Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ապաստարաններն ու թեժ գծերը գործում են նույնիսկ արտակարգ իրավիճակի պայմաններում

Կարանտինն էլ ավելի խոցելի է դարձրել հասարակության մինչ այդ էլ խոցելի խմբերը: Նրանց թվում նաև այն անձանց, որոնք ընտանեկան բռնության են ենթարկվել մինչ  արտակարգ իրավիճակով պայմանավորված տեղաշարժման սահմանափակումները ,  և շարունակում են  առերեսվել բռնարարների հետ մեկուսացած լինելու  պայմաններում:

 

 

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, անցած ամսվա ընթացքում Ֆրանսիայում ընտանեկան բռնության ահազանգերի թիվն ավելացել է 30 տոկոսով, Կիպրոսում և Սինգապուրում՝ 30  և 33 տոկոսով, Արգենտինայում՝ 25:   Հայտարարված կարանտինի առաջին երկու շաբաթների ընթացքում Մեծ Բրիտանիայում ընտանիքներում սպանվել է 10 կին: Իսկ Իտալիայում թեժ գծին կանանց հեռախոսազանգերի քանակը կրճատվել է միայն այն պատճառով, որ ավելացել են կարճ (SMS) հաղորդագրությունները: Իսպանիայում ևս ընտանեկան բռնության զոհերի համար մշակվել է գաղտնի SOS ազդանշան՝ դեղատներում հարկավոր է հարցնել «դիմակ 19-ը, որը կյանքեր է փրկում»: Այդ լսելուն պես դեղատան աշխատակիցը «առաքում իրականացնելու»  պատրվակով գրանցում է քաղաքացու հասցեն և անունը, որպեսզի փոխանցի  տվյալները ոստիկանությանը:

 

 

Ռուսաստանում ևս տուժած կանանցից ահազանգերի քանակն ավելացել է շուրջ 1.5 անգամ: Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ ապաստարանները համավարակի պայմաններում փակ են, չեն գործում կամ սահմանափակ են գործում նաև կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններն ու կենտրոնները: ՌԴ-ում, ինչպես և շատ երկրներում փորձ է արվում խնդիրը լուծել հեռահար, քանի որ  գործում են ոչ բոլոր ճգնաժամային տները, որտեղ կանայք թաքնվում էին ագրեսորից:

 

 

Կարանտինի օրերին ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրական տվյալների մասին  WomenNet.am-ի հարցմանն ի պատասխան   ՀՀ ոստիկանությունից պատասխանեցին, որ ակնկալվող տեղեկատվությունը  կտրամադրեն միայն 30 օրվա ընթացքում: Միաժամանակ  գերատեսչության պատասխանատուները պնդում են, որ  ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն այս օրերին աշխատում են 24-ժամյա ռեժիմով, պատրաստ են օգնել ու հասնել յուրաքանչյուր ընտանիքի։

 

 

Նույն հարցով  դիմեցինք Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար  Հասմիկ Գևորգյանին, ում տեղեկացմամբ իրենց  Կենտրոնի կողմից արձանագրված  ահազանգերի թիվն, ընդհանուր առմամբ,  աճել է: Այդպես, հունվարին ունեցել են 42 ահազանգ, փետրվարին 46 ահազանգ, մարտին թեև ունեցել են 86 զանգ, սակայն նրանցից  30-ը սոցիալական հարցերով՝ ինչպե՞ս գրանցվեն համակարգ, արդյոք շահառու են, թե ոչ և այլն: Ապրիլի 1-17-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են 42 զանգ, որից 19-ը դարձյալ եղել է սոցիալական հարցերի հետ կապված: Բայց այս թվերը, մասնագետի գնահատմամբ, ամբողջությամբ չեն կարող փոխանցել իրականությունը.

