ նվիրում և ամենակարևորը՝ օժտված է մարդկանց օգնելու պատրաստակամությամբ:

 

 

Որո՞նք են  քաղաքի այն   առաջնահերթ խնդիրները , որոնք   պատրաստվում եք  բարձրացնել  ավագանու անդամ ընտրվելու դեպքում:

 

-Հրատապ լուծում է պահանջում կրթական ոլորտի խնդիրներն, որոնց էլ առաջնահերթ անդրադառնալու եմ, հատկապես կադրային քաղաքականությանը: Իրականում խնդիրները շատ են և բոլորն էլ ավագանու ուշադրության կենտրոնում պետք է լինեն:

 

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 371

Վերադառնալ վերև