Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Մեզնից որևէ մեկը չի ասում՝ սա իմ գործը չէ»․ Արցախում վերաբնակեցված ընտանիքի երջանկության մոդելը

Ալվարովների ընտանիքը բնակվում է Քարվաճառի ամենաբարձրադիր գյուղում՝ Ծարում։ Այստեղ ընդամենը մեկ տասնյակ ընտանիք է ապրում, որոնք վերաբնակեցվել են գյուղում պատերազմին հաջորդած տարիներին։ Արմենն ու Սվետլանան Ծար են եկել 2010 թվականից, երբ նրանց դուստրը հազիվ 3 ամսական էր։ Բարձրադիր դիրքի պատճառով գյուղն այնքան մեկուսացած է աշխարհից, որ ընտանիքի համար պարզապես ուրախություն է հյուր ընդունել և զրույցի բռնվել նրա հետ։ Զրույցի բուն թեմային զգուշությամբ եմ մոտենում, քանի որ այն ներընտանեկան է, և զրուցակիցներս գուցե չցանկանան «բացվել»։ Սակայն ի զարմանս ինձ, Արմենն ու Սվետլանան շատ ազատորեն արտահայտում են իրենց կարծիքն ու պատասխանում  իրենց ընտանիքին վերաբերող հարցերին։

 

 

…Արմենն ու ազգությամբ ռուս Սվետլանան ծանոթացել են Մոսկվայում, ամուսնությունից հետո տեղափոխվել են Արցախ։ Գյուղում ապրելու գաղափարը Արմենինն էր, սակայն առանց կնոջ համաձայնության նա չէր կարող նման որոշում կայացնել։ «Անհնար կլիներ մարդուն ստիպել, որ գա ու ապրի այսքան հեռու գյուղում։ Մենք միասին ենք կայացրել այդ որոշումը»,- ասում է Արմենը։

 

 

Սվետլանան գյուղի դպրոցում դասավանդում է 4 առարկա՝ ռուսերեն, անգլերեն, տեխնոլոգիա և կերպարվեստ։ Դպրոցում ուսուցչուհի, տանը՝ հովիվ․ նա գյուղի միակ կինն է, ով դաշտերում զբոսնում է այծերի ու ոչխարների հետ՝ այդ ընթացքում գործելով տաք գուլպաներ ընտանիքի համար։ «Ես այստեղ ամեն ինչ սովորել եմ, չկա մի բան, որ ես չկարողանամ անել։ Տնտեսության հետ կապված որոշ բաներ ես ավելի լավ եմ տիրապետում, քան Արմենը, դրա համար էլ բնական է, որ կարող եմ ես ինքս որոշումներ կայացնել։ Իսկ եթե կան բաներ, որ Արմենն է ավելի լավ տիրապետում, ես կհամաձայնեմ իր հետ»,- ասում է Սվետլանան։

Նա Արմենի երկրորդ կինն է։ Առաջին ամուսնության դասերը օգնում են տղամարդուն, որպեսզի չկրկնի նույն սխալները։ Արմենն անկեղծորեն նշում է, որ երիտասարդ տարիքում բազմաթիվ սխալներ է գործել և միայն երկրորդ ամուսնությունից հետո է կարողացել ընտանեկան համերաշխության հասնել․ «Նախորդ ընտանիքում կինս փորձում էր իր վրա վերցնել որոշումների կայացման պատասխանատվությունը, իսկ ես քանի որ անտարբեր էի դարձել, թույլ էի տալիս նրան անել դա։ Իսկ հիմա ուրիշ է․․․ Ամեն ինչի շուրջ խորհրդակցում ենք, միասին ենք որոշումներն ընդունում»,- նշում է Արմենը։

 

 

Տան սնունդը հիմնականում Սվետլանան է պատրաստում, իսկ ափսեները հաճախ Արմենն է լվանում, անգամ երբ գյուղի այլ տղամարդիկ են տանը լինում․ այս ընտանիքում կենցաղային հոգսերն արդար բաժանելը բնական է։ «Եթե պետք է իրար օգնել, մեզնից որևէ մեկը չի ծուլանում կամ չի ասում, թե սա իմ գործը չէ։ Սա բնական օրգանիզմ է, եթե որևէ մեկը թուլանա, ընդհանուր օրգանիզմը չի զարգանա»,- ասում է Սվետլանան։

 

 

Արմենը մասնագիտությամբ ֆրանսերենի թարգմանիչ է, սակայն Ծարում իր լեզվական գիտելիքները չի կիրառում, փոխարենը փորձում է զարգացնել ոչխարաբուծությունը։ Ընտանիքը բիզնես ծրագիր ունի, որն իրագործելու համար ֆինանսական ներդում է անհրաժեշտ։ Սվետլանան ցանկանում է հանդիպել շրջանի ղեկավարին, որպեսզի պատմի իր գաղափարի մասին․ «Այս գյուղը կարելի էր դարձնել ոչխարաբուծական կենտրոն, իսկ Քարվաճառ քաղաքում բացել ոչխարի բրդի արտադրամասեր, ուսումնական կենտրոններ, որտեղ երիտասարդները կսովորեին բրդով գործել, տարբեր իրեր պատրաստել։ Մարդկանց զբաղվածության հարցն էլ կլուծվեր»։

 

Ընտանիքի միակ փոքրիկը՝ 6-ամյա Անյան, այս տարի առաջին դասարան է գնացել, սակայն հայերեն դեռ չի կարողանում խոսել։ Լեզվի չիմացությունը խանգարում է Անյային շփվել հասակակիցների հետ, սակայն նա գյուղում բազմաթիվ ընկերներ ունի՝ շները, կատուները, այծերը։ Փոքրիկն արդեն օգնում է ծնողներին կենցաղային հարցերում, օրինակ, երբ պետք է ոչխարներին քշել գոմ կամ նորածիններին առանձնացնել մյուս կենդանիներից։ «Մեր աղջիկը դեռևս միայն կենդանիների հետ է ընկերություն անում, բայց դպրոցում աստիճանաբար կսովորի հայերեն ու կսկսի շփվել մյուսների հետ»,- ասում է մայրը։

 

 

Արմենն ու Սվետլանան որպես ընտանիքի կայունության երաշխիք նշում են սերը․ եթե սիրում ես, ապա չես կարող չհարգել և հոգատար չլինել։ «Ամեն ինչ պետք է սիրով անես, անգամ ոչխար պահելը, եթե չսիրեցիր կենդանիներին, քեզ մոտ պարզապես չի ստացվի։ Նույնը ընտանիքում է, եթե սիրում ես, ամեն ինչ պատրաստ ես անել ընտանիքիդ համար, և այստեղ անհամաձայնությունները, վեճերը վերանում են, իսկ որոշումները կայացվում են փոոխհամաձայնությամբ»,- ասում է Արմենը։

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 470

Վերադառնալ վերև