 

 

«Տարիների փորձից ելնելով մենք հասկանում ենք, որ սա իրական պատկերը չէ: Մեր այցելու կանանցից մեծ մասի հեռախոսահամարները իրենց ամուսինների անունով է, հեռախոսները վերահսկվում են և առկա սահմանափակումները հնարավորություն չեն տալիս, որպեսզի այդ կանայք կարողանան կապ հաստատել մեզ հետ: Ամբողջ օրը ամուսինը, երեխաները տանն են և եթե առաջ կանայք երեխային մանկապարտեզ, պոլիկլինիկա տանելու և այլ պատրվակով կարողանում էին կապ հաստատել կենտրոնի հետ, ապա այսօր այդ հնարավորությունից պարզապես զրկված են: Իսկ փակ տարածքներում բռնարարի հետ մնալը մեծացնում է բռնության ռիսկը: Նաև հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս պահին արտագնա աշխատանքի մեկնողները բոլորը տանն են. դարձյալ մեր փորձը ցույց է տալիս, որ բռնության դեպքերի աճ էին ունենում այն ամիսներին, երբ արտագնա աշխատանքից տղամարդիկ սեզոնին վերադառնում էին Հայաստան՝ հիմնականում ձմռանը: Այնպես որ  ընտանեկան բռնության իրական պատկերը այս ժամանակահատվածի համար կերևա միայն կարանտինից հետո»,- ասաց Գևորգյանը՝ նկատելով, որ ամբողջ աշխարհում պրակտիկան ցույց է տալիս, որ աղետների ու ճգնաժամերի ժամանակ բռնությունն աճում է, քանի որ սթրեսը հավելյալ գործոն է բռնարարների համար:

 

 

Բացի այս, լրացուցիչ ռիսկի գործոն են հանդիսանում տնտեսական ծանր պայմանները. կան կանայք, որոնք հեռացել են բռնարար ամուսիններից, սակայն այսօր, զրկվելով աշխատանքից, չունենալով օգնող ուղղակի պարտադրված են վերադառնալ նրանց մոտ երեխաներին բառիս բուն իմաստով սովից փրկելու համար: Իսկ որքա՜ն ժամանակ էր պահանջվել, որպեսզի այդ կանայք վերջապես դուրս գան բռնությունից ու հաղթահարեն այն. «Մենք իսկապես մտավախություն ունենք, որ նրանք այլընտրանք ուղղակի չեն ունենա, ու թեև մենք դեռ չունենք նման դեպք, փորձում ենք հնարավորինս աջակցել մեր շահառուներին, բայց, կարծում եմ, նման սցենարի  իրականացման մեծ հավանականություն կա»:

 

 

 

Հասմիկ Գևորգյանն ուշադրություն դարձրեց մի հանգամանքի վրա, որը վերաբերում է թեժ գծերի աշխատանքին: Նրա խոսքով, սոցիալական ցանցերում իրազեկման մակարդակը համեմատաբար բարվոք է, ինչը չես ասի հեռուստատեսության մասին, որտեղ  շատ քիչ կամ գրեթե չի հաղորդվում տեղեկատվություն այն մասին, թե ուր կարող է դիմել բռնության ենթարկված անձը:

 

 

Նա նաև հավելեց, որ  «Կանանց աջակցման կենտրոնը» այս օրերին  աշխատում է, քանի որ չի կարող լինել հակառակը՝ Հայաստանում երկու ապաստարաններն էլ այս կազմակերպության ներքո են աշխատում: Այս ընթացքում կացարան է ընդունվել երկու կին: Երկու դեպքում էլ շատ դժվարությամբ են հասել կենտրոն: Մեկը՝ շրջանից է եկել ոտքով, մյուսը՝ դեղատան աշխատողի միջոցով է կապվել կենտրոնի հետ: Ցավոք, պետությունը կարանտինի կազմակերպման հարցում մեզ չի աջակցել,  ուղղակի կենտրոնում  առանձնացրել ենք սենյակ, որտեղ նոր ընդունված կանայք 14-օրյա  կարանտին են  անցնում: 

 

 

Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ կենտրոնը գաղտնիությունը պահելով,  խորհրդատվություն է տրամադրում կանանց, այնպես որ ընտանեկան բռնության հետ կապված ցանկացած հարցի դեպքում կինը կարող է ահազանգել իրենց՝  099887808 թեժ գծի հեռախոսահամարով:

 

 

Կանանց աջակցման կենտրոնի թեժ գիծ՝

099887808

 

 

Նշենք, որ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի  տվյալներով՝   մարտին կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների թեժ գծերին ստացվել է բռնության վերաբերյալ 184 ահազանգ, այն դեպքում, երբ  փետրվարին այս թիվը մեկ երրորդով պակաս է եղել:

