Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«ԱՐԱԳԻԼ»-ն է մայրության բերկրանքը պարգևում

Աշխարհում շուրջ 48,5  զույգ  տառապում են  անպտղությամբ,  նրանցից 19,5 մլն  դժվարություններ ունեն առաջնեկ ունենալու հարցում:  1978թ-ին արտամարմնային  բեղմնավորման  (ԱՄԲ) շնորհիվ աշխարհում ծնված առաջին երեխայի`  Լուիզա Բրաունի ծնունդը հանդիսացավ կարևոր և լուրջ ձեռքբերում անպտղության բուժման համար:  Այսօրվա դրությամբ  այդ   մեթոդով ծնված երեխաների թիվը ամբողջ աշխարհում հասնում է 4 մլն-ի:  

 

Կարինա  Մայսուրաձեն առաջին կին էր Հայաստանում, ով տաս տարի առաջ եռյակ բալիկներին լույս աշխարհ բերեց արտամարմնային բեղմանավորման միջոցով: Եռյակները ծնվեցին նրա ամուսնության 12 –րդ տարում:  Կարինեի  մայրը  WomenNet.-ի հետ զրուցում պատմեց, որ մի տոկոսի էլ հույս չունեին , որ իր աղջիկը բարդ վիրահատությունից  հետո երեխա կունենա, սակայն  այդ հրաշքը իրենց ընտանիքին պարգևեց բժիշկ Օկոևը և ի պատիվ իրեն թոռնիկներից մեկին  անվանակոչեցին  Գեորգի, մյուս երկուսը աղջիկներ են՝ Աննան ու Նանան:

 

« Անցել է տասը տարի: Կրկին այստեղ ենք: Շնորհակալ ենք հրավերի համար», – ասաց Կարինեն, ով  ապրում է Վրաստանում և Հայաստան էր  եկել ՝ Երևանում երեկ  կազմակերպված «Արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրները»  միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով:

 

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը ներկայացնելով  Հայաստանում արտամարմնային բեղմանվորման եղանակի ներդրման պատմությունը, ասաց.  «Տասը տարի առաջ ծնվեցին մեր առաջին երեխաները, որոնք լույս աշխարհ եկան արտամարմնային բեղմնավորման շնորհիվ: Այս տարի մենք նշում ենք ևս մեկ տոն. մեկ տարի առաջ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո գործող   «ԱՐԱԳԻԼ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի շնորհիվ  լույս աշխարհ եկան ևս մի քանի փոքրիկներ»,- ասաց Գեորգի Օկոևը` հպարտությամբ նշելով, որ արտամարմնային բեղմանվորումը   Հայաստանում այսօր իրականացվում է  ամենաբարձր ստանդարտներով, որոնք գործում են զարգացած երկրներում:

 

«Անցած տարվանից այդ մեթոդին դիմող ընտանիքների կտրուկ աճ ենք զգում: «Արագիլ» հիմնադրամը բազմաթիվ ընտանիքների հնարավորություն տվեց երեխաներ ունենալ»,- ընդգծեց պրոֆեսորը:

 

Ըստ վիճակագրության` Հայաստանում ամեն վեցերորդ զույգն ունի  անպտղություն. դրանով տառապում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Այդուհանդերձ, ըստ մասնագետների, անպտղությունը դատավճիռ չէ և գոյություն ունեն բուժման տարբեր եղանակներ, այդ թվում    արտամարմնային բեղմնավորումն ու ներարգանդային սերմնավորումը:  Սակայն այս մեթոդները Հայաստանում շատ քիչ զույգերի են հասանելի, քանի որ բավականին թանկ արժեն: Օրինակ` մեկ արտամարմնային բեղմնավորման փորձի արժեքը` 4-6 հազար դոլար է: Հաշվի առնելով այս հանգամանքը  առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ  2011-ին  ստեղծվեց  «ԱՐԱԳԻԼ»  վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը, որը արտամարմնային բեղմնավորման  միջոցով երեխա ունենալու հնարավորություն է տալիս  համապատասխան միջոցներ չունեցող  ընտանիքներին:   «Մենք փորձում ենք օգնել այն մարդկանց, ում երեխա ունենալու ցանկությունն իրոք  անսահման է, սակայն նրանք  չեն կարող դիմել թանկարժեք բուժման», –  այս առաքելությամբ է հանդես գալիս  «ԱՐԱԳԻԼ»-ը:

