Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անյա Խաչատրյան: «Գյուղի բնակիչներն  ինձ  ճանաչում են որպես  իրենց երեխաների ուսուցչուհի»

WomenNet.am-ի  զրուցակիցն է փետրվարի 17-ին  կայանալիք  ՏԻՄ  ընտրություններում  Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում  ավագանու թեկնածու առաջադրված Անյա Խաչատրյանը:

 

 

Անյա Խաչատրյանը  35 տարի շարունակ զբաղվում է  մանկավարժական  գործունեությամբ, աշխատում է Գետահովիտի հանրակրթական դպրոցում որպես  հայոց  լեզվի  և  գրականության ուսուցչուհի: Ապրում է  երկու որդիների հետ, ովքեր այսօր ուսանող են, ավագը սովորում է Ֆիզիկական  կուլտուրայի հայկական  պետական  ինստիտուտի սպորտային  լրագրության  բաժնում,  իսկ  կրտսերը՝ Երևանի պետհամալսարանի Իջևանի  մասնաճյուղի հումանիտար գիտությունների  ֆակուլտետում, անգլերենի  ուղղությամբ:

 

 

Անյայի առօրյան բազմազբաղ է: Օրվա  մեծ մասը տրամադրում է դասավանդմանն ու  դասղեկությանը, ուստի տնտեսությամբ և 1500  մետր  տնամերձով  զբաղվելու ժամանակ  գրեթե  չի մնում, քանի որ  տանն էլ աշակերտական  տետրերն է ստուգում,  ծրագրեր կազմում դասաժամերն առավել  հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու նպատակով: 

 

 

Մեզ հետ զրույցում Անյա Խաչատրյանն անդրադարձավ վերջերս հանրային  քննարկման թեմա  դարձած  «Ուսուցչի  վարքականոն»-ին ասաց, որ այն  իր սերնդի ուսուցիչների համար ընդունելի չէ, նույնիսկ վիրավորական, մասնավորապես կոռուպցիոն ռիսկերին և  ուսուցչի հագուստին վերաբերող  դրույթները: «Գյուղական դպրոցներում բացառում եմ կոռուպցիան, ինչ վերաբերում է հագուկապին, իմ տարիքի մարդիկ գիտեն պատշաճ հագուկապի մասին, դե, ջահելներն էլ այնպես չէ, որ անվայելուչ են հաճախում դպրոց:  Ուսուցիչը յոթ ժամ դպրոցում աշխատում է, հետո տանը զբաղվում է  տնտեսությամբ,  հողի գործով,  անասնապահությամբ, նա  մայր է և տնային տնտեսուհի, ու տեսեք նրա վարձատրության չափը», – ասում է նա:

 

 

Աշխատանքից ու տնային  հոգսերից բացի Անյային մտահոգում են  նաև  գյուղի խնդիրները: Թեև այնքան էլ ոգևորված  չէ քաղաքականությամբ, այնուհանդերձ բարեկամի  խորհրդով  որոշեց առաջադրվել ավագանու անդամի թեկնածու:

 

 

Անտառի փեշին ապրող  գյուղի ճանապարհներն անբարեկարգ են, քանի որ մշտապես  վնասվում են անտառից  փայտ փոխադրող  ծանրաշարժ բեռնատար  մեքենաների ծանրությունից, առկա է  նաև ապօրինի ծառահատման, խմելու և ոռոգման  ջրի, իսկ 230  աշակերտ ունեցող դպրոցի վերանորոգման  խնդիրը:

 

 

-Ավագանու աշխատանքը  լավ եմ  պատկերացնում: Եթե  ընտրվեմ, ապա  ավագանու կազմում լինելու եմ  միակ  կին  ավագանին,  մյուս թեկնածուները երիտասարդ տղաներ են: Թե որքանով  իմ  գաղափարներն ու ծրագրերը  կընդունվեն ավագանու  մյուս անդամների կողմից,  ցույց  կտա  ժամանակը: Գյուղի բնակիչներն  ինձ  ճանաչում են որպես  իրենց երեխաների ուսուցչուհի, այդ առումով տեղեկացված եմ համայնքի սոցիալական  խնդիրներին: Գետահովիտում աշխատատեղ  չկա,  դա նույնպես  խնդիր է,  կանայք հիմնականում զբաղվում են  տնային  տնտեսությամբ, երբեմն էլ  մոտակա  անտառից հավաքած  հատապտուղների,  խոտաբույսերի ու սնկի վաճառքով հոգում են  իրենց  ընտանիքների հոգսերը, մի քանիսը  սեզոնին աշխատում են մոտակա գյուղերի ջերմոցներում, -պատմում է Անյա Խաչատրյանը:

 

 

Ավագանու թեկնածու Անյա Խաչատրյանի նախընտրական  ծրագրի դրույթներից են անապահով ընտանիքների, տարեց, միայնակ  մարդկանց սոցիալական հիմնախնդիրները: Թեև այդ  ընտանիքներին համայնքապետարանի կողմից  երբեմն ցուցաբերվում է աջակցություն /վառելափայտ, գումար/, այնուհանդերձ նրանք  շարունակում են  համարվել խոցելի: Անյան  խոստանում է  չանտեսել  ոչ միայն ուսուցիչների սոցիալական  հարցերը,  այլև դպրոցի բարեկարգման խնդիրները:

 

 

Վերջին  տարիներին  քաղաքականության  մեջ  կանանց  ներգրավվածությանբ  հետաքրքրված Անյա Խաչատրյանը համոզված է, որ նրանց  օրինակը  «վարակիչ» է  դարձել  նաև համայնքներում ապրող  կանանց  շրջանում, թեև ՏԻՄ  ընտրություններում  իրենց  մարզն այս անգամ  առանձնապես  ակտիվ չէ:

 

 

-Կարծում եմ, ընտրվելուց  հետո մանկավարժական  գործունեությունս  չի խոչընդոտի ավագանու աշխատանքին: Ավելի,  կօգնի լիարժեք  պատկերացում  կազմել  գյուղի  խնդիրների մասին: Ավագանու նիստերին մասնակցությունը,  համատեղ քննարկումները  կօգնեն  լիարժեք  պատկերացում  կազմել ոչ միայն  խնդիրների, այլև լուծման  տարբերակների մասին, -ասում է Անյա Խաչատրյանը:

 

 

Մնում է  հավելել, որ տիկին Անյան մանկավարժի աշխատանքը  համատեղում է ստեղծագործական  գործունեության  հետ: Նա բանաստեղծությունների և պատմվածքների շուրջ 9 գրքի հեղինակ է, որոնց թեման  սերն է, կարոտը,  հայրենիքն ու արցախյան  պատերազմին մասնակցած  մարդկանց կյանքի  պատմությունը:

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 873

Վերադառնալ վերև