 

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմանդրամի գենդերային ծրագրերի պատասխնատու Լուսինե Սարգսյանի  խոսքով, ամբողջ աշխարհում այս ամիսներին ընտանեկան բռնության և, հատկապես, կանանց նկատմամբ բռնության աճ է գրանցվել, և այդ իմաստով Հայաստանը չի կարող բացառություն լինել: Ըստ նրա, մի շարք հասարակական կազմակերպություններ արդեն իսկ բաց աղբյուրներով ներկայացրել են, որ հանրապետությունում նման ահազանգերի աճ է նկատվում, բայց այստեղ ամեն ինչ շատ հարաբերական է.

 

 

«Այսօր, երբ ազատ տեղաշարժը սահմանափակված է, բռնության ենթարկված անձը նույն վայրում է գտնվում բռնարարի հետ: Սա, հասկանալի է, բավականին բարդացնում է ահազանգելու հնարավորությունը: Մենք հասկանում ենք, որ այսօր հնարավոր է ահազանգել սոցիալական ցանցերի միջոցով, կամ կարճ հաղորդագրություններով, բայց հասկանում ենք նաև, որ դա շատ վտանգավոր է և հենց այդ պատճառով շատ դեպքերում դառնում անհնար: Եվ նույնիսկ եթե մենք այսօր ասում ենք, որ այսքան տոկոսով ահազանգերն ավելացել են, ակնհայտ է, որ իրական տոկոսն ավելի բարձր է»,- ասաց նա:

 

 

Խնդիրը նրանում է, որ կանայք ահազանգում էին աշխատանքի գնալուց, երեխային մանկապարտեզ տանելուց կամ այն ժամանակ, երբ բռնարարը տանը չէ, իսկ հիմա՝ կարանտինի պայմաններում, բոլոր այդ հանգամանքները վերացել են: Ինչ վերաբերում է միջազգային փորձին, որտեղ կիրառվում են հատուկ կոդավորված արտահայտություններ, մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ պրակտիկան կարո՞ղ է գործել Հայաստանում:

 

 

 

 

«Այս պահին ցանկացած քայլ, որը կօգնի ապահով ահազանգմանը շատ դրական կարող է լինել, այդ իսկ պատճառով նաև իրազեկման հարց է առաջանում: Այո, շատ մարդիկ ուղղակի չգիտեն, թե ուր կարող են զանգահարել աջակցություն ստանալու կամ իրավունքների մասին տեղեկանալու համար: Օրինակ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ իրազեկող տեսանյութեր ենք տարածում, որով տեղեկացնում ենք ՄԻՊ թեժ գծերի մասին: Տեղեկացնում ենք, որ դրանք աշխատում են 24 ժամ, շաբաթը 7 օր ռեժիմով: Մենք  նաև աջակցել ենք ապաստարանին՝ տրամադրելով հիգիենիկ պարագաներ, որպեսզի կարողանան բռնության ենթարկված անձանց  ընդունեն և չվախենան, որ այդ անձը կարող է կորոնավիրուսի վարակակիր լինել: Մենք աջակցում ենք, որպեսզի ապաստարանը, եթե նոր դեպքի ահազանգ է ստացել, կարողանա ընդունել նրան: Այնպես որ այսօր ցանկացած քայլ և միջոց, որ ուղղված է իրազեկվածության բարձրացմանը, ողջունելի է  և դրական հետևանք է ունենալու »,- եզրափակեց նա:

 

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

COVID-19 . Երեխաների հանդեպ բռնությունը թաքնված ճգնաժամի է վերածվում

 

Ընտանեկան բռնությունը մեկուսացման պայմաններում. իրավիճակը Հայաստանում և այլ երկրներում

 

Ինչպե՞ս ստանալ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ընտանիքում բռնության խնդիրներով

 

Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը՝ կորոնովիրուսի օրերին

 

Կանայք և COVID-19. հինգ  քայլեր, որոնք այժմ կարող են անել կառավարությունները

 

COVID-19. «Համավարակի աճին զուգահեռ կանայք և աղջիկները բախվում են ավելի մեծ ռիսկերի»

 

Դիտումների քանակը` 530

Վերադառնալ վերև