 

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարինե Թոխունցն  ասաց,որ հիմնադրամին կարող են դիմել այն զույգերը, որոնց միասնական եկամուտը ամսական 200 հազար դրամը չի գերազանցում: Զույգերի ներկայացած փաստաթղթերը ստուգվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որից հետո հիմնադրամի կողմից զույգերը ուղեգրվում են 4 վերարտադրողական կենտրոններից մեկը:

 

«Մենք այսօր հպարտությամբ պետք է ներկայացնենք մեր արդյունքները: Կատարված է արդեն արտամարմնային բեղմնավորման 140 ցիկլ, որոնց արդյունքում ծնվել է 28 երեխա և տվյալ պահին զարգացող 55 հղիություն կա: Արդյունքները լավն են»,ասում է Կարինե  Թոխունցը:

 

Նա նաև հայտնեց, որ «Արագիլ» հիմնադրամն արդեն հերթագրում է երկրորդ փուլը, մարդիկ կարող են դիմել: Հիշեցնելով , որ դիմողներն անպայման պետք է բժշկից ուղեգիր ունենան:

 

Նշենք նաև, որ  Հայաստանում   օրենսդրորեն ամրագրված է նաև  փոխնակ մայրության ինստիտուտը: Դեռ  2002 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով   առաջին անգամ տրվեց    փոխնակ մայրության սահմանումը: Սակայն այդ ժամանակ տեխնոլոգիաները այսքան  զարգացած չէին, հետևաբար զարգացումը շատ ավելի ուշ է սկսվել:  Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը  WomenNet-ի հետ զրույցում նշեց, որ փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության: Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նաև վերարտադրողական տարիքի այն կանայք, ովքեր ցանկանում են կրել հարազատների կողմից տրամադրված սաղմով հղիությունը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կինը կարող է փոխնակ մայր լինել ամուսնու համաձայնությամբ:

 

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Առուստամյանը  պատմեց, որ  առաջին անգամ իրենց կենտրոնում այս եղանակն օգտագործվել է, երբ կինը բնածին արգանդ չի ունեցել , սակայն կային ձվարանները: Ստացված Էմբրիոնները տեղադրվել են ամուսնու բարեկամուհու արգանդի մեջ և հաջողությամբ ծնվել են  զույգ աղջիկներ:

 

«Հիմա շատ կանայք ովքեր ունեն այդ հնարավորությունը ու կարող են այս ճանապարհով ունենալ իրենց երեխան բնականաբար դիմում են այդ միջոցին: Եվ  շատ հաճախ զույգերն իրենք են բերում իրենց փոխնակ մայրերիին», – ասում է  Կարինե Առուստամյանը:

 

Ի դեպ մեր երկրում փոխնակ մայրը ստանում է ֆինանսական փոխհատուցում, սակայն այս օրենքը միանշանակ չէ աշխարհի տարբեր երկրներում` ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրիայում փոխնակ մայրերին ֆինանսական փոխհատուցումն արգելված է:

Արմինե Գևորգյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի կոչը

 

Ռիտա Սարգսյան. «Թող այս ծրագիրը այն արագիլը դառնա, որը երեխաների ուրախ ճիչերով կերջանկացնի մեր ընտանիքները…»

 

«Փոխնակ մայրությունը պետք է դիտարկել որպես մարդասիրական քայլ»…

 

Դիտումների քանակը` 5251

Վերադառնալ վերև